Մատչելիության հղումներ

logo-print

Եվրոպայի խորհրդի՝ քրեական ոլորտին վերաբերող տարեկան զեկույցի համաձայն, Հայաստանում բանտարկյալների թիվը տարեցտարի աճում է։

Եվրոպայում 100,000 բնակչին բաժին ընկնող դատապարտյալների թիվը սովորաբար չի գերազանցում 124-ը, մինչդեռ Եվրոպայի խորհրդի անդամ Հայաստանում այն 131 է, և այս ցուցանիշը 2005-ի համեմատ կրկնապատկվել է։

Մյուս կողմից՝ Հայաստանում յուրաքանչյուր երկրորդ բանտարկյալ դատապարտված է 5-10 տարվա ազատազրկման, ինչը Եվրոպայի խորհուրդը գնահատում է որպես խիստ պատժաչափ։

Եվրոպայի խորհրդի՝ վերջերս հրապարակած զեկույցում տեղ գտած փաստերը Հայաստանի իրավապաշտպանների համար նորություն չեն: Պնդում են՝ միջազգային հանրությունը բազմիցս է անդրադարձել բանտերի գերբեռնվածության, խիստ պատժաչափերի, կալանքի որոշումների հարցերին, սակայն Հայաստանի իշխանությունները, ընդունելով այս խնդիրների առկայությունը, բարեփոխումներ չեն իրականացնում։

Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանն ասում է՝ ընտրովի արդարադատությունը որպես մահակ իջնում է չհնազանդվողների գլխին․ - «Սա նաև քաղաքական նպատակահարմարության հարցն է, և խիստ պատիժ օտարների նկատմամբ, որոնք մեր կողմնակիցները չեն: Էլ չեմ ուզում ասել պաշտոնյաների ու նրանց զավակների մասին՝ ժամանակ առ ժամանակ ինչ սկանդալներում են հայտնվում և ինչպես պատիժ չեն կրում՝ սա ընտրովի արդարադատության հետևանքն է»:

Մարդու իրավունքները պաշտպանները, միևնույն ժամանակ, խիստ պատժաչափերի կողքին թվարկում են մեղմ պատիժները, որոնք իշխանությունները կիրառում են իրենց մերձավորների դեպքերում: Օրինակները շատ են, ասում է Իշխանյանը՝ Սյունիքի մարզպետի, նրա որդու ու հարազատների օրինակների կողքին հիշատակում է Շանթ Հարությունյանի ու ընկերների, Հայկ Կյուրեղյանի գործերը:

Իրավապաշտպան Արթուր Սաքունցին չեն զարմացնում զեկույցում տեղ գտած փաստերը, նա պնդում է՝ Հայաստանում իշխանությունները մարդու իրավունքները ստորադասում են իրենց շահերին։

«Մարդու իրավունքների պաշտպանության հանձնառության գիտակցումը չկա: Այս պահին իշխանությունն ավելի շատ մտահոգված է իր իշխանության շարունակականությունը ապահովելու խնդրով, որի համար արագ Սահմանադրություն է փոխում և այլն, բայց այն օրենսդրական կարգավորումները, որոնք վերաբերում են մարդու իրավունքներին՝ այդ բնագավառներում ակնհայտ հապաղում է», - ասում է նա:

Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանն այսօր «Ազատության» հարցին ի պատասխան պնդեց՝ օրենսդրական բարեփոխումները լուծում կտան թե՛ բանտերի գերբեռվածության, թե՛ պատժաչափերի ու այլընտրանքային պատժամիջոցների հարցին։ Օրինագիծը կա՝ մնում է հասնի խորհրդարան: Նախարարը նաև հիշատակեց «Արմավիր» քրեակատարողական հիմնարկը, որը, նրա խոսքով, առաջիկայում կլուծի գերբեռնվածության հարցը․ - «Քրեական դատավարության օրենսգիրքը առաջին ընթերցման ռեժիմով քննարկվել է Պետական-իրավական հարցերի հանձնաժողովում, օրակարգում է, և, հաշվի առնելով Ազգային ժողովի ծանրաբեռնվածությունը, հույս ունենք, որ առաջիկայում կքննարկվի: Այնտեղ խափանման միջոցների տարբեր՝ այլ տեսակներ են ընտրված, և սա էականորեն կլուծի այս խնդիրը»:

Եվրոպայի խորհրդի զեկույցի համաձայն՝ Հայաստանի յուրաքանչյուր բանտարկյալի օրական բաժին է ընկնում ավելի քան 9 եվրո, ինչը 5 անգամ ցածր է եվրոպական ցուցանիշներից՝ Եվրոպայում այն կազմում է օրական 45 եվրո։

XS
SM
MD
LG