Մատչելիության հղումներ

logo-print

Վենետիկի հանձնաժողովը սկզբունքորեն դեմ չէ քվեարկած անձանց ցուցակների հրապարակմանը՝ պնդում են երեկ փորձագետներին հանդիպած քաղհասարակության ներկայացուցիչները։

Ուշ երեկոյան կայացած դռնփակ քննարկմանը «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի փոխտնօրեն Սոնա Այվազյանը տեղեկացրել է, որ տարիներ շարունակ այս արգելքը հիմնավորելիս իշխանությունները հենց Վենետիկի հանձնաժողովին են վկայակոչել։

«Նրանք շատ չէին հակաճառում ցուցակների հրապարակման հետ կապված, որովհետև կարծես ընկալում էին դրա նպատակը: Նույնիսկ եթե իրենց ուղեցույցներում կա նման պահանջ, այնուամենայնիվ, Հայաստանում առնվազն կա սոցիալական պահանջ, որ այդ ցուցակները հրապարակվեն, և բոլորը հասկանում են, որ ցուցակների չարաշահման մեջ է հիմնական ընտրակեղծարարության խնդիրը, և մեր պահանջը դա հրապարակելն է», - «Ազատության» հետ զրույցում պատմեց Այվազյանը:

Քննարկվել է նաև ընտրողներին էլեկտրոնային տարբերակով գրանցելու հարցը։ Այվազյանը պնդել է, որ այդ համակարգը ամբողջությամբ չի կանխի կրկնակի քվեարկությունները, քանի դեռ տեղամասերը միմյանց հետ ցանցով կապված չեն։

«Մենք գիտենք, որ կան տարբեր խմբեր, որոնք շրջում են տեղամասից տեղամաս, և նրանց համար դա հնարավոր կլինի իրականացնել», - մանրամասնեց նա:

Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանն էլ եվրոպացի փորձագետների հետ հանդիպմանը կոչ է արել հաշվի առնել, որ առաջարկվող համամասնական ընտրակարգն իրականում քողարկված մեծամասնական է: Ըստ նախագծի՝ կուսակցությունները համապետական ցուցակից բացի ընտրատարածքներում առաջադրում են նաև թեկնածուների ցանկ, իսկ մանդատները բաշխվում են հավասարապես:

«Բաժանումը 13 տարածքների և առանձին տարածքային ցուցակների համար քվեարկությունը ռեյտինգային սկզբունքով նշանակում է, որ պահպանվում է նույն մեծամասնական համակարգը, որի հիմքն է թաղի հեղինակությունների կամ այդ տարածքների հզոր մարդկանց ազդեցությունը և շահագրգռվածությունը՝ ազդել ընտրական պրոցեսների վրա», - նշեց Նավասարդյանը:

Վենետիկի ու ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի ներկայացուցիչների հետ հանդիպմանը քաղհասարակության ներկայացուցիչները քննադատել են նաև դրույթը, որն արգելում է 8-ից ավելի լրագրողների ու դիտորդների ներկայությունն ընտրատեղամասում:

«Պետք է հակառակը լինի՝ պետք է դիտորդները կարողանան ավելի ազդեցիկ դեր ունենան և հնարավորություն՝ ոչ միայն հետագայում իրենց կարծիքը ներկայացնել, այլ նաև բողոքարկել և մասնակցել քվեարկության գործընթացին», - պատմեց Նավասարդյանը:

Ակնկալվում է, որ առաջիկա շաբաթներին եվրոպական հեղինակավոր փորձագիտական խումբը իր եզրակացությունը կհրապարակի Հայաստանի կառավարության մշակած նոր Ընտրական օրենսգրքի վերաբերյալ։

XS
SM
MD
LG