Մատչելիության հղումներ

Մարսի վրա կյանք են որոնում ռուսներն ու եվրոպացիները


Ղազախստան - Expo Mars-ը կրող «Պրոտոն» հրթիռի արձակումը Բայկոնուրից, 14-ը մարտի, 2016թ․
Ղազախստան - Expo Mars-ը կրող «Պրոտոն» հրթիռի արձակումը Բայկոնուրից, 14-ը մարտի, 2016թ․

Տիեզերական հետազոտությունների եվրոպական գործակալության Expo Mars անվանումը կրող տիեզերանավը, որի թռիչքն իրականացվեց Բայկոնուրից ռուսական «Պրոտոն» անվանումը կրող հրթիռի միջոցով, փորձելու է պարզել Մարսի վրա մեթան գազի առաջացման աղբյուրը։ Այսինքն, պիտի պարզեն՝ կարմիր մոլորակի մթնոլորտում մեթան գազն առաջացել է երկրաբանական գործընթացների՞, թե՞ մանրէների առկայության արդյունքում։

Կարմիր մոլորակը հատկապես Ռուսաստանի համար լի է եղել անհաջողություններով։ Դեպի Արեգակից հեռավորությամբ չորրորդ մոլորակը Ռուսաստանի կողմից ուղարկված 19 առաքելությունների մեծ մասն ավարտվել է անհաջողությամբ՝ մի մասին չի հաջողվել թռչել, մի մասին չի հաջողվել դուրս գալ Երկրի ուղեծրից, մի մասն էլ՝ այրվել է Մարսի մթնոլորտում կամ շրջանցել այս մոլորակը։ Ու եթե այս դեպքում Expo Mars-ին հաջողվի դուրս գալ Երկրի ուղեծրից, 7 ամիս անց այն կհասնի Մարս։ Ժամանումից երեք օր անց՝ հոկտեմբերի 19-ին արբանյակը մոլորակի վրա կիջեցնի «Շիապարելլի» անվանումով մի խցիկ։

Այս ընթացքում, երբ Expo Mars-ը 400 կիլոմետր բարձրությունից կկատարի պտույտներ Մարսի ուղեծրում, ինքնագնաց սարքը կուսումնասիրի ընդերքը։ Գլխավոր առարկան մեթան գազն է․ արդյո՞ք այն առաջացել է մոլորակի ընդերքում հայտնաբերված ջրի ու ժայռաբեկորներում առկա հանքանյութերի շփումից, թե՞ ունի կենսաբանական ծագում։ Եվ եթե ամեն ինչ լավ ընթանա, ապա 2018-ից մինչև 2020 թվականն ընկած ժամանակահատվածում Մարս կուղարկվի մի ինքնագնաց սարք, որը կսկսի մոլորակի մակերևույթի հորատումներ։

Երկրագնդի մթնոլորտում մեթան գազի առաջացման հիմնական աղբյուրը մանրէներն են, օրինակ՝ որոճող կենդանիների ստամոքսից։ Մարսի վրա կովեր չկան, սակայն գուցե կան պարզագույն օրգանիզմներ մեր հարևան մոլորակում։ Ու եթե պարզվի, որ կան, կնշանակի, որ մենք տիեզերքում միայնակ չենք, որ կյանք տիեզերքում կարող է առաջանալ ամենուր, ուր կան դրա համար պայմաններ։

Ի դեպ, ինքնագնաց սարքը, որը Մարս կուղարկվի ոչ ուշ քան 2020 թվականը, վայրէջքի վայր կընտրի երեք տեղանքներ, որոնցից մեկը հին արամեացիների պատվին կրում է «Արամի բարձունք» անվանումը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG