Մատչելիության հղումներ

Երևանում ռուսաստանյան պարբերականի հոդվածը վտանգավոր չեն համարում


Ինչպես ՊՆ խոսնակը, այնպես էլ ռազմական փորձագետը նշում են, որ դրանում զգալի անճշտություններ կան:

Հայաստանի փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանն այսօր անդրադարձել է ռուսական "Военно-промышленный курьер" պարբերականում հրապարակված վերլուծությանը, որում Քաղաքական և ռազմական վերլուծությունների ինստիտուտի փոխտնօրեն Ալեքսանդր Խրամչիխինը մանրամասնորեն թվարկել ու ներկայացրել է Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի բանակների սպառազինությունը, նշել զորամասերի համարները, նշանակությունը և գտնվելու վայրերը։

Արդյո՞ք ռուս փորձագետն այդպիսով Հայաստանի պետական գաղտնիք է հրապարակել: Այս հարցին ի պատասխան, փոխարտգործնախարարը նշում է՝ «Եթե գաղտնիք է, ապա շատ դժվար է գնահատել՝ արդյո՞ք այն, ինչ հրապարակվել է, համապատասխանում է իրականությանը, թե՞ ոչ: Իրականում ես կարող եմ ընդամենը մի բան ասել՝ չխորանալով այդ թվերի մանրամասների մեջ․ համենայն դեպս, հնարավոր արկածախնդրության դեպքում, հայկական կողմերը միշտ պատրաստ են հակահարված տալու և պատժելու»:

Պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը ևս չպարզաբանեց՝ պետական գաղտնի՞ք է, թե՞ ոչ Խրամչիխինի հրապարակածը: Միայն նշեց, որ հիշյալ հոդվածում շատ բաներ իրականությանը չեն համապատասխանում: «Ինչպես ցանկացած նման վերլուծությունում, որոշ բաներ համընկնում է իրականության հետ, որոշ բաներ՝ ոչ»,- ասաց Հովհաննիսյանը:

Ռազմական փորձագետ, Կովկասի ինստիտուտի փոխտնօրեն Սերգեյ Մինասյանի գնահատմամբ, Խրամչիխինի հրապարակումը սիրողական մակարդակի է, և մտահոգիչ են ոչ թե նրա վերլուծությունը կամ դրանում տեղ գտած տվյալները, այլ Հայաստանում դրա շուրջ բարձրացված աղմուկը: «Ճիշտ է՝ այն կառույցը, որը նա ներկայացնում է, որոշ կապ ունի Ռուսաստանում զինվորական, ռազմաքաղաքական ոլորտի հետ, բայց կոնկրետ այդ հրապարակումը հեղինակի մի հոդվածաշարի շրջանակներում է: Այդ շարքում բավական սուբյեկտիվ ձևով ներկայացվում են բոլոր հետխորհրդային երկրների զինված ուժերը»,- ասում է Մինասյանը:

Ըստ նրա, իր հոդվածում Խրամչիխինն օգտագործել է հիմնականում բաց և հասանելի տվյալներ, որոնց մի մասն անգամ 10 տարվա վաղեմություն ունի: «Չեմ կարծում, թե լուրջ վնաս կարող է հասցնել մի հրապարակում, որը ոչ մի կապ չունի Հայաստանի զինուժի իրական պոտենցիալի հետ»:

Խոսելով ուժերի հարաբերակցության մասին՝ ռուս վերլուծաբանն իր հրապարակման մեջ նշում է, որ դիրքային առավելության և անձնակազմի բարձր պատրաստականության շնորհիվ, Հայաստանի և Ղարաբաղի զինված ուժերը դեռևս ի վիճակի են հակազդել Արդբեջանի զինուժի հնարավոր հարվածին, սակայն, միտումները բարենպաստ չեն: «Ադրբեջանն ավելի մեծ տնտեսական հնարավորություններ ունի, նաև առավելություն՝ օդում, որը դեռ հակակշռվում է Հայաստանի և Ղարաբաղի ուժեղ հակաօդային պաշտպանությամբ»,- ասված է ռուս փորձագետի հոդվածում:

Տարածաշրջանում ուժերի հավասարակշռության հետ կապված՝ Սերգեյ Մինասյանը նշում է՝ «2010-2011 թվականներից Ադրբեջանը բավական լուրջ հաջողության է հասել հենց ռուսական զենք գնելով՝ այդ բալանսի որոշ էլեմենտներ խախտելով, բայց ես կարծում եմ, որ վերջին ամիսներին, նաև արտոնյալ վարկի շրջանակներում, նաև համագործակցության այլ ֆորմատների շրջանակներում, գոնե այս պահին ռազմական բալանսը Հայաստանի համար ավելի նպաստավոր է, քան, ասենք, մեկ տարի առաջ էր»:

Մինասյանը ռազմական լայնամասշտաբ գործողությունների վերսկսումը հավանական չի համարում, սակայն իրավիճակի տեղային սրացումներ, ըստ նրա, հնարավոր են: Ինչ վերաբերում է բանակցային գործընթացին, փորձագետը չի կարծում, թե տեսանելի ապագայում «սայլը տեղից կշարժվի»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG