Մատչելիության հղումներ

Ընդդիմախոսները կասկածի տակ են դնում նոր Ընտրական օրենսգրքի «համամասնական» բնույթը


Արխիվ -- Ընտրատեղամաս Երևանում, 6-ը մայիսի, 2012թ․

Արխիվ -- Ընտրատեղամաս Երևանում, 6-ը մայիսի, 2012թ․

Ընդդիմախոսներն այսօր առաջին անգամ հնարավորություն ստացան իրենց մտահոգությունները հայտնել նախագծի համահեղինակներին

Ընդդիմադիրներն ու քաղհասարակության ներկայացուցիչները շարունակում են պնդել՝ Ընտրական օրենսգրքի նախագիծը չի վերացնում ընտրակեղծիքների մեխանիզմը, ավելին՝ մի շարք դրույթներ հետընթաց են գործող օրենսդրության նկատմամբ։

Ընդդիմախոսները Ընտրական օրենսգրքի հրապարակումից հետո այսօր ԵԱՀԿ գրասենյակի աջակցությամբ կազմակերպված քննարկմանը առաջին անգամ հնարավորություն ստացան իրենց մտահոգությունները հայտնել նախագծի համահեղինակներին։

«Ժառանգության» փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանն անընդունելի է համարում նախագծում տեղ գտած պահանջը, ըստ որի կուսակցությունները համապետական ցուցակից բացի ընտրատարածքներում առաջադրում են նաև թեկնածուների ցանկ։

«Այս դեպքում այդ ընտրակաշառքը, կեղծարարությունը, թաղի ռեսուրսի օգտագործումը, որ մեծամասնականի համար կիրառվում էր, արդեն պետք է օգտագործվի նաև կուսակցության համար: Պարզ է՝ իշխող կուսակցության համար», - ասում է Մարտիրոսյանը:

Նախագիծը նաև սահմանում է՝ կուսակցության և ընտրատարածքային թեկնածուների մանդատները բաշխվելու են հավասարապես։ Պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանը պնդում է՝ 100 տոկոսանոց համամասնականի փոխարեն ԱԺ-ի 50 տոկոսը կզբաղեցնեն մեծամասնականով ընտրված պատգամավորները․ - «Այդ պարագայում խոսելը համամասնականի մասին՝ անթույլատրելի է»:

Օրենքի համահեղինակ, Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը համամիտ չէ ընդդիմախոսների պնդումներին, ասում է՝ առաջարկվող մոդելը 100 տոկոսանոց համամասնական է․ - «Բացեք ցանկացած ընտրական իրավունքի ցանկացած դասագիրք և համադրեք՝ ինչ է կոչվում մեծամասնական, ինչ է կոչվում համամասնական, որից հետո տեքստը կիրառել և ուսումնասիրել՝ արդյո՞ք առաջարկվող մոդելը մեծամասնական է, թե՞՝ համամասնական»:

Էլեկտրոնային ցանցը կարելի է «հեշտությամբ» խափանել

Ընդդիմադիրներին անհանգստացնում է նաև տեղամասերում էլեկտրոնային գրանցման մեխանիզմի ներդրումը։ Ըստ նախագծի, ընտրողներին գրանցելու է տեղամասում գտնվող հատուկ մասնագետը՝ էլեկտրոնային համակարգի միջոցով, ով ճշտելու է՝ արդյո՞ք քաղաքացին ընդգրկված է ընտրողների ցուցակում և արդյո՞ք արդեն չի քվեարկել: Համակարգիչը, սակայն, այս հարցի պատասխանը կարող է տալ միայն այդ տեղամասի համար, քանի որ տվյալների միասնական ցանց չի լինելու։ Էլեկտրոնային համակարգն, ըստ ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանի, չի բացառում կրկնակի քվեարկությունները․ - «Մենք ի՞նչ երաշխիք ունենանք, որ այս անձը, որը եկավ իր ID քարտը ներկայացրեց, կանաչ լույսը՝ OK, որ ամեն ինչ նորմալ է, նույն տվյալ անձն է, այսինքն՝ որևէ այլ անձ այլ անձի անձնագրով կամ ID քարտով չի քվեարկում»:

Դավիթ Հարությունյանը, սակայն, Ընտրական օրենսգրքի այս նորամուծությունն առաջընթաց է համարում: Նրա պնդմամբ՝ տվյալների ընդհանուր էլեկտրոնային ցանց ապահովելն անհնարին է՝ նախ որոշ համայնքներում ինտերնետ չկա, իսկ եղածներում էլ հեշտությամբ կարելի է խափանել կապը, ինչն, ըստ նախարարի, ավելի կասկածելի կդարձնի ընտրությունների ընթացքը․ - «Կարող եք գնել սարքեր, որոնք շատ հեշտությամբ կխլացնեն 3G կապը։ Բոլոր քրեակատարողական պետհաստատություններում դրված են այդ սարքերը՝ չինական արտադրությունից սկսած մինչև ամերիկյան և եվրոպական, որոնք կխափանեն 3G ցանցը: Ցավոք սրտի՝ դա այդպես է»:

ՀԱԿ կուսակցության փոխնախագահ Լևոն Զուրաբյանն առաջարկեց ընդհանրապես չեղյալ համարել միայն իշխանության ներկայացուցիչների կողմից մշակված նախագիծն ու շահագրգիռ բոլոր ուժերի ներգրավմամբ նոր աշխատանքային հանձնաժողով ձևավորել։

«Լավագույն լուծումը չէ»

Քաղհասարակության ներկայացուցիչների համար էլ այսօր մտահոգության հիմնական թեման ընտրատեղամասերում դիտորդների ու ԶԼՄ ներկայացուցիչների սահմանափակումն էր։ Ըստ նախագծի՝ տեղամասում միևնույն ժամանակ չեն կարող լինել 8-ից ավելի լրագրողներ ու դիտորդներ, ավելին՝ ներկաները հանձնաժողովի որոշմամբ կարող են հեռացվել։

Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը ընդունում է՝ դիտորդների ու լրագրողների սահմանափակումը լավագույն լուծումը չէ, սակայն նշում է՝ դրույթն ավելացել է հաշվի առնելով նախորդ ընտրությունները․ - «Եղել է իրավիճակ, երբ տեղամասում դիտորդներ ու զանգվածային լրատվության միջոցներ՝ 57 հոգի, 63 հոգի․․․ ես չեմ պնդում, որ բոլորը եղել են լրատվամիջոցներ, բայց այդպիսի ներկայություն է եղել: Եվ հաճախ, երբ դիտորդական առաքելություններն իրենց զեկույցներում նշում են, որ գիտեք՝ կուտակումներ կան և դրանք վտանգավոր են, այս խնդիրների հետ են կապված»:

XS
SM
MD
LG