Մատչելիության հղումներ

logo-print

Ընտրատեղամասային հանձնաժողովի նախագահը տուգանվեց ուրիշի փոխարեն քվեարկելու համար


Գյումրիի գարեջրի գործարանի արտադրության բաժնի պետ Ռաֆայել Ասատրյանը, ով սահմանադրական հանրաքվեի օրը Գյումրիում տեղակայված 35/37 ընտրատեղամասի հանձնաժողովի նախագահն էր, դատարանի որոշմամբ այսօր կես միլիոն դրամով տուգանվեց ուրիշի փոխարեն քվեարկելու համար:

Ամբաստանյալի աթոռին հայտնված Ասատրյանը դեկտեմբերի 6-ին իր ղեկավարած ընտրատեղամաս այցելած Նազելի Բաղդասարյանին կես ժամից ավելի փորձում էր համոզել, որ վերջինիս փոխարեն քվեարկությունը թյուրիմացություն է եղել:

Դատական այս նիստն էլ ընտրակեղծարարների մյուս գործերից չտարբերվեց: Այն ևս արագացված կարգով անցկացվեց՝ առանց հանցանքի պատճառներն ու հանգամանքները ուսումնասիրելու: Ասատրյանը ևս դատարանին միջնորդեց, որ իրեն չտեսանկարահանեն՝ մյուս ընտրակեղծարարների նման նա ևս «ամաչում էր»: Դատարանը բավարարեց միջնորդությունը:

Մեղադրողը ներկայացրեց, թե հանձնաժողովի նախագահը ինչպես է կատարել ընտրակեղծիքը, և միջնորդեց, որ նրա նկատմամբ պատիժ սահմանվի 600 հազար դրամ տուգանքը:

Ամբաստանյալը իրեն առաջադրված մեղադրանքն ընդունեց: Դատարանը որոշեց հանձնաժողովի նախագահի նկատմամբ ավելի մեղմ պատիժ սահմանել՝ տուգանել 500 հազար դրամով:

Դատական նիստի ավարտին գործով տուժող Նազելի Բաղդասարյանը ներկայացավ: Վերջինս անակնկալի եկավ, երբ իմացավ, որ իրեն քվեարկության իրավունքից զրկող անձը հենց հանձնաժողովի նախագահն է եղել:

«Միայն վճռի հրապարակման ժամանակ ես իմացա, որ կոնկրետ հանձնաժողովի նախագահն է եղել: Վճռից, իհարկե, բավարարված եմ», - ասաց Բաղդասարյանը:

Նույն թեմայով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG