Մատչելիության հղումներ

Հայ դատի հանձնախումբը ողջունում է Կոնգրեսի թիվ 75 բանաձևի ընդունումը


Ամերիկայի Հայ դատի գործադիր տնօրեն Արամ Համբարյան
Ամերիկայի Հայ դատի գործադիր տնօրեն Արամ Համբարյան

Ներկայացուցիչների տունը «ցեղասպանություն» է որակում ԻՊ-ի գործողությունները:

Ամերիկայի Միացյալ Նահանգների Ներկայացուցիչների տունը 393 կողմ, 0 դեմ քվեների հարաբերակցությամբ ընդունել է թիվ 75 բանաձևը, որով «ցեղասպանություն» է անվանել Մերձավոր Արևելքում քրիստոնյաների, այդ թվում հայերի և ասորիների, ինչպես նաև եզդիների և կրոնական այլ փոքրամասնությունների նկատմամբ «Իսլամական պետություն» անվամբ ահաբեկչական կազմակերպության վարած քաղաքականությունը։

«Ամերիկայի հայությունը ողջունում է Ներկայացուցիչների տան ընդունած բանաձևը, որը ցեղասպանական գործելակերպին, այդ թվում դաշնակից Անկարայի արարքներին վերջ տալու հարցում Ամերիկայի առաջնորդության հզոր վկայությունն է»,- ասել է Ամերիկայի Հայ դատի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը։

«Առավել լայն առումով դա նշանակալից քայլ է ցեղասպանության վերաբերյալ Ամերիկայի արձագանքը քաղաքական ընտրությունից բարոյական պահանջի հասցնելու ուղղությամբ»,- ավելացրել է պարոն Համբարյանը։

«Շատ երկար ժամանակ Ամերիկայի ղեկավարները ցեղասպանությունը, մասնավորապես՝ Հայոց ցեղասպանությունը, կիրառել են որպես աշխարհաքաղաքական ապրանք, որը կարելի է փոխանակել կամ որի շուրջ հնարավոր է սակարկել, մենք` ամերիկահայերս, կարող ենք հպարտ լինել Կոնգրեսի թիվ 75 բանաձևի ընդունմանը նպաստելու ջանքերի համար և առաջ տանել բանաձևի հիմնարար սկզբունքը, այն, որ Ամերիկայի դիրքորոշումը ցեղասպանության դեմ պայքարում պետք է զերծ լինի նախապայմաններից»,- նաև ասել է Համբարյանը։

Վաշինգտոնից ստացված հաղորդագրության համաձայն, թիվ 75 բանաձևը ներկայացրել են Մերձավոր Արևելքում կրոնական փոքրամասնությունների հարցերով խմբի համանախագահներ հանրապետական Ջեֆ Ֆորթենբերրին և դեմոկրատ Աննա Էշուն։

Տիկին Էշուն իր ուղերձում խոսել է նաև իր հայկական և ասորական արմատների մասին՝ ընդգծելով Կոնգրեսում Հայոց ցեղասպանության ճանաչումը վերահաստատելու կարևորությունը։

Մինչև մարտի 17-ը նախագահ Բարաք Օբամայի վարչակազմը պետք է պաշտոնական դիրքորոշում հայտնի Մերձավոր Արևելքում կրոնական փոքրամասնությունների նկատմամբ «Իսլամական պետության» վարած հանցագործ քաղաքականության վերաբերյալ։

Սպիտակ տունը հայտնվել է հետզհետե հզորացող ճնշման տակ, որը գործադրում են Ամերիկայի հոգևոր առաջնորդները և իրավապաշտպանները, ովքեր պահանջում են Սիրիայում և Իրաքում քրիստոնյաների վրա հարձակումներն անվանել «ցեղասպանություն»։

Այդ արշավն առաջ են տանում «Կոլումբոսի ասպետներ», «Քրիստոնյաների պաշտպաններ», «Կրոնական ազատության միջազգային կլոր սեղան» խմբավորումները, Հայաստանյայց Առաքելական եկեղեցին, Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը և հարյուրից ավելի այլ կազմակերպություններ։

Պարզաբանումների համար դիմեցինք Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի խոսնակ Էլիզաբեթ Չուլջյանին։ Նրա կարծիքով, այս պահին Օբամայի վարչակազմի վրա իրապես մեծ ճնշում է գործադրվում։

«Կարևոր է, որ երբ ցեղասպանություն է՝ հայերի, թե հիմա Միջին Արևելքում տեղի ունեցող ցեղասպանությունը, դա չպետք է դառնա քաղաքական խնդիր, ցեղասպանությունը պետք է ճիշտ ձևով նկարագրվի` որպես ցեղասպանություն, այլ ոչ թե վերածվի «քաղաքական ֆուտբոլի», երբ տարբեր բառեր են օգտագործվում։ Նախագահ Օբաման պետք է մինչև մարտի 17-ը իր բնութագրումը հրապարակի, ակնկալում ենք, որ նա կիրառելու է «ցեղասպանություն» եզրույթը։ Ներկայացուցիչների տան այս միաձայն որոշումը հստակ ուղերձ է Օբամային առ այն, թե ինչպես որակել տեղի ունեցող իրադարձությունները»,- ասաց Չուլջյանը։

Հնարավո՞ր է, որ Մերձավոր Արևելքում կրոնական փոքրամասնությունների նկատմամբ «Իսլամական պետության» գործողությունները «ցեղասպանություն» որակելու դեպքում ԱՄՆ-ի ներկայիս կամ հաջորդ նախագահը բանաձևն օգտագործեն առավել ծավալուն միջազգային գործողության համար։ «Պատմությունը վկայում է, որ երբ այս տեսակի աղետները կոչվում են «ցեղասպանություն», միջազգային համայնքը, այդ թվում՝ ԱՄՆ-ը, անցնում են ավելի գործնական աշխատանքի։ Եվ հենց այդ տեսակետից կարևոր է, որ նախագահը ճիշտ դիրքորոշում դրսևորի մարտի 17-ին։ Ով էլ լինի հաջորդ նախագահը, այդ բնութագրումը պահպանվելու է»,- ասաց Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի մամլո խոսնակը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG