Մատչելիության հղումներ

ԵՄ. Վրաստանի քաղաքացիները ամռանն արդեն կկարողանան առանց վիզաների մուտք գործել Շենգենյան գոտի


Վրաստան - Թբիլիսիում տոնում են Եվրամիության հետ Ասոցացման համաձայնագրի ստորագրումը, 27-ը հունիսի, 2015թ․

Վրաստան - Թբիլիսիում տոնում են Եվրամիության հետ Ասոցացման համաձայնագրի ստորագրումը, 27-ը հունիսի, 2015թ․

Բրյուսելում կայացված որոշումը Թբիլիսիում մեծ ոգևորություն առաջացրեց:

Եվրամիության և Վրաստանի միջև ազատ վիզային ռեժիմ սահմանելու քաղաքական որոշումը կայացված է: Այս լուրը հրապարակվեց երեկ երեկոյան Բրյուսելում` Եվրամիության միգրացիայի, ներքին գործերի և քաղաքացիության հարցերի հանձնակատար Դիմիտրիս Ավրամոպուլոսի ասուլիսի ընթացքում:

«Ես մեծ ուրախությամբ ցանկանում եմ ձեզ լավ լուր հաղորդել: Եվրոպական հանձնաժողովն այսօր պաշտոնապես առաջարկել է Վրաստանի բոլոր քաղաքացիների համար ազատ վիզային ռեժիմ սահմանել: Մենք այսօր առաջարկեցինք, որպեսզի Վրաստանն ընդգրկվի այն պետությունների ցանկում, որոնց քաղաքացիները իրավունք են ստանում մուտք գործել Շենգենյան գոտի առանց վիզաների», - հայտարարում էր եվրոպացի պաշտոնյան` նշելով, սակայն, որ այս որոշումը ուժի մեջ կմտնի միայն որոշակի իրավական ընթացակարգերի ավարտին հասցվելուց հետո:

«Մեր օրենսդրական առաջարկը այժմ կփոխանցվի Եվրամիության խորհրդին և Եվրոպական խորհրդարանին, և ես հուսով եմ, որ այդ կառույցները մեր փոխանցած այդ առաջարկները արագորեն կհաստատեն: Վավերացումից հետո կենսաչափական անձնագիր ունեցող Վրաստանի քաղաքացիները հնարավորություն կստանան առավելագույնը 90 օրով առանց վիզաների մուտք գործել Շենգենյան համաձայնագրի գործողության գոտի, եթե այդ ուղևորությունները իրականացվում են զբոսաշրջության, գործարար այցելությունների կամ ընտանիքի անդամներին այցելելու նպատակով: Ամեն դեպքում, ցանկանում եմ հստակեցնել` ազատ վիզային ռեժիմը [Վրաստանի քաղաքացիներին ] Եվրամիության տարածքում աշխատելու իրավունք չի տալիս», - հայտարարում էր Ավրամոպուլոսը:

Ինչ վերաբերում է ժամկետներին, ապա, հանձնակատարի կանխատեսմամբ, Վրաստանի քաղաքացիներն արդեն գալիք ամռանը հնարավորություն կստանան օգտվել վիզային ռեժիմի ազատականացման պտուղներից:

«Հուսով եմ, որ ամեն ինչ պատրաստ կլինի արդեն ամռան սկզբին, քանի որ որոշումներ կայացնելու համար սովորաբար հենց այդքան ժամանակ է պահանջվում` երեքից չորս ամիս: Գործընթացը նոր է սկսվում, և ես կարծում եմ, որ այդ ժամանակահատվածում մենք պատրաստ կլինենք», - հայտարարում էր Եվրամիության միգրացիայի գծով հանձնակատարը:

Ինչպես և կարելի էր ակնկալել, Եվրամիության կայացրած որոշումը Թբիլիսիում մեծ ոգևորություն առաջացրեց: Անդրադառնալով Եվրոպական հանձնաժողովի հայտարարությանը` Վրաստանի արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեն հայտարարում էր․ - «Սա մեծ ձեռքբերում է և շատ կարևոր մի քայլ եվրոպական ինտեգրման ճանապարհին: Այս քայլը կատարվել է՝ ելնելով այն իրողությունից, որ բոլոր անհրաժեշտ բարեփոխումները Վրաստանում կյանքի էին կոչվել: Այդ իսկ պատճառով էլ վիզային ռեժիմի ազատականացման մասին որոշումը նման արագությամբ ընդունվեց, որևէ հարց չհնչեց Վրաստանում կատարվող բարեփոխումների ընթացքի մասին: Եվրոպական հանձնաժողովը միանշանակորեն ընդունեց մեր կատարած բոլոր քայլերի իրավացիությունը»:

Վրաստանի կառավարությունը, սակայն, ընդհանուր ոգևորության ֆոնին դիմում է նաև երկրի քաղաքացիներին` հատուկ զգուշացնելով, որ առանց վիզաների Եվրոպա ուղևորվելու հնարավորությունը չի կարելի օգտագործել որպես արտագաղթի միջոց:

«Ազատ վիզային ռեժիմը չի նշանակում, թե դուք կարող եք մուտք գործել Շենգենյան գոտի` այնտեղ մշտական բնակություն հաստատելով», - այսօր կառավարության նիստից հետո հայտարարում էր Վրաստանի արդարադատության նախարար Թեա Ծուլուկիանին:

Ակնկալվում էր, որ Վրաստանի հետ մեկտեղ ազատ վիզային ռեժիմ կշնորհվի նաև Ուկրաինային: Եվրամիության ղեկավարները, սակայն, որոշեցին առժամանակ զերծ մնալ այդ քայլից:

«Ուկրաինան լրջորեն աշխատում է վիզային ռեժիմի ազատականացմանը վերաբերող բոլոր խնդիրների լուծման, առաջ քաշված բոլոր պայմանների կատարման ուղղությամբ: Մենք բավական դրական աշխատանք ենք կատարում` նպատակ ունենալով արդեն առաջիկա ամիսներին Ուկրաինան ևս ընդգրկել Եվրամիության հետ ազատ վիզային ռեժիմ ունեցող պետությունների ցանկում», - հայտարարում էր Դիմիտրիս Ավրամոպուլոսը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG