Մատչելիության հղումներ

«Մարտի 1-ի համար այդ օրվա իշխանությունը պատասխանատվություն է կրում». Օսկանյան


Վարդան Օսկանյան, արխիվ
Վարդան Օսկանյան, արխիվ

«Մարտի 1-ի համար այդ օրվա իշխանությունը պատասխանատվություն է կրում»,- այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում հայտարարեց նախկին արտգործնախարար, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության (ԲՀԿ) նախկին անդամ Վարդան Օսկանյանն, ով պատրաստվում է առաջիկայում նոր կուսակցություն ստեղծել և մասնակցել 2017-ի խորհրդարանական ընտրություններին:

«Ես Մարտի 1-ի հարցին բազմիցս անդրադարձել եմ: Իհարկե, դա մեր սև էջերից մեկն է, իհարկե, այդ օրվա իշխանությունը միանշանակորեն պատասխանատվություն է կրում դրա համար, իշխանությունը պետք չէ թողեր, որ նման բան տեղի ունենար։ Ես այդ իշխանության մաս եմ եղել, և հենց մարտի 1-ի օրը, խորհուրդ կտամ մի հատ թարմացնենք հիշողությունը, YouTube-ում կա իմ ելույթը, որը կրակոցներից 3-4 ժամ առաջ է տեղի ունեցել, ուղղակի օդում զգալով, որ լարված իրավիճակ է, և նման զարգացումներ կարող են լինել, ես փորձել եմ կանխել։ Ես շահեկանորեն տարբերվում եմ նաև մյուս բոլոր քաղաքական գործիչներից, որ այդ պատասխանատվությունն եմ վերցրել, համարձակություն եմ ունեցել իսկապես կանգնել կամերայի առաջ և կոչ անել՝ և՛ հանրապետության նախագահին, այսինքն իշխանությաններին, և՛ ընդդիմությանը, որպեսզի կարողանան երկխոսության մեջ մտնել, որպեսզի խուսափենք Մարտի 1-ից»,- հայտարարեց նախկին արտգործնախարարը։

2008-ի մարտի 1-ին, նախագահի նստավայրում հրավիրած ասուլիսում Վարդան Օսկանյանը խոսում էր Ազատության հրապարակում ոստիկանության և խաղաղ ցուցարարների միջև տեղի ունեցած բախումներին մասին՝ ընդգծելով, թե տուժածները մեղմ վնասվածքներ են ստացել:

«Վնասվածքների չափը բավական մեղմ է, վնասվածքների տեսակը վկայություն է իսկապես այն բանի, որ այնտեղ արտառոց ուժ այդ մարդկանց նկատմամբ ուղղակի չի կիրառվել»,- հայտարարել էր Օսկանյանը։

Եթե այսօր Վարդան Օսկանյանը հայտարարում է, թե Մարտի 1-ի տասը զոհերի համար այդ օրվա իշխանությունն է պատասխանատվություն է կրում, ապա 2008-ին նախագահի նստավայրում մեղադրում էր Լևոն Տեր-Պետրոսյանին՝ ընդգծելով, թե նա չի ցանկանում տեղափոխվել քաղաքական դաշտ և չի ընդունում այն ժամանակ վարչապետ, նորընտիր նախագահ Սերժ Սարգսյանի երկխոսության առաջարկը.- «Գնդակը Լևոն Տեր-Պետրոսյանի դաշտում է, ինը թեկնածուներից ինքն է, որ իր ձեռքը չի մեկնում, չի ուզում քաղաքական դաշտ տեղափոխվել։ Կրիտիկական պահ է։ Եթե այս պահին լինում է ճիշտ կողմնորոշում, մենք շահում ենք»։

Քանի որ այսօր Վարդան Օսկանյանը Մարտի 1-ի համար պատասխանատու է համարում այդ օրվա իշխանություններին, լրագրողները հետաքրքրվեցին՝ արդյոք իր ստեղծելիք կուսակցության օրակարգում կա՞ այդ արյունալի իրադարձությունների բացահայտումը։ Օսկանյանն ասաց, թե իրավապահ մարմինները պետք է դրանով զբաղվեն, բայց ամեն դեպքում իրենք կաջակցեն:

«Բնականաբար, աջակցություն կլինի, ինչքան թափանցիկ լինեն այդ հարցերը, այդքան լավ մեր հետագա զարգացման համար»,- ասաց նա։

Անդրադառնալով այն հարցին, թե ի՞նչ ռեսուրսով է պատրաստվում ժողովրդի քվեն ստանալ՝ հաշվի առնելով 2008 թվականի մարտի 1-ի արյունալի իրադարձություններն ու դրանց թողած ծանր հետևանքները, Վարդան Օսկանյանն ասաց, թե հենց իր ռեսուրսով, կուսակցության ծրագրով և երկրի զարգացման տեսլականով:

Նախկին արտգործնախարարը խուսափեց ասել, թե ովքեր են կազմելու իր կուսակցության կորիզը։ Կրկին հայտարարեց, թե Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը իր կուսակցության հետ կապ չունի, սակայն հրաժարվեց կոնկրետացնել՝ Քոչարյանը կհայտնվի՞ իր կուսակցության համամասնական ցուցակում, թե՞՝ ոչ:

«Չեմ պատկերացնում էդպիսի բան։ Այս հարցը պետք է Քոչարյանին տաք՝ ինքը քաղաքական ներգրավվածության ցանկություն ունի՞, թե՞՝ չէ։ Ես Քոչարյան հետ տասը տարի աշխատել եմ, նորմալ հարաբերություններ ունեմ»,- ասաց նա։

Քաղաքական ուժերը հիմնականում դրական էին արտահայտվում նախկին արտգործնախարարի կողմից ստեղծվելիք կուսակցության մասին, այդ թվում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը: Վերջինս մտավախություն չունի, որ Օսկանյանի կուսակցությունը կարող է է՛լ ավելի թուլացնել երբեմնի հզոր ԲՀԿ-ն՝ հաշվի առնելով, որ խմբակցության երբեմնի առանցքային գործիչները՝ Ստեփան Մարգարյանը, Էլինար Վարդանյանը և Վահե Հովհաննիսյանը կարող են անդամակցել նորաստեղծ կուսակցությանը։ Ավելին՝ Զոհրաբյանը պնդում է, թե ԲՀԿ-ն ինքնազտված և առողջացված ընդդիմադիր օրակարգով մասնակցելու է 2017-ի խորհրդարանական ընտրություններին։

«Ես վստահեցնում եմ, որ «Բարգավաճ Հայաստան»-ը շատ լուրջ ներկայություն է ունենալու 2017 թվականի խորհրդարանում»,- ասաց Զոհրաբյանը։

Իշխող Հանրապետականը ողջունում է ցանկացած ուժի մուտքը քաղաքական դաշտ, հատկապես որ, ինչպես խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը է նշում՝ կայացած ընդդիմության կարիք է զգացվում: Բայց և միաժամանակ չի հասկանում, թե ինչու Օսկանյանը որոշեց նոր ուժ ստեղծել, երբ կար ԲՀԿ-ն։

«Չեմ հասկանում՝ ի՞նչ կարիք կա նոր ուժ ստեղծելու, որովհետև իրենք քաղաքական ուժ ունեին կամ ունեն։ Կարող էին դրա շուրջը ստեղծել, բայց դա իրենց խնդիրն է»,- ասաց Բաղդասարյանը։

Իշխող Հանրապետականի խոսնակ, Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը չի կարողանում ասել, թե ինչու են ԲՀԿ-ում ընդգրկված առանցքային գործիչները լքում կուսակցությունը, բայց և ցանկանում է, որ նոր ստեղծվող ուժերը կարճաժամկետ սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների չնմանվեն:

«Շատ կուզենայի, որ նոր ստեղծվելիք կուսակցությունները ոչ թե լինեին, հազար ներողություն եմ խնդրում, առանց որևէ մեկին վիրավորելու կամ մատնանշելու, միանգամյա գործունեություն իրականացնող ՍՊԸ-ներ, այլ իրոք քաղաքական կուսակցություններ»,- ասաց Շարմազանովը։

Ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսը նշում է՝ եթե ընդհանուր եզրեր գտնեն, բնականաբար, կհամագործակցեն Վարդան Օսկանյանի կուսակցության հետ: Ինչ վերաբերում է 2017 թվականի ընտրություններին, ապա խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանն ընդգծեց՝ երբ պահը գա, կորոշեն՝ ընտրություններին գնում են միայնա՞կ, թե՞՝ դաշինքով։

«Իհարկե, հանրաքվեից հետո մենք բավականին ինքնավստահ ենք և կարծում ենք, որ միայնակ էլ կարող ենք շատ մեծ արդյունքի հասնել, բայց դա չի նշանակում, որ մենք բացառում ենք համագործակցություն որևէ քաղաքական ուժի հետ։ Ի վերջո, համախմբումը, բնականաբար, բազմապատկում է հաղթանակի հնարավորությունները»,- ասաց Զուրաբյանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG