Մատչելիության հղումներ

ԱՄՆ Ջորջիա նահանգի Սենատը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը


Անմար կրակը Հայոց ցեղասպանության զոհերի Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում
Անմար կրակը Հայոց ցեղասպանության զոհերի Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում

Ամերիկյան Ջորջիա նահանգի Սենատը ընդունել է SR 991 բանաձևը, որով «2016 թվականի ապրիլ ամիսը հռչակվում է որպես Ցեղասպանությունների կանխարգելման և իրազեկման ամիս» Ջորջիա նահանգում:

Ամերիկայի Հայկական համագումարի (ԱՀՀ) հաղորդագրության համաձայն՝ մարտի 2-ին ընդունված բանաձևում նշվում է, որ «Ռաֆայել Լեմկինի կողմից «ցեղասպանություն» տերմինի առաջադրումը դրդեց նրան ուսումնասիրել 1915 թ. ապրիլին սկիզբ առած հայ ժողովրդի և այլ քրիստոնեական համայնքների բռնի ձուլումը, տեղահանությունը և գրեթե բնաջնջումը, որն առիթ հանդիսացավ 1939 թ. Ադոլֆ Հիտլերի կողմից արված «ո՞վ է ի վերջո, այսօր խոսում հայերի բնաջնջման մասին» հայտարարությանը»:

Ջորջիայում ԱՀՀ-ի նախագահ Վահան Քասաբյանը, ով ներկա է գտնվել բանաձևի ընդունմանը, հայտարարել է․ - «Բանաձևը երկկուսակցական աջակցություն ուներ, և մենք շարունակելու ենք մեր ջանքերը՝ ուղղված ցեղասպանության ճանաչման ընդլայնմանը և մարդու իրավունքների վերաբերյալ կրթությանը մեր դպրոցական ծրագրերում»:

Բանաձևը հղում է կատարում Եվրոպայում բնակվող հրեաների Հոլոքոսթին Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ, ինչպես նաև Կամբոջայի, Բոսնիայի, Իրաքի, Ռուանդայի, Սուդանի ցեղասպանություններին և «Իսլամական պետության» ներկայիս դաժանություններին Սիրիայում և Իրաքում՝ որպես վառ օրինակներ:

SR 991 բանաձևը հովանավորվել է նահանգային սենատորներ Ելենա Փերենթի (դեմոկրատ), Դևիդ Շեֆերի (հանրապետական), Ռենե Ունթերմանի (հանրապետական), Ջոշուա ՄըքՔունի (հանրապետական), Նեն Օրրոքի (դեմոկրատ) և Հերոլդ Ջոնս երկրորդի կողմից (դեմոկրատ):

«Համագումարը բարձր է գնահատում Ջորջիա նահանգի Սենատի, և մասնավորապես սենատորներ Փերենթի, Շեֆերի, Ունթերմանի, ՄըքՔունի, Օրրոքի և Ջոնսի, ինչպես նաև մեր նահանգային նախագահ դոկտոր Վահան Քասաբյանի կատարած աշխատանքը», - հայտարարել է ԱՀՀ-ի գործադիր տնօրեն Բրայան Արդունին:

Հիշեցնենք՝ Ջորջիայի Ներկայացուցիչների պալատը անցյալ տարի բանաձև է ընդունել նահանգում ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր հռչակելու մասին:

ԱՄՆ 50 նահանգներից 43-ը պաշտոնապես ճանաչել են Հայոց ցեղասպանությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG