Մատչելիության հղումներ

Ղարաբաղյան կուսակցությունները առաջարկում են սահմանադրական փոփոխություններ անցկացնել


Ղարաբաղի խորհրդարանական 5 կուսակցությունները՝ 3 այլ կուսակցությունների հետ դիմել են նախագահ Բակո Սահակյանին սահմանադրական փոփոխությունների մասնագիտական հանձնաժողով ստեղծելու խնդրանքով։

Դիմումին միացած ընդդիմադիր «Ազգային վերածնունդ» կուսակցության պատգամավոր Հայկ Խանումյանն ասում է՝ նախագահականից խորհրդարանական մոդելի անցնելու մասին առաջինը խոսել է վարչապետի կուսակցությունը՝ իշխող «Ազատ հայրենիք»-ը։

«Մենք հայտարարել ենք, որ դեմ ենք սահմանադրական փոփոխություններին, որովհետև գտնում ենք, որ 10 տարին մեկ Սահմանադրություն չեն փոխում, որ դա բացասականորեն կարող է անդրադառնալ Արցախի միջազգային կերպարի վրա և կարող է նախադեպ ստեղծել ցանկացած իշխանության համար՝ Սահմանադրություն փոխելու: Այսինքն՝ ամեն իշխանություն, գալով ինչ-որ փուլի, կփորձի փոխել Սահմանադրությունը», - ասում է ընդդիմադիր գործիչը:

Խանումյանի խոսքով, այնուամենայնիվ, իրենց կուսակցությունը միացել է դիմումին փոփոխությունների գործընթացին հետևելու, առաջիկայում նաև մասնագիտական հանձնաժողովում անդամ ունենալու համար, սակայն մայր օրենքը փոխելու անհրաժեշտություն չեն տեսնում՝ պնդելով, թե դրա հետևում թաքնված է իշխանությունն ավելի կայուն և վերարտադրելի դարձնելու նպատակը:

«Մեր կարծիքով մի քանի ռիսկեր կան, այդ թվում՝ երկու անգամ անընդմեջ նախագահի ընտրվելու արգելանքը հանելը: Փաստորեն՝ ներկայիս գործող Սահմանադրությամբ իշխանության գլխավոր դեմքը նախագահն է, որը երկու անգամից ավելի չի կարող նախագահ ընտրվել, հետևաբար՝ առնվազն 10 տարին մեկ իշխանությունը կարող է փոխվել», - ասում է Խանումյանը:

Ընդդիմադիր պատգամավորը խորհրդարանական կառավարման մոդելն ընդունելի չի համարում Ղարաբաղի նման՝ պատերազմի մեջ գտնվող երկրում:

«Ուժեղ նախագահական համակարգը ավելի է պատրաստ պատերազմող երկրի մարտահրավերներին պատասխանելու», - ասում է Խանումյանը:

Նախագիծ կամ փոփոխությունների հայեցակարգ Ղարաբաղում դեռ չկա, բայց, հատկապես Հայաստանում խորհրդարանական կառավարման մոդելի անցնելուց հետո, Խանումյանը վստահ է՝ Ստեփանակերտում էլ կփորձեն նույն կերպ վարվել:

Ղարաբաղի խորհրդարանական մեկ այլ ուժի՝ Դաշնակցություն խմբակցության ներկայացուցիչ Վահրամ Բալայանի խոսքով՝ իրենք միշտ էլ կողմ են եղել անցմանը խորհրդարանական կառավարման համակարգի։ Դաշնակցական պատգամավորն ընդգծում է՝ փոփոխությունից հետո Ղարաբաղում կառավարումն ավելի արդյունավետ կդառնա, բացի այդ, երկու հայկական պետությունները կունենան միանման կառավարման համակարգ:

«Ինձ թվում է՝ դա հնարավորություն կտա ավելի հարթ, ավելի սահուն հարաբերություններ ունենալ երկու երկրների իշխանությունների միջև», - ասում է պատգամավորը: Բացի այդ, Դաշնակցության ներկայացուցիչը պնդում է, որ խորհրդարանական համակարգի անցնելու դեպքում կմեծանա կուսակցությունների դերը Ղարաբաղում։

XS
SM
MD
LG