Մատչելիության հղումներ

Լեսինը մահացել է բութ իրով ստացած հարվածների արդյունքում


Վլադիմիր Պուտինը և Միխայիլ Լեսինը, արխիվ, 2000թ.
Վլադիմիր Պուտինը և Միխայիլ Լեսինը, արխիվ, 2000թ.

Անցած մի քանի տարիների ընթացքում ռուսաստանցի ներկա և նախկին բարձրաստիճան մի շարք պաշտոնյաների մահվան դեպքերը կամա թե ակամա կասկածանքների առիթ են դարձել։ Դավադրապաշտական թեզերի երկրպագուները սկսել են ակնարկել, որ Վլադիմիր Պուտինի ռեժիմը վերացնում է անցանկալի մարդկանց։

Նախագահի երբեմնի դաշնակից, Ռուսաստանի մամուլի նախկին նախարար, մեծահարուստ Միխայիլ Լեսինը մահացել է 2015 թվականի նոյեմբերի 5-ին Միացյալ Նահանգների մայրաքաղաքում։

Այն ժամանակ հանգուցյալի մտերիմները, ինչպես նաև նրա նախաձեռնությամբ ստեղծված ռուսական ԶԼՄ-ները հայտնել են, թե Լեսինն ուներ առողջության հետ կապված բազում խնդիրներ, և մահվան պատճառն, ամենայն հավանականությամբ, սրտի տագնապն է։

Եվ ահա երեկ ուշ երեկոյան Վաշինգտոնի գլխավոր դատաբժիշկը հաղորդել է, որ Լեսինը մահացել է «բութ առարկայով գլխին, իրանին, վերին և ստորին վերջույթներին ստացած հարվածների հետևանքով»։

The New York Times-ն ընդգծում է, որ Վաշինգտոնի դատաբժշկական հանձնաժողովի փորձագետները և ոստիկանները չեն ասում, թե Միխայիլ Լեսինը մահացել է հանցագործության արդյունքում։ Դա արդեն իրավական որակում կլիներ։

Նրանք ընդամենը փաստում են, որ Լեսինի մահվան պատճառը բութ իրով հարվածն է։ Եվ միաժամանակ փորձագետներն ու իրավապահները այլևս չեն համարում, որ Լեսինը բնական մահով է մահացել։

Չի բացառվում, որ նա հարվածների է ենթարկվել ինչ-որ վեճի ընթացքում` Dupont Circle հյուրանոց վերադառնալուց առաջ։

Հետաքննությունը շարունակվում է, այլ մեկնաբանություններ ամերիկացիները դեռ չեն տալիս։

Այդ կապակցությամբ Ռուսաստանի արտգործնախարարության խոսնակ Մարիա Զախարովան հայտարարել է, որ Մոսկվան Լեսինի մահվան հարցով պաշտոնական պարզաբանումներ է սպասում՝ հավելելով, որ առ այս պահը ամերիկացիները որևէ հստակ և առարկայական տեղեկատվություն չեն տրամադրել։

1999-2004 թվականներին Լեսինը զբաղեցրել է մամուլի նախարարի պաշտոնը, ղեկավարել է Կրեմլի կողմից վերահսկվող «Գազպրոմ-Մեդիա» ընկերությունը, մասնակցել է անգլերեն լեզվով հեռարձակվող Russia Today լրատվական հեռուստաընկերության ստեղծմանը և համարվում է պետական այն գործիչներից, ովքեր օգնել են Պուտինին հսկողության տակ վերցնել Դաշնության հիմնական լրատվամիջոցները։

Վերջին տարիներին Լեսինը բնակվել է Միացյալ Նահանգներում և, ըստ կոռուպցիայի հարցեր հետաքննող Նավալնիի կենտրոնի, Կալիֆորնիայում ուներ 28 միլիոն դոլար արժողությամբ անշարժ գույք։ Հետաքննությունների դաշնային բյուրոն (FBI) զբաղվում էր Լեսինի անշարժ գույքի հարցով։

Ըստ մի վարկածի, 57-ամյա Լեսինին «չեզոքացրել են» Միացյալ Նահանգների Հետաքննությունների դաշնային բյուրոյի հետ համագործակցության համաձայնություն տալու և կարևոր տեղեկություններ փոխանցելու համար։

2015-ի նոյեմբերի 3-ին Վաշինգտոնի շքեղ հյուրանոցներից մեկում` Ritz-Carlton-ում մեծ հավաք էր, որը Վուդրո Ոիլսոնի կենտրոնի Քեննանի հաստատությունը կազմակերպել էր ի պատիվ ռուսաստանցի միլիարդատեր և մեկենաս Պյոտր Ավելի և վաշինգտոնյան վերնախավի հայտնի ներկայացուցիչ, ներդրող ու արվեստի հովանավոր Սյուզան Լերմանի։

Բարձրաստիճան հյուրերի թվում էր նաև Լեսինը, ով, սակայն, չի ժամանել հյուրանոց։ 48 ժամ անց նրա մարմինը հայտնաբերել են Dupont Circle հյուրանոցի 9-րդ հարկի համարում։

Ռուսական մամուլում հրապարակվել են տեղեկություններ այն մասին, որ Լեսինը մեծ վեճ ուներ «Գազպրոմ-Մեդիա»-ի մեկ ուրիշ խոշոր բաժնետեր Յուրի Կովալչուկի հետ, ով նախագահ Պուտինի մտերիմ բարեկամներից է, և, իբրև թե, վտանգավոր մրցակցից հեռու մնալու համար Լեսինը տեղափոխվել է, ավելի ճիշտ` փախչել է Ամերիկա։

«Լիտվինենկո, Պերեպելիչնի, Բերեզովսկի, Լեսին։ Ո՞վ է հաջորդը». այսպիսի հարց է հրապարակել Թվիթերում «Դոժդ» հեռուստակայանի նախկին մեկնաբան, Ամերիկա տեղափոխված ռուսաստանցի լրագրող Տիխոն Ձյադկոն։

Ռուսաստանի գլխավոր դատախազ Յուրի Չայկան պաշտոնապես դիմել է ԱՄՆ-ի գլխավոր դատախազ Լորետա Լինչին` Միխայիլ Լեսինի մահվան հանգամանքների վերաբերյալ տեղեկություններ տրամադրելու խնդրանքով։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG