Մատչելիության հղումներ

Նուբարաշենի աղբավայրի նորացումը 24 միլիոն եվրո կարժենա


Նուբարաշենի աղբավայրը տասնյակ մարդկանց համար հանապազօրյա հաց է ապահովում
Նուբարաշենի աղբավայրը տասնյակ մարդկանց համար հանապազօրյա հաց է ապահովում

Մինչ այդ՝ աղբի «վերամշակմամբ» զբաղվում են տասնյակ ճարահատ անօթևաններ:

Չնայած բնապահպանների ահազանգերին, որ աղբավայրը խիստ բացասաբար է անդրադառնում մարդկանց առողջության վրա, տասնյակ մարդիկ, ապրուստի այլ միջոց չունենալով, իրենց օրվա հացը վաստակում են Նուբարաշենի աղբանոցում:

«Առավոտ լուսը բացվում ա՝ գալիս եմ ստեղ մի կտոր հացի, եսիմ էդ ինչ օր պետք ա լինի, որ մի կտոր էլ կալբաս լինի, հետը ուտեմ», «իրիկունը ուշ ժամի գալիս եմ ստեղ զիբիլ քանդում, որ ընտանիք պահեմ», «եթե ապրելու ուրիշ միջոց ունենայի, ինձ դանակով ստեղ չէին կարա բերեն․․․»,- ասում են աղբավայրում շրջող անօթևանները:

Օտար մարդանց հանդեպ նրանք սովորաբար բավական ագրեսիվ վարքագիծ են դրսևորում, շրջում են շների ուղեկցությամբ, իրենց համար արժեքավոր որևէ բան գտնելիս էլ այն արագորեն թաքցնում են մյուսներից: Իսկ ամենից հաճախ նրանք հայհոյում են իրենց կյանքն ու ճակատագիրը: Ու մինչ խիստ հակասանիտարական միջավայրում հայտնված այս մարդիկ չեն կարողանում միմյանց միջև կիսել գտնված «ավարը», հարակից թաղամասերում ապրող մարդիկ երկար ժամանակ է, ինչ այս հարցն են հնչեցնում՝ ե՞րբ են, ի վերջո, կարողանալու մաքուր օդ շնչել:

Աղբավայրի հետ կապված այս խնդիրը լուծելուն միտված ջանքերը մինչ օրս ցանկալի արդյունք չեն տվել, ձախողվել են բազմաթիվ ծրագրեր: Այդուամենայնիվ, քաղաքային իշխանությունները խոստանում են, որ խնդրի լուծումը 7 սարի ետևում չէ: Քաղաքապետարանի գնահատմամբ՝ արդեն 2018-ին Նուբարաշենի աղբավայրն իր ներկա տեսքով, ամենայն հավանականությամբ, այլևս գոյություն չի ունենա: Փոխքաղաքապետ Վահե Նիկոյանը խոստանում է՝ նոր աղբավայրը կհամապատասխանի միջազգային չափանիշներին, ինչի շնորհիվ էլ կլուծվեն մարդկանց մտահոգող բոլոր հարցերը:

«Կունենա հոսքաջրերի հավաքման կայան, այդ հոսքաջրերը կմաքրվեն, նորից կօգտագործվեն, այն չի ներթափանցի հողային շերտեր, կունենա գազի հավաքման կայան, գազի այրման համակարգ և էլեկտրաէներգիայի արտադրության համակարգ»,- մանրամասնեց Նիկոյանը:

Ծրագրի արժեքը 24 միլիոն եվրո է, որից 16 միլիոնը վարկի տեսքով կտրամադրեն Եվրոպական ներդրումային ու Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկերը: Կառավարությունն արդեն հաստատել է առաջին 8 միլիոնի վարկային պայմանագիրը: Ակնկալվում է, որ ևս 8 միլիոն եվրո էլ կտրամադրվի դրամաշնորհի տեսքով: «Վարկը, որպես ենթավարկ, ստանձնում է Երևանի քաղքապետարանի կողմից հիմնված կազմակերպությունը, որը հետագայում աղբավայրի շահագործման, ինչպես նաև՝ վերամշակման գործըթնացում առաջացած գումարներից մարելու է վարկը»,- ասում է Նիկոյանը:

