Մատչելիության հղումներ

Ադրբեջանը Վրաստանում ամենախոշոր ներդրումներ կատարած երկիրն է


Տեսարան Թբիլիսիից
Տեսարան Թբիլիսիից

Երկրորդ տեղում Մեծ Բրիտանիան է, երրորդում՝ Նիդերլանդները, չորրորդում՝ Լյուքսեմբուրգը:

Վրաստանի Ազգային վիճակագրական ծառայությունը հրապարակել է 2015 թվականին Վրաստանում օտարերկրյա ուղղակի ներդրումների մասին տվյալներ, ըստ որոնց՝ անցած տարի ամենամեծ ներդրումը կատարել է Ադրբեջանը՝ 542 միլիոն դոլար:

Ընդհանուր առմամբ, 2015-ին Վրաստանում կատարվել է մեկ միլիարդ 351 միլիոն դոլարի ներդրում: Մյուս երկրների ներդրումներն իրենց ծավալներով զգալիորեն զիջում են Ադրբեջանի կատարածին: Երկրորդ տեղում Մեծ Բրիտանիան է, որը Վրաստանում կատարել է 198 միլիոն դոլարի ներդրում, երրորդը՝ Նիդերլանդները՝ 111 միլիոն դոլար:

Նշենք, որ 2013-ին և 2014-ին Նիդերլանդները Վրաստանում ամենախոշոր ներդրումներ կատարած երկիրն էր: Ուշագրավ են փոքրիկ Լյուքսեմբուրգի կատարած ներդրումների ծավալները: 2015-ին դրանք կազմել են 87 միլիոն դոլար, ինչը Վրաստանում 4-րդ ցուցանիշն է, ավելի շատ, քան, օրինակ, Թուրքիայի, Չինաստանի, Ռուսաստանի և Միացյալ Նահանգների համանման ցուցանիշները:

Տոկոսային արտահայտությամբ՝ Ադրբեջանի ներդրումները Վրաստանում կազմում են օտարերկրյա ներդրումների ողջ ծավալի 40 տոկոսը, Մեծ Բրիտանիայինը՝ 15, Նիդերլանդներինը՝ 8 տոկոսը: Մյուս երկրների ներդրումներն ավելի քիչ են, որոշ դեպքերում էլ՝ նվազման միտում ունեն: Օրինակ՝ Միացյալ Նահանգների կողմից 2015-ին Վրաստանում կատարված ներդրումնները 35 միլիոն դոլար են կազմել, ինչը Վրաստանում կատարված բոլոր ներդրումների 3 տոկոսն է՝ ավելի քիչ, քան Ռուսաստանի ներդրումները:

Վրաստանի Ազգային վիճակագրական ծառայությունը ներկայացրել է նաև ներդրումների ոլորտները: 2015-ին օտարերկրյա ներդրումների մեծ մասը՝ 68 տոկոսը, բաժին է ընկել տնտեսության երեք բնագավառների: Տրանսպորտի և հաղորդակցության ոլորտում ներդրվել է 594 միլիոն դոլար, ֆինանսական ոլորտում՝ 191 միլիոն դոլար, շինարարական ոլորտում՝ 129 միլիոն դոլար: Տոկոսային հարաբերակցությամբ, ներդրումների 44 տոկոսը կատարվել է տրանսպորտի և հաղորդակցության ոլորտում, 14 տոկոսը՝ ֆինանսների, և 9 տոկոսը՝ շինարարության ոլորտում: Համեմատության համար նշենք, որ էներգետիկայի ոլորտում կատարված ներդրումները կազմում են ընդանուր ներդրումների 7 տոկոսը՝ նույնչափ, որքան արդյունաբերությունում:

Ներկայացվել է նաև ներդրումների դինամիկան ըստ եռամսյակների, ինչպես նաև՝ ըստ տարիների: Ըստ այդմ, ամենամեծ ներդրումները Վրաստանում կատարվել են 2007 թվականին՝ 2 միլիարդ 14 միլիոն դոլար: Վերջին 10 տարվա ընթացքում այլևս ոչ մի անգամ ներդրումների ընդհանուր ծավալը 2 միլիարդ դոլարի սահմանը չի անցել: 2008-ին Վրաստանում օտարերկրյա ներդրումները կազմել են 1 միլիարդ 564 միլիոն դոլար, իսկ 2009-ին և 2010-ին զգալիորեն կրճատվել են՝ հասնելով համապատասխանաբար 658 միլիոն դոլարի և 814 միլիոն դոլարի:

Հետագա տարիներին ներդրումները դարձյալ սկսել են աճել: 2014-ին ևս արտասահմանյան ներդրումների ծավալը զգալի է եղել՝ 1 միլիարդ 758 միլիոն դոլար, որը 10 տարվա կտրվածքով երկրորդ ցուցանիշն է: Դրան հաջորդած տարում որոշ չափով նվազում է արձանագրվել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG