Մատչելիության հղումներ

Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախումբն այս օրերին նշում է հիմնադրման 90-ամյա հոբելյանը: Հոբելյանական հանդիսություններն ու միջոցառումները սկսվել են մարտի 4-ից և կշարունակվեն մինչև ապրիլի 19-ը՝ եզրափակվելով հոբելյանական գալա համերգով:

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նվագախմբի ղեկավարները պատմեցին, որ հոբելյանական իրադարձությունների շրջանակում տեղի կունենա 7 համերգ, Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախմբի 90-ամյա գործունեությանը նվիրված գիտաժողով, ֆիլմի պրեմիերա, գրքերի ցուցահանդես, որը բացվել է մարտի 12-ին՝ Ալեքսանդր Սպենդիարյանի տուն-թանգարանում: Ցուցահանդեսը կտևի մեկ ամիս, ներկայացված են նվագախմբի հիմնադրման օրից ի վեր հրատարակված և նվագախմբի անվանի երաժիշտների ու դիրիժորների կյանքին ու ստեղծագործական ուղուն նվիրված գրքեր, նաև նվագախմբի տարբեր տարիներին տեղի ունեցած հյուրախաղերի և համերգային շրջագայությունների մասին պատմող գրքեր և ալբոմներ, որոնք հավաքել, ի մի է բերել անվանի երաժշտագետ, նվագախմբի երաժշտական գլխավոր խմբագիր, Կոնսերվատորիայի պրոֆեսոր Արմեն Բուդաղյանը:

Վաղը Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում մեկնարկում է Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախումբը և հայ երաժշտական մշակույթը խորագրով գիտաժողովը, իսկ մարտի 29-ին և 31-ին Արամ Խաչատրյան համերգասրահում կկայանա Ջակոմո Պուչինիի «Բոհեմ» օպերայի համերգային, թատերականացված կատարումը:

XS
SM
MD
LG