Մատչելիության հղումներ

«Տեղի վարձը» իսկական պատուհաս է դարձել առևտրականների համար


Երևանյան տոնավաճառներից մեկում
Երևանյան տոնավաճառներից մեկում

Նրանց շահերով զբաղվող ՀԿ-ները պնդում են՝ ժամանակն է, որ կառավարությունը միջամտի սեփականատեր-առևտրական հարաբերություններին, քանի որ շրջանառության անկման պայմաններում մարդիկ այլևս ի վիճակի չեն վճարումներ անել:

Տոնավաճառների առևտրականների խնդիրներով զբաղվող ՀԿ-ները էկոնոմիկայի նախարարությանը խնդրել են պարզաբանել հետևյալ հարցը՝ ինչպե՞ս են տոնավաճառների սեփականատերերը սահմանում «տեղի գումար» ասվածի չափը:

Ստացված գրավոր պատասխանը, որում նշված է, թե վարձակալության համար գանձվող գումարը չի կարող ավելին լինել, քան առևտրի ամսական շրջանառության 1.5 տոկոսը, տարօրինակ է թվում ՀԿ-ների ներկայացուցիչներին: Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանի խոսքով՝ դա այն դեպքում կարելի էր կիրառել, եթե մարդկանց գնողունակությունն ընկած չլիներ:

«Դա նման է նրան, որ բոլոր առևտրականներն աշխատում են շատ հագեցած, մաքսիմալ առևտրային շրջանառությամբ՝ մինչև 100-115 միլիոն դրամի հասնող, ինչն իրականությանը չի համապատասխանում: Այս փոքր՝ միկրոառևտրականներից ո՞րն ունի տարեկան 200 հազար դոլարից ավել շրջանառություն»,- հարց է հնչեցնում Մակարյանը:

Տեղի համար վճարվող վարձը նվազեցնելու պահանջով օրերս ցույցի դուրս եկած՝ «Մալաթիա» տոնավաճառի աշխատակիցներն այսօր հրաժարվեցին պատասխանել մեր հարցերին, թեև ասացին, որ տնօրինությունն ընդառաջել է իրենց պահանջներին ու նվազեցրել վարձը: Սակայն, միևնույն է՝ նեղսրտում են, դժվարանում են վճարել նույնիսկ նվազեցված գումարը:

«Մալաթիայի» առևտրականներից միայն երկուսը համաձայնեցին պատասխանել մեր հարցերին: Նրանցից մեկը շուրջ 10 քմ տարածքի համար վճարում է ամսական 205 հազար դրամ, ասում է՝ առևտուրը «գնալով նվազում է», տեղի գումարն էլ արդեն գլխացավանք է դարձել: Մյուսն էլ պնդեց՝ չի պատրաստվում լքել իր տաղավարը, բայց եթե այսպես շարունակվի, գործը կփակվի: «Գների իջեցում ենք արել, անկախ նրանից, որ մեր տեղի գումարը չի իջել, էս պահի դրությամբ դժվարանում ենք տեղի գումար վճարել, որովհետև առևտուրը վատ ա և անկում ա գնում, ոչ թե օգուտով ենք վճարում անում, այլ մեր էղած ապրանքով»,- ասաց առևտրական կինը:

Գագիկ Մակարյանն ու «Հայաստանի տոնավաճառներ» ՀԿ-ի նախագահ Գագիկ Դանիելյանն ասում են՝ առևտրականների բողոքները չեն դադարի, մինչ նրանք չսկսեն հետևել գործատուի հետ իրենց իսկ կնքած պայմանագրի կետերին: Փորձագետները պնդում են՝ շատերը չեն էլ կարդում, թե ինչի տակ են ստորագրել: «Տոնավաճառներում էս 1.5 տոկոսից բացի իրենք ավելացնում են ծառայություններ»:

Գագիկ Մակարյանի կարծիքով՝ ժամանակն է, որ կառավարությունը միջամտի տոնավաճառների սեփականատերերի ու առևտրականների հարաբերություններին: Հենց այդ նպատակով նա կետ առ կետ առանձնացրել է ոլորտի խնդիրներն ու բանավոր դիմել էկոնոմիկայի նորանշանակ նախարարին: Ասում է՝ Արծվիկ Մինասյանը պատրաստ է քննարկել առևտրականների խնդիրները: Մինչդեռ, երկար տարիներ մանրածախ առևտրով զբաղվողներն ասացին, որ կառավարության հետ հույս չեն կապում: «Գիտե՞ք ինչ, կառավարության անդամներից մեկը պետք է գա տոնավաճառ, նստի մեզ հետ ու տեսնի՝ ինչ ա կատարվում․․․»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG