Մատչելիության հղումներ

Դատարանը պարտավորեցրել է ոստիկանությանը կես միլիոն դրամ վճարել Լևոն Բարսեղյանին


Լևոն Բարսեղյանը բերման է ենթարկվում, 21-ը սեպտեմբերի, 2011թ.

Լևոն Բարսեղյանը բերման է ենթարկվում, 21-ը սեպտեմբերի, 2011թ.

Հայաստանի արդարադատության համակարգում աննախադեպ որոշում է կայացվել՝ դատարանը պարտավորեցրել է ոստիկանությանը կես միլիոն դրամ վճարել՝ ակտիվիստին ապօրինի ազատությունից զրկելու համար:

Գյումրիի ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանը բերման է ենթարկվել հինգ տարի առաջ, երբ բողոքի ցույցի էր դուրս եկել Անկախության շքերթին ռուսական զորքի մասնակցության դեմ: Առանց որևէ հիմնավորման իրեն ազատազրկելու համար Բարսեղյանը պահանջել էր մեկուկես միլիոն դրամի փոխհատուցում՝ հասցված բարոյական վնասի համար։ Դատարանը հայցը մասնակի բավարարել է, Բարսեղյանը, սակայն, մտադիր է շարունակել պայքարն ու բողոքարկել որոշումը։

«Դատարանը գտել էր, որ մոտավորապես 300 հազար դրամ փոխհատուցելու է դատական ծախսերը, 200 հազար դրամի չափով էլ բարոյական վնասն է փոխհատուցելու, ինչը մեր պահանջածից շոշափելիորեն ցածր է։ Եվ որոշել եմ, որ վճիռը բողոքարկելու եմ Վերաքննիչ դատարանում, եթե մեր ուզածը չեղավ՝ Վճռաբեկ, եթե էլի մեր ուզածը չեղավ՝ հասնելու ենք Եվրադատարան, ու ոստիկանությունը այդ գումարը վճարելու է»,- ասաց Բարսեղյանը։

«Արդեն կարելի է ասել, որ սա աննախադեպ հաջողություն է, երբ մարդու սահմանադրական իրավունքը նախ ճանաչել է տրվում դատարանով, ապա այդ ոտնահարման դիմաց բարոյական վնասի փոխհատուցման վճիռի են հասնում քաղաքացիները»,- հավելեց նա։

Բարսեղյանը փաստում է՝ այս վճիռը կարող է նախադեպ դառնալ իր նման հարյուրավոր ակտիվիստների համար, որոնք անցած տարիներին տարվել են ոստիկանություն, ապա ազատ արձակվել՝ առանց վարչական ակտ կազմելու:

«Արդեն այս վճիռը նշանակում է, որ բոլոր այս մարդիկ, այդ թվում ես, Պուտինի ու հունիսի 23-ի գործերով կկարողանանք դիմել ընդդեմ ոստիկանության դատարան, և ոստիկանությունը պետք է նորից մեր դատական ծախսը փոխհատուցի ու բարոյական վնասի փոխհատուցումը տա: Սա հանգեցնելու է նրան, որ ոստիկանությունը մինչև որևէ մեկին պարզապես բռնել տանելը, ցույցը ապօրինաբար խափանելը, ապօրինություններ կատարելուց առաջ պիտի հասկանա, որ էդ գործը իրենք տանուլ են տալու»,- նշեց նա։

Այդ արդյունքին հասնելու համար Բարսեղյանն ու նրա շահերի պաշտպան Արտակ Զեյնալյանը 4 տարի են սպասել: Թեև ավելի քան տասը տարի է՝ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» օրենսգիրքը տալիս է նման իրավունք, սակայն առաջին անգամն է դատարանը այդ օրենքը կիրառում:

«Ոչ մի անգամ չէր կիրառվել, ոչ մի անգամ որևէ մեկը արդյունքի չէր հասել։ Ոչ թե որ դիմող չէր եղել, այլ մենք մասնագիտացած ենք հենց սրա վրա, մենք այսքան տարի հետևողականորեն տարբեր կողմերից փորձել ենք հասնել այս օրենքի կիրառմանը, սակայն կարծես հրահանգ լիներ, և արգելափակված էր, այս օրենքը չէր կիրառվում այդ մասով: Մենք սրա հետ կապված սպառել ենք պաշտպանության միջոցները Հայաստանում և Եվրոպական դատարանում գանգատներ ունենք»,- ասաց Զեյնալյանը։

Լևոն Բարսեղյանը նախկինում 4 անգամ բերման է ենթարկվել ոստիկանություն և այժմ պատրաստվում է դատական նոր հայցեր ներկայացնել ոստիկանության դեմ՝ պահանջելով բարոյական վնասի փոխհատուցում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG