Մատչելիության հղումներ

Ճիշտ տարիուկես առաջ Հայաստանի պետական կամերային նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր, դաշնակահար Վահան Մարտիրոսյանի նախաձեռնությամբ Արամ Խաչատրյան համերգասարհում տեղի ունեցավ մի շատ ուշագրավ համերգ՝ բեմում Պետական կամերային նվագախումբն էր և չորս դաշնակահարներ՝ երկուսը Եվրոպայից, երկուսը՝ Հայաստանից՝ Սվետլանա Նավասարդյանը և Վահան Մարտիրոսյանը:

Նման համերգ Հայաստանում առհասարակ առաջին անգամ էր տեղի ունենում, և հայ երաժշտասեր հասարակայնության կողմից այն հրաշալի ընդունելության արժանացավ։ Այս երեկո մեր երաժշտասերները կրկին հնարավորություն ունեն նման համերգ ունկնդրել Արամ Խաչատրյան համերգասրահում՝ Հայաստանի պետական կամերային նվագախմբի և չորս դաշնակահարների մասնակցությամբ: Ծրագրում՝ Բախ, Ռավել և Պուլենկ:

Այս անգամ համերգին մասնակից չորս դաշնակահարներն են Գլորիա Կամպանելը՝ Իտալիայից, Տրիստան Պֆաֆը՝ Ֆրանսիայից, Գզավյե Պոազանը՝ Շվեյցարիայից և Վահան Մարտիրոսյանը՝ Հայաստանից: Վահան Մարտիրոսյանի խնդիրը թերևս ամենաբարդն է՝ նա հանդես է գալիս թե՛ իբրև դաշնակահար, թե՛ իբրև դիրիժոր:

Համերգից առաջ լրագրողների հետ հանդիպման ժամանակ դաշնակահարները նշեցին, որ նման համերգներն իհարկե հազվադեպ երևույթներ են, բայց իրենք ընկերներ են և կարողանում են այնպես կազմակերպել իրենց ծրագրերը, որ այսպիսի համերգի հնարավորություն ունենան մասնակցել:

Ֆրանսիացի դաշնակահար Տրիստան Պֆաֆն արդեն երրորդ անգամ է հանդես գալիս Հայաստանում, իսկ մյուս երկու դաշնակահարները առաջին անգամ են մեր երկրում:

Վահան Մարտիրոսյանի խոսքով, Հայաստանում նման համերգ կազմակերպելու մտահղացումը ծագել է Շվեյցարիայում տեղի ունեցած մի փառատոնից:

«Նրանք տոնում էին իրենց փառատոնի հինգ ամյակը և այդ փառատոնին մասնակցող չորս դաշնակահարներով, որոնց մեջ ես էլ կայի, կատարեցինք Բախի այս չորս դաշնամուրային կոնցերտը, որից հետո այդ միտքը ծագեց՝ անել դա Հայաստանում», - ասաց Մարտիրոսյանը։

Համաշխարհային կոմպոզիտորներից հենց Բախն է գրել չորս դաշնամուրի համար ստեղծագործություններ, իսկ մնացածը փոխադրումներ են։

«Միակ դժվարությունը այս նախագծի՝ ունենալ չորս գործիք մեկ բեմի վրա, ունենալ չորս դաշնակահար միաժամանակ նույն բեմի վրա։ Ամեն մեկը իր կարիերայով գնում է առաջ, և գիտե՞ք ինչումն է հարցը՝ կարողանալ բոլորին մի տեղ, մեկ օր հանդիպում տալ, դա հրաշք է։ Հրաշք է, որ կարողացանք չորսովս էլ ազատ լինել այսօր։ Երրորդ խնդիրը՝ կարողանալ մեծ բեմ գտնել, որ չորս դաշնամուր միաժամանակ չխանգարեն իրար, նվագախմբին էլ տեղ լինի։ Բայց այսպիսի նախագծեր ժամանակ առ ժամանակ արվում են, շատ հազվադեպ նախագիծ չէ, բայց տարածված էլ չէ», - ասաց Մարտիրոսյանը։

Չորս դաշնակահար ընկերները հույս ունեն, որ առաջիկայում ևս գոնե մի քանի տարին մեկ անգամ կկարողանան նման համերգներ կազմակերպել և մատուցել հայ երաժշտասերներին։

XS
SM
MD
LG