Մատչելիության հղումներ

Ժնևում կվերսկսվեն սիրիական ճգնաժամի կարգավորման բանակցությունները


Շվեյցարիա - Սիրիայի հարցով ժնևյան բանակցությունների նախորդ փուլը, 1-ը փետրվարի, 2016թ․

Շվեյցարիա - Սիրիայի հարցով ժնևյան բանակցությունների նախորդ փուլը, 1-ը փետրվարի, 2016թ․

«Ուզում ենք տեսնել այս արյունահեղության վերջը», - հայտարարում է սիրիական ընդդիմության ներկայացուցիչը:

Այսօր Ժնևում նախատեսված են բանակցություններ Սիրիայի հարցով: Կիրակի երեկոյան Reuters լրատվական գործակալությունը հաղորդեց, որ Ժնև են ժամանել Սիրիական ընդդիմության բանակցությունների գծով բարձրագույն կոմիտեի ներկայացուցիչները:

Կոմիտեի պաշտոնական ներկայացուցիչ Սալիմ ալ-Մուսլադը, ժամանելով Ժնև, հայտարարել է, որ մտադիր են նախատեսվող բանակցություններում շատ արագ հասնել հաջողությունների:

«Մենք հույս ունենք, որ կարող ենք հանգել համաձայնության շատ արագ, քանի որ մեր ժողովուրդը սպասում է, և մենք ուզում ենք տեսնել այս արյունահեղության վերջը Սիրիայում»,- նշել է ալ-Մուսլադը:

«Մենք եկել ենք այստեղ, որպեսզի ներկայացնենք մեր ժողովրդի դիրքորոշումը: Մենք քաղաքական որոշումներ ենք փնտրում բանակցությունների և ոչ թե ռազմական գործողությունների միջոցով»,- ասել է Սիրիական ընդդիմության բանակցությունների գծով բարձրագույն կոմիտեի պաշտոնական ներկայացուցիչը:

Բանակցությունները Սիրիայի ընդդիմության և կառավարության ներկայացուցիչների միջև Ժնևում նախատեսված են միջնորդավորված կերպով, կողմերի տեսակետները պետք է փոխանցի ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հատուկ բանագնաց Ստաֆան դե Միստուրան:

Սիրիայի հարցով բանակցություններին ընդառաջ՝ երեկ Փարիզում հանդիպել են ԱՄՆ-ի, Գերմանիայի, Ֆրանսիայի, Իտալիայի և Մեծ Բրիտանիայի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները:

Միացյալ Նահանգների պետքարտուղար Ջոն Քերրին հայտարարել է. - «Մենք հաստատակամորեն աջակցում ենք ՄԱԿ-ի ջանքերին և ակնկալում ենք բանակցությունների շարունակություն Ժնևում, երկուշաբթի օրը»:

Քերրին ասել է, որ նախօրեին Սիրիայի արտգործնախարարության հնչեցրած մեկնաբանությունները պարզորոշ կերպով փորձում են խափանել գործընթացը:

ՄԱԿ-ը հորդորել է Սիրիային 18 ամսում անցկացնել նախագահի ընտրություններ: Սիրիական ընդդիմությունը պնդում է, որ նոր կառավարության կազմում չի կարող ընդգրկվել ներկայիս նախագահ Բաշար ալ-Ասադը: Սիրիայի արտգործնախարար Վալիդ Մուալեմը, մինչդեռ, հայտարարել է՝ ոչ մի հարց նախագահի ընտրությունների կապակցությամբ:

Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան Մարկ-Էրոյի խոսքով՝ Սիրիայի արտաքին գործերի նախարարի մեկնաբանությունները «սադրանք են, չեն համապատասխանում հրադադարի ոգուն»:

Ֆրանսիայի և Միացյալ Նահանգների արտաքին գերատեսչությունների ներկայացուցիչները Ասադի կողմնակիցներին՝ Ռուսաստանին և Իրանին կոչ են արել ջանքեր գործադրել, որպեսզի Դամասկոսը վերջ դնի հրադադարի ռեժիմի խախտումներին:

Հիշեցնենք՝ Սիրիայի հարցով բանակցությունների նախորդ փուլը, որը Ժնևում մեկնարկել էր փետրվարի 1-ին, երկու օր անց ընդհատվեց:

XS
SM
MD
LG