Մատչելիության հղումներ

Վերաքննիչ դատարանը այսօր մերժեց «Նոր Հայաստան» շարժման անդամ Գևորգ Սաֆարյանի կալանքը որպես խափանման միջոց վերացնելու միջնորդությունը՝ առանց որևէ հիմնավորում ներկայացնելու։

Ստանալով լուրը, որ Գևորգ Սաֆարյանն ազատ չի արձակվելու, դատարանի առջև հավաքված ցուցարարները ձվեր նետեցին շենքի վրա: Դատարանի առջև լարված իրավիճակ ստեղծվեց, ընդդիմադիրները շղթայել էին ձու նետած ակտիվիստ Գագիկ Եղիազարյանին՝ թույլ չտալով, որ իրավապահները նրան բերման ենթարկեն: Երբ ոստիկաններին ի վերջո հաջողվեց ճեղքել շղթան ու բերման ենթարկել Եղիազարյանին, ցուցարարները փորձեցին փակել ոստիկանական մեքենայի ճանապարհը, սակայն՝ ապարդյուն: Մոտ երեք ժամ անց Գագիկն ազատ արձակվեց:

Փաստաբան Տիգրան Հայրապետյանը, ով դեռ երեկ կասկած չուներ, որ Գևորգ Սաֆարյանը դատարանի դահլիճից պետք է ազատ արձակվի, այսօր լսելով դատավորի որոշումը՝ իր տարակուսանքն արտահայտեց:

«Պարզ է, որ որոշումը իրավաբանության հետ այնքան էլ կապ չունի, ավելի շատ քաղաքական որոշում է եղել», - ասաց Հայրապետյանը, - «Ուղղակի դատարանները չեն կարողանում դատական ակտ կայացնել»:

Գևորգ Սաֆարյանը, հիշեցնենք, ձերբակալվել է Ամանորի գիշերը, ապա երկու ամսով կալանավորվել՝ իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու մեղադրանքով։ Այնուհետև դատարանը Սաֆարյանի կալանքը երկարաձգելու որոշում էր կայացրել։ Գործով քննությունն ավարտված է, դատավարությունը շուտով կմեկնարկի:

Փաստաբան Տիգրան Հայրապետյանը պնդում է, որ ավելի քան երկու ամսվա ընթացքում այդպես էլ չի տեսել որևէ ապացույց, որ ընդդիմադիր ակտիվիստը հարվածել է ոստիկանին․- «Նախաքննության հենց ամենասկզբից Գեղամ Խաչատրյանը չի ունեցել այդ վարկածը, որ Գևորգն է իրեն հարվածել: Սկզբում նա ասել է, որ հարվածը ստացել է քաղաքացիների կողմից: Անցել է մի քանի ժամ՝ փոխել է իր ցուցմունքն ու ասել է, որ՝ ինձ հարվածել է Գևորգ Սաֆարյանը»:

Ընդդիմադիրները հիշեցնում են, որ փոխարենը Հատուկ քննչական ծառայությունը կարճեց նույն օրը ոստիկանական բռնությունների մասով գործը՝ հաշվի չնստելով ո՛չ տեսանյութերի, ո՛չ օմբուդսմենի, ո՛չ էլ Human Rights Watch-ի գնահատականների հետ: Հաջորդ շաբաթ էլ դատարանը քննելու է Գևորգին գրավի դիմաց ազատ արձակելու՝ վերաքննիչ բողոքը:

XS
SM
MD
LG