Մատչելիության հղումներ

Երկու օր առաջ Սարի Թաղի դպրոցներից մեկի հարևանությամբ տասնյակ երիտասարդների մասնակցությամբ տեղի ունեցած ծեծկռտուքի ժամանակ սպանված 17-ամյա Արմեն Բաղդասարյանին այսօր հողին հանձնեցին: Նույն օրը հիվանդանոց տեղափոխված 5 երիտասարդներից 3-ը դուրս են գրվել, դանակի հարվածներ ստացած երկու երիտասարդներ էլ վիրահատվել են և դեռ գտնվում են հիվանդանոցում: Քննչական կոմիտեում քրեական գործ է հարուցվել միանգամից 3 հոդվածով: Ծեծկռտուքի մասնակիցներից երկուսը՝ Պետրոսյան եղբայրները ձերբակալվել են: Դեպքից 3 օր է անցել, սակայն պատճառը դեռ հայտնի չէ: Սարի Թաղում նույնպես առանձնապես պերճախոս չեն, հատկապես՝ տեսախցիկ տեսնելիս:

Տուժած 18-ամյա Սերգեյ Օսիպովին հանդիպեցինք հիվանդանոցում, հրաժարվեց մեր հարցերին պատասխանել, փոխարենը նրա տատը պատմեց, թե թոռը կռվարար չէ, ընկերներն են զանգել, դուրս հրավիրել:

«Հետո եկանք հիվանդանոց՝ տեսանք՝ վիճակը վատ ա: Ինքը ասում ա՝ կռիվը կանգնած նայում էի, մեկ էլ տեսա՝ իմ վրա էլ հասան: Ասում ա՝ ես չգիտեի իսկի՝ ով են, ինչ են», - պատմեց տատը:

Բժիշկները չեն շտապում ասել, թե դանակի հարվածներ ստացած երիտասարդները երբ դուրս կգրվեն․ - «Այս պահին «Էրեբունի» բժշկական կենտրոնում կա երկու հիվանդ: Մեկը գտնվում է ընդհանուր և լապարոսկոպիկ վիրաբուժական բաժանմունքում՝ միջին ծանրության վիճակով, մյուս հիվանդը գնվում է ընդհանուր և կրծքային վիրաբուժական բաժանմունքում, որովհետև այնտեղ վնասված է եղել կրծքավանդակը, թոքերի հետ ա կապված վնասվածքը»:

ԵՊՀ գիտաշխատող, վերլուծաբան Վահրամ Միրաքյանը զուգահեռներ է տանում երիտասարդական այս ագրեսիայի ու բռնության տեսարաններով հարուստ հայկական հեռուստասերիալների միջև: Դեռ մի քանի տարի առաջ կատարած ուսումնասիրության արդյունքում պարզել է՝ 2005-ի համեմատ՝ 2010-ին երիտասարդների շրջանում հանցագործությունների թիվը աճել է, պատճառներից մեկն, ըստ նրա, նաև թաղային հեղինակությունների հերոսացումն է էկրաններից:

«Ագրեսիան ու գողական ենթամշակույթը ներկայացվում է որպես խնդիրներ լուծելու ճանապարհ, ու քանի որ մարդիկ տեսնում են, որ կարելի է գոռալ, կարելի է մուննաթ գալ, հարվածել և դրա միջոցով շատ խնդիրներ լուծել», - նշում է վերլուծաբանը:

Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանն էլ հավելում է՝ սերիալներից բացի թաղային հեղինակությունները հարց լուծող են նաև Ազգային ժողովում ու տարածքներում՝ հատկապես ընտրությունների ժամանակ:

«Մենք տեսնում ենք՝ ինչպես է Թոխմախի Մհերը Ազգային ժողովում․․․ թե ինչքան ազատորեն են այդ կրիմինալ հեղինակությունները իրենց պահում, ուզում են՝ հայհոյում են, ուզում են՝ ծեծում են: Այս թողտվությունը, անպատժելիությունը, որը առկա է մեր երկրում, միշտ ունենալու է այսպիսի ծանր հետևանքներ», - ասում է Ալեքսանյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG