Մատչելիության հղումներ

Նարիշկին․ «Հայաստանը ՀԱՊԿ-ում հատուկ դեր ունի»


ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը և Պետդումայի նախագահ Սերգեյ Նարիշկինը հանդես եկան հայտարարություններով, Երևան, 11-ը մարտի, 2016թ․

ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը և Պետդումայի նախագահ Սերգեյ Նարիշկինը հանդես եկան հայտարարություններով, Երևան, 11-ը մարտի, 2016թ․

Շարմազանովը «հանցագործություն» է համարում թուրքերի կողմից ռուսական կործանիչի և Ադրբեջանի կողմից հայկական ուղղաթիռի խոցումը: Նարիշկինը, մինչդեռ, Ադրբեջանի մասին լռում է:

«Թուրքիան իր գործողություններով ապակայունացնում է իրավիճակը Մերձավոր Արևելքում, իսկ Հայաստանը կարևոր դեր ունի խաղաղության ապահովման գործում»,- այսօր Երևանում հայտարարեց Ռուսաստանի Պետդումայի նախագահ Սերգեյ Նարիշկինը:

ՀԱՊԿ Խորհրդարանական վեհաժողովի խորհրդի՝ այսօր Երևանում կայացած նիստին Նարիշկինը նաև հայտարարեց՝ «Հատուկ մտահոգություն են առաջացնում Թուրքիայի կողմից Սիրիայի տարածքի ռմբակոծումները և Թուրքիայի այլ գործողությունները, որոնք ուղղված են այս պայթյունավտանգ տարածաշրջանում իրավիճակի ապակայունացմանը: Հայաստանն իր աշխարհագրական դիրքով միջազգային լարված օջախներին մոտ լինելով՝ կազմակերպության մեջ հատուկ դեր ունի, և մենք պետք է հաշվի առնենք նրա փորձը, այդ թվում և խորհրդարանական փորձը՝ խաղաղության ապահովման գործում»:

Ռուսաստանի Պետդումայի նախագահը, ով նաև ՀԱՊԿ Խորհրդարանական վեհաժողովի խորհրդի նախագահն է, այսօր Հայաստանի Ազգային ժողովում հայտարարեց, որ վաղը «Էրեբունի» օդանավակայանի օրինակով կծանոթանան կովկասյան տարածաշրջանում ՀԱՊԿ-ի պաշտպանական հնարավորություններին: Նիստի հիմնական մասը փակ էր լրագրողների համար: Վեհաժողովում Հայաստանի պատվիրակության ղեկավար՝ Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը նիստից հետո վերահաստատեց՝ Հայաստանն աջակցում է ահաբեկչության դեմ պայքարում Ռուսաստանի գործողություններին: Նաև անդրադարձավ ղարաբաղյան հարցին, հայտարարելով՝

«Մենք հանցագործություն ենք համարում թուրքական կողմից ռուսական Սու-24 կործանիչի խոցումը, ինչպես և հանցագործություն ենք համարում ղարաբաղա-ադրբեջանական սահմանին Ադրբեջանի կողմից հայկական ուղղաթիռի խոցումը: Մեր կարծիքով՝ ՀԱՊԿ անդամ երկրների պատվիրակությունները բոլոր միջխորհրդարանական հարթակներում պետք է միասնաբար հանդես գան, քանի որ մենք դաշնակիցներ ենք»:

Շարմազանովը նաև հայտարարեց, որ Ադրբեջանի կողմից ղարաբաղյան հակամարտությունը ուժային ճանապարհով լուծելու փորձերն անընդունելի են:

Ռուսաստանի Պետդումայի նախագահը, սակայն, իր խոսքում ղարաբաղյան խնդրին չանդրադարձավ, խոսեց միայն «Իսլամական պետություն» և այլ ահաբեկչական խմբավորումների դեմ պայքարի մասին: «Մեր կազմակերպությունն ունի մշտական պատրաստության մեջ գտնվող բավարար ուժ և միջոցներ՝ այդ վտանգներին հակազդելու համար»,- ասաց նա:

Ռուսաստանի Պետդումայի նախագահին Ադրբեջանին զինտեխնիկայի վաճառքի մասին հարց ուղղել չհաջողվեց, Նարիշկինի անվտանգությունն ապահովող աշխատակիցները, ովքեր Հայաստանի Ազգային ժողովում վերահսկում էին նաև լրագրողների տեղաշարժը, թույլ չտվեցին մոտենալ նրան:

XS
SM
MD
LG