Մատչելիության հղումներ

logo-print

ԵՄ-ն երկարաձգեց ՌԴ 146 քաղաքացիների և 37 իրավաբանական անձանց նկատմամբ պատժամիջոցները


Որոշումը վաղը կհրապարակվի Եվրոպական միության պաշտոնական պարբերականում։

Երեկ երեկոյան Բրյուսելից ստացված հաղորդագրության համաձայն, Եվրոպական միությունն ընդունել է Ռուսաստանի 146 քաղաքացիների և 37 իրավաբանական անձանց նկատմամբ սահմանած պատժամիջոցները ևս 6 ամսով երկարաձգելու որոշում։ Այն վաղը` մարտի 12-ին, կհրապարակվի Եվրոպական միության պաշտոնական պարբերականում։

Ցանկում ընդգրկված մարդիկ` պետական և քաղաքական գործիչներ, գործարարներ, Դոնեցկի և Լուգանսկի ինքնահռչակ կազմավորումների ներկայացուցիչներ, ինչպես նաև ընկերություններ, Բրյուսելի փոխանցմամբ, անմիջական պատասխանատվություն են կրում «Ուկրաինայի տարածքային ամբողջականության, ինքնիշխանության և անկախության խարխլմանն ուղղված գործողությունները շարունակելու համար»։

Նրանց նկատմամբ արդեն գործող պատժամիջոցները ուժի մեջ կմնան մինչև այս տարվա սեպտեմբերի 15-ը և հետագայում, բնականաբար, հարկ եղած դեպքում կարող են նորից երկարաձգվել։

Ցուցակում ընդգրկված մարդկանց և ընկերությունների արևմտյան հաշվեհամարները սառեցված են, նրանց այցերը Եվրամիության տարածք՝ արգելված։ Ցուցակից հանվել է մահացած երեք մարդու անուն։

Եվրոպական միությունը Ղրիմի բռնակցումից հետո է ընդունել պատժամիջոցների փաթեթը։ Դրանք երկարաձգելու նախաձեռնությանը մարտի 9-ին հավանություն են տվել Եվրոպական միության անդամ երկրների մշտական ներկայացուցիչները։

Եվրոպական խորհուրդը հաստատել է օրենսդիր ակտ, որի համաձայն՝ ևս մեկ տարով կերկարաձգվեն պատժամիջոցները Ուկրաինայի մի շարք քաղաքացիների հանդեպ, ովքեր, ըստ Բրյուսելի, պատասխանատվություն են կրում այդ երկրում պետական միջոցները մսխելու համար։

Առաջին փուլում Եվրոպական միությունը և Ամերիկայի Միացյալ Նահանգները հասցեական պատժամիջոցներ են սահմանել, սակայն հետագայում սկսել են կիրառել «սեկտորային» պատժամիջոցներ, դրանք տարածվում են Ռուսաստանի տնտեսության ոլորտների վրա։

XS
SM
MD
LG