Մատչելիության հղումներ

Օհանյանը և Նալբանդյանը մասնակցել են Հյուսիսատլանտյան խորհրդի նիստին


Հայաստանի պաշտպանության և արտաքին գործերի նախարարները ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հետ, Բրյուսել, 9-ը մարտի, 2016թ․

Հայաստանի պաշտպանության և արտաքին գործերի նախարարները ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հետ, Բրյուսել, 9-ը մարտի, 2016թ․

Երեկ Բրյուսելում` ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում, տեղի է ունեցել 28+1 ձևաչափով Հյուսիսատլանտյան խորհրդի նիստը, որին մասնակցել են Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ու պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը, Հյուսիսատլանտյան դաշինքի անդամ 28 երկրների դեսպանները, ՆԱՏՕ-ի բարձրաստիճան պաշտոնյաներ և ռազմական կառույցի ղեկավարներ:

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի նախագահությամբ կայացած նիստին Հայաստանի արտաքին քաղաքական և պաշտպանական գերատեսչությունների ղեկավարները հանդես են եկել ելույթներով:

Արտգործնախարարության մամուլի և տեղեկատվության վարչության հաղորդագրության համաձայն՝ իր խոսքում Էդվարդ Նալբանդյանն անդրադարձել է Հայաստան-ՆԱՏՕ համագործակցության տարբեր ոլորտներին, Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթություններին, ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացի վերջին զարգացումներին, ահաբեկչության դեմ պայքարին, խաղաղապահ գործողություններին Հայաստանի մասնակցությանը, Իրանի միջուկային ծրագրի շուրջ ձեռք բերված պայմանավորվածության իրագործմանը, սիրիական ճգնաժամին և դրա հետևանքով ի հայտ եկած հարցերին, միջազգային հարաբերությունների հրատապ խնդիրների վերաբերյալ Հայաստանի դիրքորոշումներին:

Անդրադառնալով Հայաստան - ՆԱՏՕ հարաբերություններին` Նալբանդյանը դրական է գնահատել Անհատական գործընկերության գործողությունների ծրագրի շրջանակում հաստատված արդյունավետ գործակցությունը։ Նա նշել է, որ Հայաստան - ՆԱՏՕ ԱԳԳԾ-ի թվով չորրորդ` 2014-2016 թվականների ծրագիրը հաջողությամբ իրականացվում է, և շեշտել է, որ շուտով կմեկնարկի 2017-2018 թվականների ԱԳԳԾ մշակման միջգերատեսչական գործընթացը։

Էդվարդ Նալբանդյանը ներկայացրել է Հայաստանում սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի արդյունքները և դրանից բխող բարեփոխումների գործընթացը։

Սեյրան Օհանյանն իր ելույթում անդրադարձել է պաշտպանական համակարգում իրականացվող բարեփոխումների ընթացքին, ռազմական կրթության բնագավառում կարողությունների ընդլայնմանը և այդ համատեքստում կարևորել է Հայաստանի և ՆԱՏՕ-ի միջև համագործակցությունը:

Նիստին ելույթ ունեցած ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը, անդամ շուրջ մեկ տասնյակ երկրների ներկայացուցիչներ դրական են գնահատել Հայաստանի և դաշինքի միջև արդյունավետ գործակցությունը և արձանագրված արդյունքները:

Ելույթ ունեցողները գոհունակություն են հայտնել Անհատական գործընկերության գործողությունների ծրագրի իրականացման արդյունքների, Հայաստանում իրականացվող բարեփոխումների ընթացքի, Կոսովոյում, Աֆղանստանում, Լիբանանում խաղաղապահ գործողություններին Հայաստանի մասնակցության կապակցությամբ, կարևորել Հայաստանում իրականացվող հետևողական բարեփոխումները:

Այնուհետև Նալբանդյանն ու Օհանյանը պատասխանել են ՆԱՏՕ-ի անդամ երկրների դեսպանների բազմաթիվ հարցերին, որոնք վերաբերում էին Հայաստանի արտաքին քաղաքականությանը, տարածաշրջանային զարգացումներին, ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման ուղղությամբ Հայաստանի և միջազգային հանրության կողմից գործադրվող ջանքերին, պաշտպանական և անվտանգության ոլորտներում Հայաստանում իրականացվող բարեփոխումներին։

Հյուսիսատլանտյան խորհրդի նիստից առաջ Հայաստանի արտաքին գործերի և պաշտպանության նախարարները հանդիպել են ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հետ:

Հանդիպմանն անդրադարձ է կատարվել տարբեր ծրագրերի շրջանակներում Հայաստան-ՆԱՏՕ համագործակցությանը, մտքեր են փոխանակվել տարածաշրջանային խնդիրների շուրջ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG