Մատչելիության հղումներ

logo-print

Սեքսուալ սկանդալը Վրաստանում թափ է հավաքում


Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլի, արխիվ

Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլի, արխիվ

Այս գործով առաջին ձերբակալություններն են իրականացվել:

Սեքսը Վրաստանի քաղաքական ասպարեզում: Այսպես կարելի է բնութագրել վերջին օրերին Թբիլիսիում քննարկվող ամենաաղմկալի թեման:

Վրացական էլիտայի ինտիմ հարաբերությունների հարցը հրատապ դարձավ այն բանից հետո, երբ անհայտ անձինք մի քանի օր առաջ YouTube-ում զետեղեցին նախկին արտգործնախարար, ընդդիմադիր «Ազատ դեմոկրատներ» կուսակցության ղեկավար անդամ Մայա Փանջիկիձեին պատկերող անձնական բնույթի տեսանյութ, որին կից հայտարարության մեջ էլ հիշատակում էին ևս մի քանի հայտնի քաղաքական գործիչների ու լրագրողների: Վերջիններից տեսանյութի հեղինակները պահանջում էին դադարեցնել գործունեությունը և լքել Վրաստանի տարածքը` հակառակ պարագայում սպառնալով համացանցում տեղադրել նրանց պատկերող համապատասխան տեսագրությունները ևս:

Ծագած սկանդալին առաջիններից մեկն արձագանքեց Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին: «Որևէ մեկը մեզ չի ստիպի հրաժարվել սեքսով զբաղվելու պրակտիկայից», - այսպես կարելի է բնութագրել Վրաստանի ղեկավարի 4-րոպեանոց զգացմունքային ելույթի առանցքային ուղերձը:

«Ես ինքս սեքսուալ կյանք ունեմ, բավական հարուստ սեքսուալ կյանք, և շարունակելու եմ ունենալ: Սեռական հարաբերությունների, սեքսի մեջ որևէ ամոթալի բան գոյություն չունի: Ես դիմում եմ այն մարդկանց, ովքեր փորձում են շանտաժի ենթարկել երկիրն ու դրա բնակչությանը: Մենք կհայտնաբերենք ձեզ, և դուք չեք կարողանա այլևս ահաբեկել մարդկանց», - հայտարարում էր Մարգվելաշվիլին:

Գաղտնի տեսագրությունների հեղինակների կողմից հիշատակված ապագա թիրախներից մեկն էլ՝ հայտնի հեռուստալրագրող Ինգա Գրիգոլիան, հարկ համարեց Վրաստանի հանրային հեռուստաընկերության ուղիղ եթերում դիմել իրեն շանտաժի ենթարկող անձանց:

«Ես հիանալի սիրեցյալ ունեմ և սեքսուալ կյանք: Պատրաստվում եմ սեքսով զբաղվել իմ ողջ կյանքի ընթացքում: Իսկ ովքեր ինձնից պահանջում են լքել երկիրը` հակառակ պարագայում սպառնալով իմ անձնական կյանքի մանրամասները հրապարակել, թող իմանան` ես կյանքս կտամ, բայց կհասնեմ նրան, որ դուք պատասխանատվության ենթարկվեք», - հայտարարում էր Գրիգոլիան:

Վրաստանի գործող իշխանությունները հայտարարեցին, որ կատարվածը հարված էր նախևառաջ իշխող «Վրացական երազանք» դաշինքի դիրքերին:

«Սա բարոյական ահաբեկչություն է: Վստահ եմ, որ տեղի ունեցածը հարված էր պետությանը, կառավարությանը, մեր ընտրած եվրոպական ուղուն: Ի վերջո, մենք շատ լավ տեղյակ ենք, թե ինչպես են արվել այս տեսագրությունները», - հայտարարեց փոխվարչապետ Կախա Կալաձեն, փաստորեն ակնարկելով, որ հայտնի մարդկանց անձնական կյանքի գաղտնի տեսագրությունները` խորհրդարանական ընտրություններից մոտ կես տարի առաջ, տարածում են նախկին իշխանությունների կողմնակիցները:

Այս վարկածի օգտին են խոսում նաև այս գործով իրականացված առաջին ձերբակալությունները: Այսօր հայտնի դարձավ, որ Վրաստանի ոստիկանությունը անձնական գաղտնիք պարունակող տեսանյութեր պահելու մեղադրանքով ձերբակալել է փաստաբան Իրակլի Փխալաձեին և Թբիլիսիի բնակիչ Զուրաբ Ջամալաշվիլիին:

Հետաքրքիր զուգադիպությամբ, վերջինիս որդին` Վասիլ Ջամալաշվիլին, երկրի ամենահայտնի հաքերներից է, ով Միխեիլ Սաակաշվիլիի նախագահության տարիներին, մի շարք աղբյուրների տեղեկություններով, սերտորեն համագործակցել է Վրաստանի ներքին գործերի նախարարության հետ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG