Մատչելիության հղումներ

logo-print

ԼՂ ՊՆ-ը հաղորդում է հերթական դիվերսիոն փորձի կասեցման մասին


Զորավարժություններ Լեռնային Ղարաբաղում, արխիվ

Զորավարժություններ Լեռնային Ղարաբաղում, արխիվ

Լեռնային Ղարաբաղի ռազմական գերատեսչության տվյալներով՝ ադրբեջանցիները առնվազն երկու զոհ և վիրավորներ ունեն, հայկական կողմը կորուստ չի ունեցել:

Երեկ ժամը 23:20-ի սահմաններում Պաշտպանության բանակի հարավարևելյան ուղղությամբ հակառակորդը ձեռնարկել է դիվերսիոն ներթափանցման փորձ, այսօր փոխանցում է Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարությունը:

«Պաշտպանության բանակի առաջապահ զորամասերը ժամանակին հավաստանշել են հակառակորդի հետախուզադիվերսիոն խմբի առաջխաղացումը և վերջինիս հասցնելով առնվազն 2 զոհ և վիրավորներ, հետ շպրտել իրենց ելման դիրքերը: Կանխարգելիչ գործողության ընթացքում Պաշտպանության բանակը կորուստ չի ունեցել», - ասված է հաղորդագրությունում:

Լեռնային Ղարաբաղի ռազմական գերատեսչության մամուլի ծառայությունը հայտնում է, որ մարտի 10-ին և լույս 11-ի գիշերը Ղարաբաղի և Ադրբեջանի զորքերի շփման գծում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, 60 (17 արկ) և 82 (47 արկ) միլիմետրանոց ականանետերից, ՌԳՊ-7 (4 արկ) ու ՀԱՆ-17 (4 արկ) տիպի նռնականետերից հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 5500 կրակոց: Բացի վերոնշյալից, ադրբեջանական զինուժը կիրառել է նաև հաուբից տիպի հրանոթներ:

«Հատկանշական է մանավանդ այն հանգամանքը, որ հակառակորդը նշված հրանոթներից անցած գիշեր արդեն հրետակոծության է ենթարկել ոչ միայն Ակնայի (Աղդամի) ուղղությամբ տեղակայված հայկական ստորաբաժանումների դիրքերը, այլև առաջնային գծից բավականին մեծ խորությամբ գտնվող որոշ տարածքներ, ինչը թերևս, աննախադեպ է 1994թ. մայիսից հաստատված հրադադարի ողջ ընթացքում: Նման նախահարձակ գործողություններից կատարվելիք հետևությունը մեկն է՝ հակառակորդը որդեգրել է հակամարտության գոտում իրադրության ապակայունացմանն ուղղված առավել սանձարձակ մարտավարություն, ինչը հղի է անկանխատեսելի հետևանքներով», - ասված է հաղորդագրությունում:

«Պաշտպանության բանակի առաջապահ զորամասերը հակառակորդի նախահարձակ ակտիվությունը ճնշելու համար դիմել են նպատակաուղղված և պատժիչ գործողությունների: Առաջնային գծի ողջ երկարությամբ հայկական ուժերը վստահորեն վերահսկում են օպերատիվ իրավիճակը», - փոխանցում է Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարությունը:

Երեկ երեկոյան էլ Ղարաբաղի ռազմական գերատեսչությունը հերքել էր ադրբեջանական էլեկտրոնային լրատվամիջոցների՝ նույն օրը տարածած տեղեկատվությունը, թե հայկական ուժերը կրակ են բացել Աղդամի շրջանի մի շարք գյուղերի խաղաղ բնակիչների ուղղությամբ, ընդգծելով․ - «ՊԲ առաջապահ ստորաբաժանումները շարունակում են հարգել հրադադարի պահպանման ռեժիմը և պատասխան գործողությունների դիմում խիստ անհրաժեշտության դեպքում, այն էլ՝ բացառապես հակառակորդի կրակային դիրքերի ուղղությամբ»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG