Մատչելիության հղումներ

Ընտրություններին մասնակցած անձանց ցուցակները «չեն հրապարակվի»


Դավիթ Հարությունյանը պատասխանում է լրագրողների հարցերին, Երևան, 11-ը մարտի, 2016թ․

Դավիթ Հարությունյանը պատասխանում է լրագրողների հարցերին, Երևան, 11-ը մարտի, 2016թ․

Ըստ Դավիթ Հարությունյանի, իշխանությունը չի ցանկանում խախտել միջազգային փաստաթղթերով ամրագրված սկզբունքները:

Իշխանությունը չի հրապարակի ընտրություններին մասնակցած անձանց ցուցակները, քանի որ չի ցանկանում խախտել միջազգային փաստաթղթերում ընդունված սկզբունքներն ու Սահմանադրական դատարանի դիրքորոշումը:

«Ազատության» հարցին ի պատասխան, նման հայտարարություն արեց Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար, նոր Ընտրական օրենսգրքի նախագծի աշխատանքային խմբի անդամ Դավիթ Հարությունյանը:

«Մենք չենք պատրաստվում խախտել միջազգային փաստաթղթերով ընդունված սկզբունքները, չենք պատրաստվում խախտել Սահմանադրական դատարանի դիրքորոշումը, որի մասին Սահմանադրական դատարանն առնվազն երկու անգամ իր որոշումներում արտահայտել է: Այնուամենայնիվ, եթե բուն նպատակը ընտրական գործընթացների վերահսկողությունն է, այդ առումով մենք պատրաստ ենք որոնելու մեխանիզմներ»,- ասաց Հարությունյանը:

«Ազատության» դիտարկմանը, որ Սահմանադրական դատարանի որոշման մեջ չկա ձևակերպում, որով հակասահմանադրական է ճանաչվում ցուցակների հրապարակումը, Դավիթ Հարությունյանն արձագանքեց՝ «Կարծում եմ, դուք հետևյալի մասին պետք է խոսեք՝ վիճարկվել է՝ արդյո՞ք հակասահմանադրական է, որ չի հրապարակվում [ցուցակները]: Եվ այդ վիճարկման ժամանակ Սահմանադրական դատարանը արտահայտել է իր իրավական դիրքորոշումը: Նշել է, որ միջազգային կազմակերպությունների կողմից, իրենց մարմինների կողմից ընդունված փաստաթղթերում սա համարվում է գաղտնիության տարր:

Եվ բառացիորեն, թույլ տվեք կրկնեմ Սահմանադրական դատարանի ձևակերպումը․ Սահմանադրական դատարանը պաշտպանում է այդ մոտեցումը: Այսինքն՝ Սահմանադրական դատարանը պաշտպանում է, որ պաշտոնապես ստորագրված ցուցակները հրապարակելը խախտում է անձանց գաղտնիությունը: Եվ եթե Սահմանադրական դատարանը արդեն այդպիսի ձևակերպում տվել է, բացարձակապես պարտավոր չէ և չէր էլ կարող իր «Որոշեց» մասում գրել դա, որովհետև նման դրույթ չկա: Մենք ուղղակի շատ հստակ տեսնում ենք Սահմանադրական դատարանի դիրքորոշումը»։

Դավիթ Հարությունյանն, այդուհանդերձ, ընդգծում է՝ թեև պաշտոնապես ստորագրված ցուցակները չեն հրապարակվի, բայց դիտորդները և վստահված անձինք, անգամ վերահաշվարկի ցանկություն չունենալու դեպքում, այդ ցուցակներին ծանոթանալու իրավունք կունենան: «Ծանոթանալ՝ նշանակում է ազատորեն անել քաղվածքներ, սակայն չի ենթադրում լուսանկարել: Ինչո՞ւ՝ որովհետև հենց այդ դեպքում դա դառնում է պաշտոնական փաստաթուղթ»,- պարզաբանեց Հարությունյանը:

