Մատչելիության հղումներ

«Լուսավոր Հայաստան»-ը կմասնակցի առաջիկա բոլոր ընտրություններին


«Լուսավոր Հայաստան» կուսակցության անդամները բացօթյա ասուլիս են հրավիրել, 12-ը մարտի, 2016թ․

«Լուսավոր Հայաստան» կուսակցության անդամները բացօթյա ասուլիս են հրավիրել, 12-ը մարտի, 2016թ․

Կուսակցությունում վստահ են՝ առնվազն Վանաձորի քաղաքապետի ընտրություններում «տեղական իշխանափոխություն կիրականացնեն»:

Ընդամենը 3 ամիս առաջ հիմնադրված «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը նախատեսում է ակտիվորեն մասնակցել բոլոր մակարդակների, այդ թվում՝ ՏԻՄ ընտրություններին։ Այսօր Մաշտոցի պուրակում հրավիրած բացօթյա ասուլիսում այդ մասին հայտարարեց կուսակցության ղեկավար՝ ԱԺ անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանը, ընդգծելով, որ կպայքարեն հատկապես Գյումրիի և Վանաձորի քաղաքապետի պաշտոնների համար։

Արձագանքելով շրջանառվող լուրերին, թե Վանաձորում «Լուսավոր Հայաստան»-ի թեկնածուն Մարուքյանի եղբայրն է՝ Քրիստ Մարուքյանը, ով այսօր Հայաստանի Մանկական հիմնադրամի Լոռու կառույցի ղեկավարն է, Էդմոն Մարուքյանն ասաց. - «Որ «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը հաղթելու է Վանաձորի ընտրություններում, կարծում եմ՝ դա Վանաձորում ոչ ոք չի վիճարկում: Այսինքն՝ մեր վիճակն այնտեղ էդ մակարդակին է հասցված, և բոլորը սպասում են էդ ընտրություններին, որ տեղական մակարդակում իշխանափոխություն լինի»:

Նորաստեղծ կուսակցության անդամները պնդեցին՝ թեև քարոզարշավը դեռ չեն սկսել, բայց այսօրվանից մարզային այցեր կիրականացնեն: Այսօր արդեն Գյումրի են մեկնել։ Մարզային հանդիպումների երկրորդ հանգրվանը կլինի Վանաձորը։ Բացօթյա ասուլիսում կուսակցության ղեկավարը նաև նշեց. գնում են մարդկանց լսելու և պարզելու նրանց հուզող խնդիրները։

Ընդդիմադիր ուղղվածություն ունեցող «Լուսավոր Հայաստան»-ի անդամները համոզված են, որ հատկապես մարզերի բնակիչները նման շփումների կարիքն ունեն՝ իրենց անտեսված չզգալու համար։ «Համայնքներում, Երևանից դուրս, քաղաքական կյանքը մեռած վիճակում է: Մարդիկ իրենց հաշվի առնված չեն զգում, չեն զգում, որ ինչ-որ պրոցեսների մասնակիցն են և կարող են ինչ-որ կերպ ազդեցություն ունենալ»,- ասաց Մարուքյանը:

Անցած տարի Հայաստանում ևս երկու քաղաքական կուսակցություն ստեղծվեց: ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանի և նրա աջակիցների կողմից հիմնադրվեց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը։ «Բարգավաճ Հայաստան»-ից դուրս եկած պատգամավոր Տիգրան Ուրիխանյանն էլ ստեղծեց «Ալյանս» առաջադիմական ցենտրիստական կուսակցությունը։ Էդմոն Մարուքյանը նշեց՝ իրենց կուսակցության դռները բաց են ինչպես նշված նորաստեղծ, այնպես էլ այլ կուսակցությունների հետ համագործակցության համար։ «Մենք հակառակորդ ենք համարում միայն իշխանությանը, մեր կռիվը որևէ ընդդիմադիր ուժի դեմ չէ, գործող համակարգի դեմ է»,- պարզաբանեց Մարուքյանը:

Ինչ վերաբերում է ընդդիմադիր ուժերի հետ հնարավոր դաշինքի ձևավորմանը, ապա «Լուսավոր Հայաստան»-ը դեռևս այդ հարցով քննարկումներ չի անցկացրել։

XS
SM
MD
LG