Մատչելիության հղումներ

Ռուսաստանի հայերի միության և Համաշխարհային հայկական կոնգրեսի նախագահ Արա Աբրահամյանի նախաձեռնությամբ գիտնականների և արվեստագետների շրջանում անցկացվող ամենամյա մրցանակաբաշխությունն այս անգամ նվիրված է ՀՀ անկախության 25-ամյակին:

Մրցանակային ֆոնդն այս տարի 42 մլն դրամ է: Մրցույթին մասնակցելու հայտերը ամենատարբեր ասպարեզներում ընդունվում են մինչև մարտի 20-ը, իսկ մրցույթը կամփոփվի արդեն աշնանը՝ մինչև սեպտեմբերի 21-ը՝ Անկախության օրը: Այս մասին այսօր Կինեմատոգրաֆիստների միությունում հրավիրած ասուլիսին հայտարարեց Համաշխարհային հայկական կոնգրեսի և Ռուսաստանի հայերի միության փոխնախագահ Վլադիմիր Աղայանը:

Նրա խոսքով` այս տարվա մրցանակաբաշխության թեման՝ «Հայերի համազգային միասնություն», շատ կարևոր խթան կարող է հանդիսանալ թե՛ արվեստագետների, թե՛ գիտնականների համար:

Մրցանակաբաշխությունն անցկացվում է արդեն 10 տարի: Այս ընթացքում կինոգործիչների միությունը 2-րդ անգամ է մասնակցում մրցանակաբաշխությանը: Նախորդ անգամ Հայաստանի սահմանամերձ գյուղերի մասին պատմող ֆիլմեր են նկարահանել, այս անգամ ևս հույս ունեն, որ կինոգործիչները համազգային միասնությանը նպաստող ուշագրավ վավերագրական ֆիլմեր կնկարահանեն: Կինոգործիչների միության մրցանակային ֆոնդը 7 մլն դրամ է:

«Շատ հետաքրքիր և ոգևորիչ ծրագիր է: Շատ կարևոր տարի է մեզ համար, որովհետև դարեր շարունակ հայերը ձգտել են անկախության, և կարող ենք ասել, որ վերջապես այդ անկախությունը եղավ», - ասում է Կինոգործիչների միության նախագահ կինոռեժիսոր Ռուբեն Գևորգյանցը: Իսկ թե առհասարակ ինչպիսի՞ն է հայկական կինոն անկախության 25 տարիներին, Կինոգործիչների միության նախագահի խոսքով՝ «իմ կարծիքը, իհարկե, շատ խիստ կարծիք է, որովհետև ես գտնում եմ, որ խաղարկային կինոն չի արտահայտել մեր 25 տարվա անցկացրած ժամանակը, իսկ վավերագրական կինոն, եթե ոչ լիակատար՝ 80 տոկոսով իր գործը կատարել է»:

XS
SM
MD
LG