Երևի արդեն 4 ամսից նոր աղբավայրի կառուցման համար կհայտարարվի միջազգային մրցույթ: Փոխքաղաքապետի խոսքով, նույն ծրագրի շրջանակում հին աղբավայրը կմեկուսացվի՝ տարիների ընթացքում վերածվելով կանաչ գոտու:

Տևական ժամանակ Նուբարաշենի աղբավայրի «աղետաբեր» վնասների մասին ահազանգող բնապահպանների համար այս խոստումները «մշուշոտ են»: Նրանք հիշեցնում են ճապոնական կորպորացիայի տապալված ծրագիրը: Աղբավայրի բարեկարգումից բացի, ճապոնացիները մտադիր էին նաև արտանետվող մեթան գազն այրելով՝ էլեկտրաէներգիա ստանալ: Բնապահպան Կարինե Դանիելյանի պնդմամբ՝ Հայաստանի իշխանությունները պարզապես հնարավորություն չտվեցին ճապոնացիներին՝ իրականացնել ծրագիրը, նրանց հատկացնելով նախատեսվածից 5 անգամ պակաս տարածք, ինչը բավարար չէր տեղադրված բոլոր 3 մխոցները գործարկելու և էլեկտրաէներգիա ստանալու համար:

Փոխքաղաքապետ Նիկոյանը, սակայն, հակադարձում է՝ տարածք տրամադրելու խնդիր երբևէ չի եղել: Նաև ենթադրում է՝ գուցե ճապոնացիների ներդրումների ծավալնե՞րը չեն բավարարել: Իսկ մտահոգություններին՝ արդյո՞ք նպատակային կծախսվեն միջազգային ֆինանսական կառույցների տրամադրած վերոհիշյալ վարկերը և արդյո՞ք հերթական անգամ ծրագիրը չի տապալվի, Նիկոյանը պատասխանում է՝ «Քաղաքապետարանի իրականացրած բոլոր վարկային ծրագրերի միջոցները, վստահաբար կարող եմ ասել, որ նպատակային են ծախսվում»:

Իշխանությունները նախկինում մտահոգություն ունեին, որ ճապոնական ընկերությունը մենաշնորհային դիրք կունենա Նուբարաշենի աղբավայրում: Բնապահպան Դանիելյանի խոսքով՝ այսօր էլ այնտեղ ստվերային բիզնեսն է ծաղկում: «Դե, ուղղակի ընդհատակյա ձևով, էդպես է ստացվում: Իհարկե՝ դա հաստատել չենք կարող, բայց ակնհայտ է՝ բավական է գնալ էնտեղ ու տեսնել, թե ինչ է կատարվում»,- ասում է Կարինե Դանիելյանը:

Նիկոյանը հակադարձում է՝ «Ես էլ, ինչպես և դուք, լսել եմ, որ այդ մարդիկ, բնականաբար, պլաստիկը որ հավաքում են աղբանոցից, տանում հանձնում են: Այսինքն՝ կա ընդունող: Տենց բիզնես, որպես այդպիսին, փնտրելու խնդիր կարծում եմ չկա, որովհետև, ի վերջո, մենք երրորդ կոմպոնենտ ենք իրականացնելու, որը կոչվում է աղբի վերամշակում, մասնավոր համագործակցության շրջանակներում»:

Իսկ մինչ այդ, աղբի «վերամշակմամբ» այսօր զբաղվում են տասնյակ անօթևան մարդիկ: Նոր աղբավայրի կառուցման դեպքում նրանց մուտքն այնտեղ այլևս փակ կլինի: Վերջիններս, սակայն, պնդում են՝ իրենց ներկայությունն աղբավայրում ձեռնտու է աղբից մեծ եկամուտներ ստացողներին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG