Մատչելիության հղումներ

logo-print

Այսօր Երևանում կկայանա ՀԱՊԿ ԽՎ խորհրդի արտագնա նիստը


Ռուսաստանի Դաշնային ժողովի Պետդումայի նախագահ Սերգեյ Նարիշկին, արխիվ

Ռուսաստանի Դաշնային ժողովի Պետդումայի նախագահ Սերգեյ Նարիշկին, արխիվ

Նիստը կնախագահի Ռուսաստանի Պետդումայի խոսնակ Սերգեյ Նարիշկինը։

Այսօր Ռուսաստանի Դաշնային ժողովի Պետդումայի նախագահ Սերգեյ Նարիշկինը կժամանի Հայաստան։

Պետդումայի պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ Նարիշկինը աշխատանքային այցով Հայաստանում կլինի մարտի 11-12-ը։

Այսօր Երևանում կկայանա Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության Խորհրդարանական վեհաժողովի (ՀԱՊԿ ԽՎ) խորհրդի արտագնա նիստը։ Նիստը կնախագահի Սերգեյ Նարիշկինը։

ՀԱՊԿ-ի Խորհրդարանական վեհաժողովը տարվա մեջ երկու անգամ է նիստ անցկացնում, այս տարվա առաջին նիստը Երևանում տեղի կունենա։

ՀԱՊԿ ԽՎ-ի կայքում նշված է, որ նիստի մասնակցելու են կազմակերպության անդամ երկրների խորհրդարանների պատվիրակությունները, կազմակերպության քարտուղարության ներկայացուցիչներ, դիտորդներ։ «Երևանում քննարկվելու են միջազգային և կոլեկտիվ անվտանգության հրատապ հարցեր», - նշված է հաղորդագրությունում։

Ռուսաստանյան ՏԱՍՍ լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան այսօրվա նիստում ելույթ է ունենալու, ներկայացնելու է, թե կազմակերպությունն ինչ է անում՝ հակազդելու ահաբեկչական և ծայրահեղ խմբավորումների գործունեությանը, ինչպես նաև ներկայացնելու է ՀԱՊԿ-ի անցած տարվա սեպտեմբերի և դեկտեմբերի նիստերի որոշումների կատարման ընթացքը։

ՀԱՊԿ-ի անդամ երկրների արտգործնախարարների խորհրդի և պաշտպանության նախարարների խորհրդի ներկայացուցիչների մասնակցությամբ քննարկվելու է Կովկասում ռազմաքաղաքական ընթացիկ իրավիճակը։

Ռուսաստանյան «Նովոստի» գործակալության փոխանցմամբ՝ երևանյան նիստում քննարկվելու են ահաբեկչության դեմ պայքարի, ծայրահեղականությանը հակազդելու, տեղեկատվական ու պարենային անվտանգության, ինչպես նաև թմրաբիզնեսի դեմ պայքարի հարցեր։

Հիշեցնենք՝ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ են Ռուսաստանը, Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Տաջիկստանը և Ղրղըզստանը։

Այս տարի՝ 2016 թվականին, ՀԱՊԿ-ը նախագահում է Հայաստանը, բայց անցած տարեվերջին անսպասելիորեն որոշվեց, որ ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում Հայաստանի ներկայացուցիչ չի նշանակվի, այդ պաշտոնում մեկ տարի ևս կշարունակի մնալ Նիկոլայ Բորդյուժան։

XS
SM
MD
LG