Մատչելիության հղումներ

Ուկրաինացի օդաչու Նադեժդա Սավչենկոն դադարեցրել է մարտի 3-ից հայտարարած չոր հացադուլը և համաձայնել է ջուր խմել, այսօր տեղեկացրել է Սավչենկոյի փաստաբան Մարկ Ֆեյգինը:

Փաստաբանը ժամեր առաջ նաև ասել էր, որ Սավչենկոն համաձայնել է ջուր խմել Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոյից նամակ ստանալուց հետո: Փաստաբանը մանրամասնել էր, որ նամակը Սավչենկոյին է հանձնել մեկուսարան այցելած Ուկրաինայի գլխավոր հյուպատոս Վիտալի Մոսկալենկոն:

Ըստ Ֆեյգինի՝ նամակում Պորոշենկոն անհանգստություն է հայտնել Սավչենկոյի առողջության վերաբերյալ և ասել, որ հիմա հացադուլի անհրաժեշտություն չկա:

«Մեզ անհրաժեշտ է առողջ Նադեժդա Սավչենկո՝ Ուկրաինայի հերոս, ժողովրդական պատգամավոր, մեր ազատության խորհրդանիշ, ով մոտ ժամանակներս հնարավոր է տուն հասնի և ով կարող է օրինակ հանդիսանալ մյուս բոլորի համար: Կարծում եմ, թվարկածներով չի սահմանափակվում Ձեր գործունեությունը, և կուզեի Ձեզ տեսնել մեր թարմացված կառավարությունում»,- ըստ փաստաբանի՝ այս բովանդակությամբ նամակ է գրել Պետրո Պորոշենկոն:

Նամակի հրապարակումից մոտ 2.5 ժամ անց Պետրո Պորոշենկոյի խոսնակը հայտարարեց, թե Պորոշենկոն նամակ չի գրել Սավչենկոյին:

«Կրեմլի պատվերը»

Փաստաբանը, պարզաբանելով նամակի հետ կապված պատմությունը, «Ազատությանը» տված հարցազրույցում ասել է, որ Սավչենկոյի չոր հացադուլի պայմաններում դեռ երեկվանից է սկսվել «օպերատիվ գործողության իրականացում»՝ «Կրեմլի պատվերով»:

«Մենք գլխավոր հյուպատոսության միջոցով ենք ստացել նամակ, իբր նախագահ Պորոշենկոյից, որը նա չի գրել: Նա իր կոչը Նադեժդային փոխանցել է քրոջ և մոր միջոցով՝ բանավոր, այլ ոչ թե գրավոր»,- պարզաբանել է Մարկ Ֆեյգինը:

«Այդ նամակը կեղծ է, չնայած բովանդակության մեջ չկա որևէ բան, որը կարող է կասկածելի թվալ: Բայց դա ևս մեկ անգամ ապացուցում է, թե որքան լրջորեն են ռուսական հատուկ ծառայությունները վերաբերվում Սավչենկոյի գործին և նրա գործում ներգրավված անձանց՝ փաստաբանին, գլխավոր հյուպատոսին և Ուկրաինայի այլ պետական մարմիններին»,- ասել է փաստաբանը:

Այս մեկնաբանություններից հետո փաստաբանը ևս մեկ անգամ վերահաստատել է, որ Սավչենկոն դադարեցրել է չոր հացադուլը, քանի որ նման խնդրանքով շատերն էին դիմել:

Թեև փաստաբանը նշում է, որ իրեն կեղծ նամակը հասել է հյուպատոսարանի միջոցով, Դոնի Ռոստովում Ուկրաինայի գլխավոր հյուպատոս Վիտալի Մոսկալենկոն «Ազատությանը» տեղեկացրել է, թե ինքը փաստաբանին չի փոխանցել այդ նամակը:

Նադեժդա Սավչենկոյի պաշտպանի՝ ավելի վաղ հրապարակած մեկնաբանությամբ, եթե դատարանը մարտի 21-ին կայացնի մեղադրական դատավճիռ և որոշի, որ Սավչենկոյին պետք է տեղափոխել Ուկրաինա՝ պատիժը կրելու, ապա դա տեղի կունենա ապրիլին:

Փաստաբանը նաև ասել է, որ Սավչենկոն պատասխան նամակ է գրել, որի միջոցով իր խոսքն է հղել ոչ միայն Պորոշենկոյին, այլև՝ ամբողջ ուկրաինական ժողովրդին:

Ավելի վաղ Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոն հայտարարել էր. - «Ես, որպես Ուկրաինայի նախագահ, ելնելով իմ սահմանադրական իրավունքից, պատրաստ եմ փոխանակության՝ Նադեժդա Սավչենկոյին ողջ և առողջ տուն վերադարձնելու համար»:

XS
SM
MD
LG