Մատչելիության հղումներ

logo-print

Տուժող կողմի ներկայացուցիչները կշարունակեն պահանջել ռուս զինվորների հարցաքննությունը


Ըստ Լուսինե Սահակյանի, վկաների մեջ կան անձինք, որոնց ցուցմունքները շատ կարևոր են քրեական գործի համար։

Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազայի տարածքում այսօր շարունակվեց Ավետիսյանների սպանության գործով վկաների հարցաքննությունը։

Այսօր դատարանը լսեց մեկ վկայի՝ Գյումրիում տեղակայված ռուսական սահմանապահ ջոկատի սահմանապահ Ռոմիկ Խաչատրյանին, ով իր ցուցմունքներում նոր հանգամանք չհայտնեց դատարանին։ Դատարանն էլ անցավ փաստաթղթերի հրապարակմանը։

Հիշեցնենք, որ վկաների հարցաքննության մեկնարկին դատարան էին կանչվել նաև մի շարք ռուս զինծառայողներ, սակայն նիստից առաջ դատարանը գրություն էր ստացել 102-րդ ռազմաբազայի հրամանատար Վլադիմիր Ուստինովից այն մասին, որ վերջիններս հանվել են ռազմաբազայի անձնակազմի ցուցակից և Հայաստանում չեն գտնվում։ Նրանց թվում էր, մասնավորապես, ամբաստանյալ Վալերի Պերմյակովի անմիջական հրամանատար Անդրեյ Նիկիշինը՝ պահակակետի պետը։ Վերջինիս մասին ասված էր, որ նա այլևս ռուսաստանյան զինված ուժերում չի ծառայում։

Տուժողի իրավահաջորդների ներկայացուցիչները անցած դատական նիստին միջնորդություն ներկայացրեցին՝ պահանջելով գտնել Նիկիշինին և որպես վկա ներգրավել գործում։ Նրանց խոսքով, Պերմյակովի անմիջական հրամանատարը գործում կարևոր վկաներից մեկն է։

Դատարանն այսօր տեղեկացրեց, որ ռազմաբազայից գրություն է ստացել, որում ասվում է՝ քանի որ Նիկիշինն ու մյուս զինծառայողներն այլևս ռազմաբազայում չեն ծառայում, ռազմաբազան տեղեկություն չունի նրանց գտնվելու վայրի մասին:

Տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ Լուսինե Սահակյանն «Ազատության» հետ զրույցում ասաց՝ այդուամենայնիվ, պահանջելու են, որպեսզի ռուս զինծառայողները ներկայանան դատարան և որպես վկաներ հարցաքննվեն՝ նկատի ունենալով, որ այդ վկաների մեջ կան անձինք, որոնց ցուցմունքները շատ կարևոր են քրեական գործի համար։

«Նրանց մեջ է գտնվում Նիկիշինը, որը Պերմյակովի ընտրությունն է կատարել, ըստ իրեն, և նրան տեղափոխել է Հայաստան։ Երբ Ռուսաստանի Դաշնության դատավարությունն էր ընթանում, Պերմյակովի նկատմամբ Նիկիշինը ցուցմունք տվեց դատարանում և մանրամասն ներկայացրեց, թե ինչպես է ընտրություն կատարել։ Մենք նրան բազմաթիվ հարցեր ունենք այդ կապակցությամբ տալու, որովհետև քրեական գործի նյութերում հստակ երևում է, որ Պերմյակովը շատ տարօրինակ վարք է դրսևորել նաև Ռուսաստանի Դաշնությունում ծառայելու ընթացքում՝ 8 անգամ դասալքություն է կատարել, հայտնվել է հոգեբուժական բաժանմունքներում, նրան արգելված է եղել զենք կրել։ Այսինքն՝ մենք Նիկիշինին բազմաթիվ հարցեր ունենք տալու, թե ինչպե՞ս է, վերջին հաշվով, Պերմյակովի ձեռքում զենք հայտնվել, որն էլ հանգեցրել է նման ողբերգության», - ասաց Սահակյանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG