Մատչելիության հղումներ

Էրդողանը երկրորդ անգամ հետաձգեց այցը Ադրբեջան


Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողան, արխիվ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողան, արխիվ

«Ինչ-որ մեկի անտեսանելի ձեռքն անընդհատ փորձում է ձախողել այդ բանակցությունները», - գրում է ադրբեջանական պարբերականը:

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը երկրորդ անգամ հետաձգում է Ադրբեջան կատարելիք այցը. թե՛ փետրվարին և թե՛ այսօր ծրագրված այցերից առաջ Թուրքիայի մայրաքաղաքը ցնցվեց հզոր պայթյուններից։

«Անկարայում տեղի ունեցածն է՛լ ավելի է ամրապնդում կասկածներն առ այն, որ թե՛ առաջին, թե՛ երկրորդ ահաբեկչությունն այս կամ այն կերպ կապված է Էրդողանի Բաքու կատարելիք այցի հետ», - գրում է ադրբեջանական Haqqin.az ինտերնետային պարբերականը և հավելում. - «Տպավորություն է ստեղծվում, որ սպասվող բանակցություններն ակնհայտորեն ինչ-որ մեկի սրտով չեն, և ինչ-որ մեկի անտեսանելի ձեռքն անընդհատ փորձում է ձախողել այդ բանակցությունները»։

Այսօր, հիշեցնենք, մեկօրյա այցի շրջանակում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ պետք է նախագահեր Թուրքիա-Ադրբեջան ռազմավարական համագործակցության բարձր մակարդակի խորհրդի նիստը, որը նախատեսված էր փետրվարի 18-ին, սակայն փետրվարի 17-ին մայրաքաղաք Անկարայում 29 մարդու կյանք խլած ահաբեկչությունից հետո Թուրքիայի նախագահը որոշել էր հետաձգել այցը։

Այս անգամ թուրքական լրատվամիջոցները գրեցին, որ նախագահը որոշել է չհետաձգել Բաքու կատարելիք այցը, սակայն երեկ երեկոյան՝ վերջին պահին, ադրբեջանական լրատվամիջոցները հայտնեցին, որ Էրդողանը այնուամենայնիվ որոշել է հերթական անգամ հետաձգել Ադրբեջան կատարելիք մեկօրյա այցը։

«Ահաբեկչությունները նպատակ ունեին ձախողել Էրդողանի բանակցությունները պաշտոնական Բաքվի հետ», - գրում է Haqqin.az-ը՝ վկայակոչելով փորձագիտական կարծիքները։

Լրատվամիջոցը նշում է, որ չի պատրաստվում հաստատել այդ ենթադրությունների ճշմարտացիությունը, սակայն ընդգծում է. - «Փաստը մնում է փաստ՝ բանակցությունները ձախողվեցին»։

Բանակցությունները, ըստ էության, չեն ձախողվի. Էրդողանը չի գնա Բաքու, փոխարենը Ալիևը կմեկնի Անկարա՝ նիստը տեղափոխվեց Թուրքիայի մայրաքաղաք։

Նշենք, որ, ըստ պաշտոնական աղբյուրների, Էրդողանը պատրաստվում էր Բաքվում քննարկել երկկողմ հարաբերությունները զարգացնելու, ինչպես նաև տարածաշրջանային և Լեռնային Ղարաբաղի հակամարտության խնդիրները։

«Իսկ ո՞րն է թուրք-ադրբեջանական բանակցությունների իրական նպատակը», - այս օրերին հարց են հնչեցնում վերլուծաբանները, - «Արդյո՞ք այցի հիմքում զուտ թուրք-ադրբեջանական հարաբերությունների զարգացման հարցն է, թե՞ այդ այցը տեղի է ունենում Անկարայի և Մոսկվայի միջև արդեն ամիսներ շարունակվող լարված հարաբերությունների համատեքստում»։

Ռուսաստանյան Gazeta.ru պարբերականն Էրդողանի դեռևս փետրվարին Բաքու սպասվող այցին անդրադառնալով` գրել էր, որ թեև Ալիևի վարչակազմն առայժմ Կրեմլի շահերից է խոսել՝ հայտարարելով, թե Բաքուն կողմ է, որ Սիրիայի նախագահ Բաշար Ասադը առայժմ մնա իշխանության ղեկին, սակայն Ադրբեջանը վաղ թե ուշ պետք է ընտրություն կատարի Մոսկվայի և Անկարայի միջև։

Նմանօրինակ հրապարակումների ֆոնին և Թուրքիայի ղեկավարի սպասվող այցին ընդառաջ, ադրբեջանական լրատվամիջոցները շտապեցին տարածել երկրի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի The Bussines Year հանդեսին տված հարցազրույցի այն հատվածը, որում Ադրբեջանի դիվանագիտական գերատեսչության ղեկավարը հայտարարում է. - «Թե՛ Ռուսաստանի, թե՛ Թուրքիայի հետ մեր հարաբերությունները դինամիկ կերպով են զարգանում։ Ադրբեջանում հույս ունենք, որ համատեղ ջանքերով, երկխոսության միջոցով հնարավոր կլինի բարելավել Թուրքիայի և Ռուսաստանի հարաբերությունները»։

XS
SM
MD
LG