Մատչելիության հղումներ

Ասադի ներկայացուցիչը Ժնևի բանակցությունները գնահատել է «կառուցողական»


ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հատուկ բանագնաց Ստաֆան դե Միստուրան բանակցությունների ժամանակ, Ժնև, 14-ը մարտի, 2016թ․

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հատուկ բանագնաց Ստաֆան դե Միստուրան բանակցությունների ժամանակ, Ժնև, 14-ը մարտի, 2016թ․

Այսօր Ժնևում վերսկսվել են Սիրիայի հարցով բանակցությունները:

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հատուկ բանագնաց Ստաֆան դե Միստուրան այսօր հայտարարել է, որ քաղաքական համաձայնությունն ամենագլխավոր հարցն է: Հատուկ բանագնացը կողմերին կոչ է արել Սիրիայում շարունակվող պատերազմին վերջ դնել քաղաքական քննարկումների ճանապարհով:

ՄԱԿ-ի բանագնացը լրագրողների հարցին ի պատասխան ասել է, որ կցանկանար՝ նախագահի պաշտոնը կին ստանձներ:

ՄԱԿ-ը հորդորում է Սիրիային 18 ամսում նախագահի ընտրություններ անցկացնել: Սիրիական ընդդիմությունը պնդում է, որ նոր կառավարության կազմում չի կարող ընդգրկվել ներկայիս նախագահ Բաշար ալ-Ասադը: Սիրիայի արտգործնախարար Վալիդ Մուալեմը, մինչդեռ, հայտարարել է՝ ոչ մի հարց նախագահի ընտրությունների կապակցությամբ:

Մի քանի ժամ առաջ ՄԱԿ-ի ներկայացուցիչ Ստաֆան դե Միստուրան սկսեց բանակցությունները Սիիրայի նախագահ Բաշար Ասադի պաշտոնական ներկայացուցչի՝ Բաշար ալ-Ջաֆարիի հետ:

Նա հանդիպումը գնահատել է «կառուցողական»:

«Մենք քննարկել ենք բանակցությունների վերաբերյալ տարբեր հարցեր, հանգել ենք փոխըմբռնման, որը թույլ կտա անցնել ավելի առարկայական թեմաների»,- լրագրողներին ասել է սիրիական կառավարության ներկայացուցիչը:

Հանդիպումից հետո ՄԱԿ-ի ներկայացուցիչն ասել է, որ առաջին հանդիպումը կրել է նախապատրաստական բնույթ, չորեքշաբթի նախատեսված հաջորդ հանդիպումը, ըստ Ստաֆան դե Միստուրայի, կլինի ավելի բովանդակային:

Ասադի կառավարության և սիրիական ընդդիմության տեսակետների հակադրությանն անդրադառնալով՝ ՄԱԿ-ի ներկայացուցիչը նաև նկատել է, որ այսօր բանակցությունները սկսել են կողմերի «խիստ և հռետորական հայտարարություններով»:

Սիրիական ընդդիմության պատվիրակությունը երեկ է ժամանել Ժնև:

Սիրիական ընդդիմության բանակցությունների գծով բարձրագույն կոմիտեի պաշտոնական ներկայացուցիչ Սալիմ ալ-Մուսլադը երեկ հայտարարել է, որ մտադիր են նախատեսվող բանակցություններում շատ արագ հասնել հաջողությունների:

«Մենք հույս ունենք, որ կարող ենք հանգել համաձայնության շատ արագ, քանի որ մեր ժողովուրդը սպասում է, և մենք ուզում ենք տեսնել այս արյունահեղության վերջը Սիրիայում», - նշել է ալ-Մուսլադը:

Վերջին 5 տարում սիրիական պատերազմի պատճառով սպանվել է ավելի քան 270 հազար մարդ, միլիոնավոր մարդիկ տեղահանվել են:

Ժնևում այսօր մեկնարկած բանակցությունները նախատեսվում է անցկացնել 3 փուլով՝ մինչև մարտի 24-ը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG