Մատչելիության հղումներ

Նարիշկին. Ռուսաստանի Սահմանադրությունը չի փոխվի


Ռուսաստան - Քաղաքացիական ակտիվիստների բողոքը Սահմանադրության օրը, Մոսկվա, 12-ը դեկտեմբերի, 2015թ.

Ռուսաստան - Քաղաքացիական ակտիվիստների բողոքը Սահմանադրության օրը, Մոսկվա, 12-ը դեկտեմբերի, 2015թ.

Վենետիկի հանձնաժողովը հորդորել է Ռուսաստանին՝ փոխել Սահմանադրական դատարանի մասին օրենքը։

Վենետիկի հանձնաժողովը Ռուսաստանին հորդորել է փոխել օրենքը, որը Սահմանադրական դատարանին ընձեռում է միջազգային դատարանների վճիռների կատարումը որոշակի հանգամանքներում անհնարին ճանաչելու իրավունք։

Ռուսաստանի Դաշնությունը վերջին տարիներին բազմաթիվ ջախջախիչ պարտություններ է կրել Մարդու իրավունքների եվրոպական դատարանում, և առաջիկայում հավանաբար կլինեն նոր պարտություններ։

2015 թվականի դեկտեմբերի 9-ին Պետական դուման ընդունել է Սահմանադրական դատարանի մասին օրենքի լրամշակումները, որոնք Դաշնության իրավագիտական գերագույն կառույցին թույլ են տալիս որոշել, թե որքանով են միջազգային դատարանների վճիռները համապատասխանում մայր օրենքին։

Նախագահ Վլադիմիր Պուտինը դեկտեմբերի 15-ին վավերացրել է լրամշակումները, և դրանք մտել են ուժի մեջ։ Մարտի 11-ին Եվրոպայի խորհրդի պաշտոնական կայքէջում հրապարակվել է Վենետիկի հանձնաժողովի եզրակացությունն առ այն, որ Սահմանադրական դատարանի մասին օրենքը հակասում է Ռուսաստանի ստանձնած միջազգային պարտավորություններին, և առաջարկել է շտկել թերությունները։

Հիշեցնենք, որ Ռուսաստանի Սահմանադրության 15-րդ հոդվածի համաձայն՝ միջազգային իրավունքի համընդհանուր ճանաչում ունեցող նորմերը և միջազգային պայմանագրերը համարվում են Ռուսաստանի իրավակարգի անբաժան մասը և դաշնային օրենքների նկատմամբ ունեն գերակայություն։ Այդ դրույթը կարող է փոխել միայն Սահմանադիր ժողովը, որի մասին օրենքը Ռուսաստանում առայսօր չի ընդունվել։

Երեկ Ռուսաստանի Պետական դումայի նախագահ Սերգեյ Նարիշկինը հայտարարել է, որ Դաշնությունը մտադիր չէ փոխել մայր օրենքը։

«Մենք հարգանք ենք տածում Վենետիկի հանձնաժողովի նկատմամբ և նույն վերաբերմունքը հանձնաժողովից ենք ակնկալում»,- ասել է Նարիշկինը և հավելել. - «Ռուսաստանի Դաշնության Սահմանադրությունը չի փոխվի»։

Նրա հավաստիացմամբ՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշումները բազմիցս հակասել են մի շարք պետությունների, մասնավորապես` Իտալիայի և Գերմանիայի ազգային սահմանադրություններին, Բրիտանիայի օրենքներին, և այդ երկրների հիմնական օրենքները չեն փոխվել։

«Ռուսաստանի Սահմանադրությունն ունի գերագույն իրավական ուժ և հետևաբար ունի գերակայություն», - հայտարարել է Դումայի սահմանադրական օրենսդրության և պետական շինարարության հարցերի հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Պլիգինը և միաժամանակ կարծիք հայտնել, որ խիստ հազվադեպ հանգամանքներում Սահմանադրական դատարանը ստիպված կլինի քննարկել միջազգային դատարանի որոշման սահմանադրականության հարցը։

Մինչդեռ, ընդդդիմադիր պատգամավորները և իրավապաշտպանները համոզված են, որ Ռուսաստանի նոր օրենքից տուժելու են նախևառաջ շարքային քաղաքացիները, ովքեր սպառելով հայրենիքում արդարություն ստանալու հնարավորությունը` դիմում են Ստրասբուրգ և այնտեղ հաճախ հաղթում են։

«Այդ օրենքի կիրառման արդյունքում Ռուսաստանն է՛լ ավելի կմեկուսացվի», - ասել է պատգամավոր Դմիտրի Գուդկովը։ Վերլուծաբանները չեն բացառում, որ վիճահարույց օրենքի շուրջ լարվածության հետևանքով Ռուսաստանը գուցեև ընդհանրապես կարտաքսվի Եվրոպայի խորհրդից։

XS
SM
MD
LG