Մատչելիության հղումներ

Այսօրվանից ԱՄՆ-ում սկսվում է հայանպաստ հարցերի առաջմղման արշավը


Սպիտակ տունը Վաշինգտոնում

Սպիտակ տունը Վաշինգտոնում

«Երկու կարևոր նամակներ կան, որ կոնգրեսականներին խնդրում ենք ստորագրել», - ասում է Վաշինգտոնի Հայ դատի գրասենյակի խոսնակը:

Այսօրվանից Ամերիկայի Միացյալ Նահանգներում սկսվում է հայանպաստ հարցերի առաջմղման արշավը։ Մի քանի օր մասնակիցները՝ զանգահարելով, անձնական հանդիպումներով, հորդորելու են ԱՄՆ-ի կոնգրեսականներին՝ աջակցել նախագահ Բարաք Օբամային ուղղված երկու նամակներին։

Երկու կարևոր կետերից մեկը ղարաբաղյան խնդրի կարգավորմանն է ուղղված։ «Այս շաբաթ պետք է կենտրոնանանք մի քանի հարցերի վրա՝ հեռաձայնելով և անձնական հանդիպումներով Կապիտոլիումում։ Այսօր կսկսեք հեռաձայնային արշավը։ Երկու կարևոր նամակներ կան, որ կոնգրեսականներին խնդրում ենք ստորագրել. մեկը՝ Ռոյսի և Ինգըլի գաղափարներն են, որոնք դրված էին անցյալ հոկտեմբերին, որին միացել են մոտավորապես 85-ից ավելի կոնգրեսականներ», - «Ազատության» հետ զրույցում ասաց Վաշինգտոնի Հայ դատի գրասենյակի մամուլի խոսնակ Էլիզաբեթ Չուլջյանը։

Ամերիկացի կոնգրեսականները՝ Կալիֆորնիայից ընտրված հանրապետական Էդ Ռոյսը և Ներկայացուցիչների տանը Նյու Յորքը ներկայացնող դեմոկրատ Էլիոթ Ինգըլը, հիշեցնենք, երեք կետից բաղկացած ծրագիր են ներկայացրել, որը, նրանց համոզմամբ, հնարավորություն կտա կանխել հայ - ադրբեջանական պատերազմի հնարավոր վերսկսումը:

Նրանք նամակով դիմել են ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքին` ներկայացնելով իրենց հեղինակած ծրագրի մանրամասները:

Ամերիկացի կոնգրեսականները առաջին հերթին առաջարկել են հակամարտության կողմերին շփման գծից հետ քաշել բոլոր դիպուկահարներին: Բացի այդ, Ռոյսն ու Ինգըլը կոչ են անում ավելացնել շփման գծում իրադրությանը հետևող ԵԱՀԿ-ի դիտորդների քանակը, ինչպես նաև նույն կազմակերպության հովանու ներքո ճակատային գծում հատուկ տեխնիկական միջոցներ տեղադրել, որոնք կտեսագրեն և կձայնագրեն տեղի ունեցող ողջ տեղաշարժը: «Այդ համակարգի ներդրումը հնարավորություն կտա ֆիքսել շփման գծի երկայնքով իրականացված բոլոր հարձակումների աղբյուրները», - նշել են կոնգրեսականները:

Էլիզաբեթ Չուլջյանն ընդգծեց, որ Ադրբեջանը դեմ է այդ կետերի իրականացմանը։ «Մարտի 31-ին, երբ որ [Ադրբեջանի] նախագահ Ալիևը Վաշինգտոնում լինի, նախագահ Օբամային կոչ ենք արել, որ այդ երեք կետերի շուրջ խոսի նախագահ Ալիևի հետ, մեկ նամակը դրա վերաբերյալ է», - ասաց Չուլջյանը։

Հայ դատի հանձնախմբի մամուլի խոսնակը նշեց, որ մյուս նամակը վերաբերում է Ամերիկայի արտաքին օժանդակությանը՝ ուղղված Հայաստանին և Ղարաբաղին։

«Կուզենք, որ դա ընդլայնվի։ Թե՛ Սենատը, թե՛ Ներկայացուցիչների պալատը պետք է հաջորդ ամիսներին քննարկեն այս նյութերը։ Մենք կոչ ենք ուղղել, որ ներկայիս գումարը 1-2 միլիոնից ընդլայնվի մինչև 5 միլիոն։ Ամերիկայի նահանգներից հայորդիները երեքշաբթի և չորեքշաբթի պետք է գան Վաշինգտոն՝ հատուկ հանդիպումներ ունենալու համար Կապիտոլիումում կոնգրեսականների հետ՝ այս նյութերի, ինչպես նաև Հայոց ցեղասպանության ճանաչման շուրջ, ինչպես նաև Հայաստանի և Ամերիկայի միջև կրկնակի հարկերի վերաբերյալ բանակցությունների, նաև՝ Միջին Արևելքի քրիստոնյաների դեմ հարձակումների գծով, որ ցեղասպանություն ներկայացվեն», - ասաց Էլիզաբեթ Չուլջյանը։

Հարցին, թե արդեն պա՞րզ է, թե հատկապես որ կոնգրեսականների հետ են նախատեսվում այդ հանդիպումները և որտեղ, Վաշինգտոնի Հայ դատի գրասենյակի խոսնակը պատասխանեց. - «Սկզբում կոնգրեսականների անձնական հանդիպումները պետք է լինեն, բայց դրանից դուրս ավելի քան 200 կոնգրեսականների հատուկ գրասենյակային այցեր պետք է լինեն»։

XS
SM
MD
LG