Մատչելիության հղումներ

Ըստ արտաքին գործերի նախկին նախարարի, Հայաստանի երկրորդ նախագահը ստեղծվելիք կուսակցության հետ կապ չունի։

«Կուսակցություն ստեղծելու հետ կապված աշխատանքները բավական առաջ են գնացել, այս պահին ուղղակի դեռ ես պատրաստ չեմ հայտարարելու, որ ստեղծվում է կուսակցություն, բայց կլինի», - «Կիրակնօրյա վերլուծական Թամրազյանի հետ» հաղորդման ժամանակ ասաց Ազգային ժողովի պատգամավոր, արտաքին գործերի նախկին նախարար Վարդան Օսկանյանը՝ ընդգծելով, որ Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ստեղծվելիք կուսակցության հետ կապ չունի։

«Քոչարյանը այս ստեղծվելիք կուսակցության հետ կապ չունի։ Գիտեմ, որ դա իսկապես շահարկվում է, հստակ ինչ-որ նպատակ է հետապնդվում դրանից», - ասաց նախկին արտգործնախարարը։

Նա ընդգծեց, որ Քոչարյանի հետ երկար տարիներ աշխատել է, շատ լավ հարաբերություններ է ունեցել, աշխատանքն արդյունավետ է եղել, այսօր էլ կապը նախկին նախագահի հետ պահում է, հանդիպում է, բայց համատեղ քաղաքական ծրագիր երբեք չեն մշակել։ «Այդպիսի նպատակ չկա», - ասաց Օսկանյանը։

Հարցին՝ եթե Ռոբերտ Քոչարյանը որոշի մտնել քաղաքականություն և խնդրի անդամակցել կուսակցությանը, կընդունե՞ն իրեն, արտաքին գործերի նախկին նախարարը պատասխանեց. - «Դա ժամանակի խնդիր է... Ինքը բաց կուսակցություն պետք է լինի։ Ես Քոչարյանի հետ նորմալ հարաբերություններ ունեմ, ... ես խնդիր չունեմ։ Ժողովրդի կողմից ինչ-որ ընկալում կա էդ բոլորին։ Ուղղակի ես հիմա արձանագրում եմ այն փաստը, որ սա Քոչարյանի հետ կապ չունի՝ այն կուսակցությունը, որ ստեղծվելու է»։

Օսկանյանն ընդգծեց, որ որևի մեկին չի բացառում, և բոլորի հետ էլ հնարավոր է աշխատի։ «Այն կուսակցությունները, որոնց հետ մենք ունենք ընդհանրություն՝ և՛ նպատակների, և՛ գաղափարական հենքի, ես տեսնում եմ իրոք համագործակցություն, և այս պահի դրությամբ կարող եմ ասել՝ որևէ մեկին չեմ բացառում, բոլորի հետ էլ հնարավոր է աշխատեմ։ Կարող է գաղափարախոսության հարցերով ինչ-որ լինեն հակասություններ, բայց եթե մի նպատակ է դրվում, կարելի է այդ նպատակի շուրջ աշխատել, և նպատակի շուրջ շատ ավելի հեշտ է համախմբվել», - ասաց նախկին արտգործնախարարը։

Հարցին, թե հնարավորություն կա՞ համախմբման, Օսկանյանը պատասխանեց. - «Ես կարծում եմ, որ կա։ Հրայր, եթե հետևել եք՝ և՛ անհատ մարդիկ, և՛ քաղաքական կուսակցությունները բոլորը դրանից են խոսում։ Իսկապես բոլորը գիտակցում են, որ երկիրը զարգացման ճիշտ ուղու վրա չէ, նույն զարգացում բառն այստեղ կիրառելի չէ, երկիրն իսկապես լճացման մեջ է, և մենք լուրջ խնդիրների առաջ ենք: Բոլորը գիտակցում են, որ ինչ-որ բան պետք է փոխվի երկրում»։

«Կիրակնօրյա վերլուծական Թամրազյանի հետ» հաղորդաշարի մարտի 13-ի թողարկումը ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ․

XS
SM
MD
LG