Մատչելիության հղումներ

Կիպրոսը կշարունակի արգելափակել Թուրքիայի մուտքը ԵՄ


Կիպրոսի նախագահ Նիկոս Անաստասիադեսը երեկ Նիկոսիայում կայացած ասուլիսի ժամանակ
Կիպրոսի նախագահ Նիկոս Անաստասիադեսը երեկ Նիկոսիայում կայացած ասուլիսի ժամանակ

Պաշտոնական Նիկոսիայի մոտեցումը թուրքական հարցում հստակ է, ընդգծում է Կիպրոսի նախագահը:

Կիպրոսը կշարունակի արգելափակել Թուրքիայի մուտքը Եվրամիություն, քանի դեռ Անկարան չի ճանաչել կղզու օրինական իշխանություններին: Այս մասին երեկ Նիկոսիայում Եվրամիության խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկի հետ բանակցությունների ավարտին հայտարարեց Կիպրոսի Հանրապետության նախագահ Նիկոս Անաստասիադեսը` հատուկ ընդգծելով, որ Բրյուսելում ըմբռնումով են մոտենում իր կառավարության որդեգրած կոշտ դիրքորոշմանը:

«Նախևառաջ ես ցանկանում են իմ երախտագիտությունը հայտնել Եվրոպական խորհրդի նախագահ Տուսկին այն անկողմնակալ դիրքորոշման համար, որ նա որդեգրել է այս ողջ ընթացքում: Այսօրվա բանակցությունների ժամանակ ես մեկ անգամ ևս պարոն Տուսկին փոխանցեցի պաշտոնական Նիկոսիայի հստակ մոտեցումը թուրքական հարցում: Կիպրոսի Հանրապետությունը չի պատրաստվում իր հավանությունը տալ Թուրքիայի հետ նոր ոլորտների շուրջ բանակցությունների մեկնարկին, քանի դեռ Անկարան չի կատարել շրջանակային համաձայնագրով ստանձնած իր իսկ պարտավորությունները», - հայտարարում էր Նիկոս Անաստասիադեսը:

Խոսքը 2005 թվականին Բրյուսելի և Անկարայի միջև կնքված համաձայնագրի մասին է, ըստ որի՝ Եվրամիության հետ անդամակցության շուրջ պաշտոնական բանակցությունների մեկնարկի դիմաց Թուրքիան պարտավորվում էր ճանաչել Կիպրոսի հունական հատվածի իշխանություններին, ինչպես նաև բացել իր նավահանգիստները Կիպրոսում գրանցված նավերի համար: 2009-ին, երբ պարզ դարձավ, որ Անկարան այս քայլերից և ոչ մեկը կատարել չի պատրաստվում, Կիպրոսի կառավարությունը, օգտվելով Եվրամիության լիիրավ անդամի իր կարգավիճակից, սառեցրեց բանակցությունները Անկարայի հետ: Այսօր, սակայն, Եվրամիության և Թուրքիայի միջև լայնամաշտաբ բանակցությունների մեկնարկը Անկարայի ներկայացրած այն պահանջներից մեկն է, որի դիմաց թուրքական իշխանությունները պատրաստ են լուրջ քայլեր ձեռնարկել` իրենց տարածքով ներգաղթյալների հոսքը դեպի Եվրոպա սահմանափակելու դիմաց:

Հենց դա է պատճառը, որ, ըստ Կիպրոսի նախագահի, արդեն մի քանի ամիս է, ինչ Եվրամիությունը դիվանագիտական ճնշում է գործադրում Նիկոսիայի հանդեպ` փորձելով ստիպել կղզու իշխանություններին չխոչընդոտել Թուրքիայի հետ բանակցությունների վերսկսումը: Այս մասին Նիկոս Անաստասիադեսը հայտարարեց անցած շաբաթավերջին տված հեռուստատեսային հարցազրույցում:

«Կիպրոսի և Թուրքիայի միջև ստեղծված այս կացության պատճառով այսօր մեր երկիրը Եվրամիության հուժկու ճնշման տակ է: Բայց ինձ երբեք չեն կարող ուժով որևէ բան ստիպել, քանի որ դրանից հետո ես պարզապես չեմ պատկերացնում, թե ինչպես պետք է Բրյուսելից տուն վերադառնամ», - հայտարարում էր Կիպրոսի նախագահը:

Դոնալդ Տուսկը, ի դեպ, այսօր Անկարայի և Նիկոսիայի միջև առանցքային միջնորդի դեր է ստանձնել: Նիկոս Անաստասիադեսի հետ բանակցությունների ավարտին Եվրամիության խորհրդի ղեկավարը մեկնեց Անկարա: Դրանից առաջ, սակայն, Տուսկը հարկ համարեց հատուկ ընդգծել․ - «Կիպրոսը Եվրամիության լիիրավ անդամ է: Որևէ երրորդ երկիր մեզ համար չի կարող ավելի կարևոր լինել, քան Եվրամիության 28 անդամ պետություններից որևէ մեկը»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG