Մատչելիության հղումներ

Ալիևը երախտագիտություն է հայտնել Թուրքիային՝ ԼՂ հարցում Ադրբեջանի կողքին լինելու համար


Ադրբեջանի և Թուրքիայի նախագահները ողջագուրվում են, Անկարա, 15-ը մարտի, 2016թ․

Ադրբեջանի և Թուրքիայի նախագահները ողջագուրվում են, Անկարա, 15-ը մարտի, 2016թ․

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը պաշտոնական այցով Թուրքիայում է: Ըստ նախնական պայմանավորվածության՝ այսօր Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը պետք է լիներ Բաքվում, սակայն կիրակի երեկոյան Անկարայում տեղի ունեցած ահաբեկչության պատճառով որոշվեց Թուրքիա-Ադրբեջան բարձր մակարդակով ռազմավարական համագործակցության 5-րդ նիստը անցկացնել Թուրքիայի մայրաքաղաքում:

«Անադոլու» գործակալության հաղորդմամբ, այսօր առավոտյան նախագահ Էրդողանը ադրբեջանցի գործընկերոջը դիմավորել է Անկարայի նախագահական պալատում: Մի շարք նախարարների և բարձրաստիճան պաշտոնյաների մասնակցությամբ պաշտոնական արարողությունից հետո նախագահները առանձնազրույց են ունեցել, ապա մասնակցել երկկողմ համագործակցության նիստին, որի գլխավոր թեման Տրանսանատոլիական գազատարի նախագիծն (TANAP) է դարձել:

Նիստից հետո համատեղ ասուլիսում Թուրքիայի նախագահը ևս մեկ անգամ դատապարտել է Անկարայի ահաբեկչությունը՝ ընդգծելով՝ ահաբեկիչները չեն հասնելու իրենց նպատակին և երբեք չեն կարողանալու ծնկի բերել Թուրքիային, ընդհակառակը, իրենք են ծնկի գալու: Էրդողանը շնորհակալություն է հայտնել պաշտոնական Բաքվին ցուցաբերած աջակցության համար և հայտարարել, որ եղբայրական Ադրբեջանը Թուրքիայի սև օրվա բարեկամն է:

Նախագահ Ալիևը իր հերթին հայտարարել է, որ Թուրքիան և Ադրբեջանը այսօր աշխարհում ամենամտերիմ երկրներն են: Նա նշել է, որ Թուրքիան Էրդողանի կառավարության շրջանում մեծ զարգացում է ապրել, ինչը ամենից շատ Ադրբեջանին է ուրախացնում: Ալիևը հատուկ երախտագիտություն է հայտնել Թուրքիային Լեռնային Ղարաբաղի հարցում մշտապես Ադրբեջանի կողքին լինելու համար:

Թուրքիա-Ադրբեջան բարձր մակարդակով ռազմավարական համագործակցության 5-րդ նիստի արդյունքում երկու երկրների միջև վեց համաձայնագիր է ստորագրվել հիմնականում էներգետիկայի, տրանսպորտի և ռազմական ոլորտներում համագործակցության շուրջ: Թուրքական մամուլը Ալիևի այցը բարեկամական ժեստ է որակել՝ հիշեցնելով, որ Էրդողանի այցը Ադրբեջան հետաձգվում է արդեն երկրորդ անգամ՝ ահաբեկչական հարձակումների պատճառով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG