Մատչելիության հղումներ

«Ժառանգություն»-ը նոր ԸՕ նախագծի դեմ համախմբման կոչ է անում


«Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյան, արխիվ

«Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյան, արխիվ

«Ժառանգություն» կուսակցությունը հայտարարությամբ է հանդես եկել, որում խորին մտահոգություն ու հիասթափություն է հայտնում նոր Ընտրական օրենսգրքի շուրջ ծավալված գործընթացների առնչությամբ:

«Ներկայացված նախագիծն այնքան արատավոր է, որ մի շարք փոփոխությունների դեպքում անգամ չի կարող լիարժեք ապահովել արդար, թափանցիկ ու ազատ ընտրություններ: Այդպիսի փաստաթղթով ընտրությունների նախաձեռնումը արտագաղթի նոր ալիք է առաջացնելու և վերջնականապես երկիրը նետելու է միակուսակցական ճահճի մեջ», - ասված է ընդդիմադիր կուսակցության հայտարարությունում:

«Սթափ դատող բոլոր քաղաքական ուժերին, կազմակերպություններին, երիտասարդական հոսանքներին, քաղաքացիներին» «Ժառանգություն»-ը կոչ է անում «համախմբվել այս ազգադավ գործողությունները դադարեցնելու և երկրում իրական փոփոխություններ կենսակոչելու գործի շուրջ»:

Կուսակցությունը վստահեցնում է, որ «սատար է կանգնելու բոլոր այն նախաձեռնություններին, որոնք միտված են կանխելու իշխանության ապօրինի վերարտադրության նախապատրաստումը, կուսակցական դիկտատուրայի հաստատումն ու քաղաքացիների իրավունքների ոտնահարումը»:

«Համապետական ընտրությունների և, մասնավորապես, անցյալ տարվա դեկտեմբերի 6-ին տեղի ունեցած հանրաքվեի համակարգային ու համատարած կեղծումից հետո իշխանությունները դարձյալ չանսացին միջազգային կառույցների հորդորները: Ներքաղաքական ճգնաժամը հաղթահարելու համար անհրաժեշտ էր նոր Ընտրական օրենսգրքի մշակման ընթացքում ընդունել միջազգային հանրության, հասարակական դաշտի և քաղաքական ուժերի առաջարկները, ինչը չարվեց», - ասված է հայտարարությունում:

Ներկայացված Ընտրական օրենսգրքի նախագծով, ըստ «Ժառանգության», նահանջ է արձանագրված գրեթե բոլոր կարգավորումներում, որոնք պետք է ապահովեին ազատ, արդար և թափանցիկ ընտրությունների անցկացումը: «Միաժամանակ այսպես կոչված՝ համամասնական ընտրակարգի քողի տակ առաջարկվում է այնպիսի մեխանիզմ, որի ժամանակ ավելի վառ են դրսևորվելու մեծամասնական ընտրական համակարգի արատները», - համոզված է ընդդիմադիր կուսակցությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG