Մատչելիության հղումներ

logo-print

Հարուցվել է քրեական գործ՝ Սարի-Թաղում անչափահասի սպանության փաստով


Քննչական կոմիտեի շենքը Երևանում

Քննչական կոմիտեի շենքը Երևանում

Քննչական կոմիտեն տեղեկացնում է, որ Սարի-Թաղում անչափահասի սպանության փաստով հարուցվել է քրեական գործ։

«Մարտի 13-ին՝ ժամը 21.30-ի սահմաններում, ահազանգ է ստացվել, որ Սարի-Թաղի ոլորանների վրա կռիվ է, մեկն էլ արյան մեջ ընկած է: Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը՝ Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնի պետ Էդուարդ Սիրականյանի գլխավորությամբ», - ասված է հաղորդագրությունում։

Ըստ Քննչական կոմիտեի, նախնական տվյալներով, մարտի 13-ին՝ ժամը 21-ի սահմաններում, Սարի-Թաղում գործող թիվ 47 դպրոցի դիմաց տեղի է ունեցել վիճաբանություն, որին մասնակցել են նաև անչափահասներ։ «Վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի, որի ժամանակ Սարի-Թաղի 16-ամյա բնակիչը (17-ամյակը պետք է լրանար նոյեմբեր ամսին) կրծքավանդակի առաջնային մակերեսին ստացել է կյանքի հետ անհամատեղելի՝ կտրած-ծակած թափանցող վնասվածք։ Վերջինս ստացած մարմնական վնասվածքի հետևանքով, «կենսաբանական մահ» ախտորոշմամբ, տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն, որտեղ հաստատվել է անչափահասի մահը»։

«Տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով բժշկական կենտրոն է տեղափոխվել ևս հինգ անձ։ Բոլոր տուժածներն էլ Սարի-Թաղի բնակիչներ են։ Դեպքի առթիվ Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ Քրեական օրենսգրքի երեք հոդվածներով՝ սպանություն, սպանության փորձ՝ երկու կամ ավելի անձանց նկատմամբ, երկու կամ ավելի անձանց միջին ծանրության մարմնական վնաս պատճառելը», - ասված է հաղորդագրությունում։

Կոմիտեն տեղեկացնում է, որ կատարվել է դեպքի վայրի զննություն, որի ժամանակ հայտնաբերվել և առգրավվել են գլխարկ, կոշիկ, հայտնաբերվել են արնանման հետքեր։ Առգրավվել են նաև տուժածների հագին դեպքի պահին եղած հագուստները։ Նշանակվել են դատաբժշկական, դատաբժշկական և դատակենսաբանական փորձաքննություններ։

«Մշակվել է քննչական պլան, առաջ են քաշվել աշխատանքային վարկածներ, որոնք ստուգելու՝ վիճաբանության շարժառիթը, մասնակիցների շրջանակը և նրանցից յուրաքանչյուրի գործողությունների աստիճանը պարզելու ուղղությամբ կատարվում են քննչական, օպերատիվ-որոնողական միջոցառումներ», - ասված է հաղորդագրությունում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG