Մատչելիության հղումներ

Գլխավոր դատախազությունը Գևորգ Սաֆարյանի գործը ուղարկել է լրացուցիչ քննության


Գևորգ Սաֆարյանի աջակիցները դատարանի շենքի դիմաց, արխիվ

Գևորգ Սաֆարյանի աջակիցները դատարանի շենքի դիմաց, արխիվ

Ամանորից ազատազրկված Գևորգ Սաֆարյանի գործը դատարան չի ուղարկվել. գլխավոր դատախազությունը չի հաստատել մեղադրանքը՝ գործը ուղարկելով լրացուցիչ քննության։

Գլխավոր դատախազությունից «Ազատության»-ը փոխանցեցին, որ դատախազությունը վերացրել է նաև Հատուկ քննչական ծառայության որոշումը, որով ոստիկանների գործողությունները Գևորգի և ընկերների դեմ համարվել էին իրավաչափ։ Ոստիկանների դեմ հարուցված, ապա կարճված քրեական այս գործը ևս դատախազությունը ուղարկել է նոր քննության։

Սաֆարյանի շահերի ներկայացուցիչ Տիգրան Հայրապետյանը կարծում է՝ իրավապահները փորձում են շտկել սխալները՝ եվրոպական կառույցների առջև չխայտառակվելու համար։

«Միգուցե հասկացել են, որ հնարավոր չէ էսպիսի ապացույցներով գործ ուղարկել դատարան, և դա վատ չի, սխալ ճանապարհից հետ դառնալը ինչ-որ առումով լավ չափանիշ է թե՛ մասնագետի, թե՛ դատախազության համար, ինչը մեր դատարանների մասին չենք կարող ասել։ Մենք ամեն կերպ փորձեցինք, որ դատարանները վերջնական եզրահանգման գան և վերջակետ դնեն, որ գոնե էս պահին կալանավորում չպետք է լինի, դատարանները չկարողացան անկախ գտնվել և շատ անհեթեթ որոշումներ կայացրեցին»,- ասաց փաստաբանը։

Գևորգ Սաֆարյանը կալանավորվել է տարեմուտի գիշերը Ազատության հրապարակում եղևնի տեղադրելու փորձից հետո՝ իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու մեղադրանքով։ Ամիսներ շարունակված քննությունը, ըստ փաստաբանի, ընթացել է խախտումներով։ Հայրապետյանը պնդում է՝ առերեսումների ժամանակ քննիչը ուղղորդել էր ոստիկան Գեղամ Խաչատրյանին ու նրա ենթականերին, և նրանց ցուցմունքները հաճախ տարբերվել են նախորդներից կամ հակասել մեկը մյուսին։

«Էդքան պատրաստելուց հետո նրանք չէին կարողանում ցուցմունքներ տալ, մի քանի դրվագ ես եմ տեսել՝ ոստիկանը ոտքով խփում է քննիչին, որ քննիչը ինչ-որ բան ասի։ Քննիչն էլ նայում է, որ ես տեսնում եմ, բան չի ասում։ Ես ասում եմ՝ «գիտեք ինչ կա, քննիչը չի կարող հուշել ձեզ, պատասխանեք հարցին»»,- պատմեց փաստաբանը։

Նույն օրը ակցիային մասնակցած ակտիվիստ Վահրամ Պետրոսյանը գործին նոր ընթացք տալու՝ դատախազության որոշումից մեծ ակնկալիքներ չունի։ Սաֆարյանի ընկերները պնդում են՝ ոչ թե Գևորգն է ծեծել ոստիկաններին, այլ նրանք են հարձակվել իրենց վրա, ու թեև դա արձանագրել է տեսախցիկը, իրավապահներն իրենց տուժող չէին ճանաչել։

«Վստահ եմ, որ քննիչը ինքնուրույն չէր արել ինչ որ արել էր, ուղղակի կատարել էր վերևից եկած հրահանգը՝ գործը կարճելով։ Սակայն հիմա երևի ինչ-որ իրավիճակ է փոխվել, որի հետևանքով անհրաժեշտություն է առաջացել նորից գործը վերադարձնելու Քննչական ծառայություն և շարունակելու քննությունը»,- ասաց ակտիվիստը։

Հատուկ քննչական ծառայությունը, որը կարճել էր ոստիկանական բռնությունների մասով գործը, հաշվի չէր առել ո՛չ տեսանյութերը և ո՛չ էլ օմբուդսմենի ու Human Rights Watch-ի գնահատականը, թե Սաֆարյանին կալանքի տակ պահելը անհամաչափ է կատարվածին։

XS
SM
MD
LG