Նկատենք՝ թեև Վենետիկի հանձնաժողովը կողմ է ընտրած քաղաքացիների ցուցակները չհրապարակելուն, ինչին պարբերաբար հղում են անում Հայաստանի իշխանությունները, միջազգային մեկ այլ կառույց՝ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը իր վերջին զեկույցում ընդգծում է՝ ընտրություններին մասնակցած անձանց ցուցակները հասարակությանը հասանելի դարձնելը չի արգելվում միջազգային օրենքներով: Այդ համատեքստում բերվում է Մեծ Բրիտանիայի օրինակը: Դավիթ Հարությունյանը, սակայն, ԺՀՄԻԳ-ի այս դիրքորոշումը յուրովի է մեկնաբանում:

«Ես առաջարկում եմ ձեզ ծանոթանալ Միացյալ Թագավորության փորձին, որովհետև դարձյալ նույն սկզբունքն է, որն է նպատակը՝ որ ընտրություններին մասնակցող շահագրգիռ անձինք, որոնք իրավունք պետք է ունենան բողոքարկելու արդյունքները, նման հնարավորություն ունենան: Եվ մենք առաջարկում ենք մոդել, որը սկզբունքորեն նմանատիպ է Միացյալ Թագավորությանը: Ի դեպ, սա համապատասխանում է Սահմանադրական դատարանի դիրքորոշմանը՝ այդ ցուցակները չպետք է ունենան գաղտնիության բարձրագույն, էսպես ասենք, դասը: Եվ անձինք, որոնք շահագրգիռ են՝ վստահված անձինք, կուսակցությունների ներկայացուցիչները, պետք է հնարավորություն ունենան ծանոթանալու այդ ցուցակին: Ի՞նչ նպատակով: Ոչ թե՝ որովհետև այդ տեղեկատվությունը պետք է խախտի մարդու վերաբերյալ անձնական տեղեկատվությունը, այլ որպեսզի կարողանան բողոքարկել։ Այդպիսի մեխանիզմներ են անհրաժեշտ, այսինքն՝ այդ նպատակին ծառայող մեխանիզմներ, և հենց այդ մեխանիզմներն ենք մենք առաջարկել:

«Ազատության» խնդրանքին՝ պարզաբանել, թե ի՞նչ կերպ կխախտվի անձի գաղտնիության իրավունքը, եթե իշխանությունը, այնուամենայնիվ, համաձայնի հրապարակել ընտրած մարդկանց ցուցակները, Հարությունյանն այսպես արձագանքեց՝ «Կաշխատեմ ձևակերպումը տալ ստանդարտ լեզվով, որն ընդունված է նույն Վենետիկի հանձնաժողովի կողմից: Այն հետևյալն է՝ որոշակի դեպքերում քվեարկությանը չմասնակցելը խոսում է մարդու քաղաքական ընտրության մասին՝ բացահայտելով նրա քաղաքական ընտրությունը»:

ԵԱՀԿ-ի երևանյան գրասենյակի աջակցությամբ կազմակերպված քննարկման ժամանակ այսօր հետևյալ հարցն ուղղեցինք գրասենյակի գործող ղեկավար Բարբարա Դեյվիսին՝ արդյո՞ք նա տեղին է համարում ընդդիմադիրների և քաղհասարակության ներկայացուցիչների այն մտահոգությունները, որ ընտրություններին մասնակցած անձանց ցուցակները չհրապարակելը ընտրակեղծիքների հնարավորություն է ստեղծում:

Ի պատասխան, տիկին Դեյվիսը նշեց՝ ինքն ընտրացուցակների հետ կապված հարցերի փորձագետ չէ, բացի այդ, նշված հարցի մեկնաբանումը ԵԱՀԿ-ի երևանյան գրասենյակի լիազորությունների շրջանակից դուրս է: Բարբարա Դեյվիսի փոխանցմամբ, սակայն, առաջիկայում Հայաստան են ժամանելու ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի և Վենետիկի հանձնաժողովի փորձագետները, որոնք մի շարք քննարկումներ են անցկացնելու և միասնական դիրքորոշում են մշակելու Ընտրական օրենսգրքի նախագծի վերաբերյալ:

ԵԱՀԿ-ի երևանյան գրասենյակի գործող ղեկավարի այս հայտարարությունը ուշագրավ է այն առումով, որ ընտրողների ցուցակների հրապարակման հարցում Վենետիկի հանձնաժողովի և ԺՀՄԻԳ-ի դիրքորոշումներն առայսօր տարբերվում են:

XS
SM
MD
LG