Մատչելիության հղումներ

Ըստ ընդդիմադիր պատգամավորի, Սահմանադրության մեջ չկա կետ, որն արգելի տեղեկություն ստանալ ընտրության մասնակցած մարդկանց մասին։

Հայաստանի օրենսդրության և Սահմանադրության մեջ չկա որևէ կետ, որն արգելում է տեղեկություն ստանալ ընտրության մասնակցած մարդկանց մասին, «Ազատության» հետ զրույցում ասաց Հայ ազգային կոնգրես խորհրդարանական խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը։

«Ցանկացած օրենք, ցանկացած միջազգային նորմ՝ ՄԱԿ-ի որոշումները, բանաձևերը, թույլատրում են տեղեկություն ստանալ ընտրությունների մասնակցած մարդկանց վերաբերյալ։ Վերջին հաշվով, դա այնքան հեշտ և այնքան պարզունակ է, որ ցանկացած մարդ, լրագրող կարող է նկարահանել ամբողջ գործընթացը, և ես տեսնեմ՝ իմ հարևան Սերոժը եկել է քվեարկության, թե՝ ոչ։ Գաղտնի է, թե իմ հարևան Սերոժը ինչ է քվեարկել, բայց այն, որ իմ հարևան Սերոժը եկել է քվեարկության, դա բոլորին է հայտնի, և որևէ խնդիր այստեղ չկա», - նշեց Մանուկյանը։

Դիտարկմանը, որ Սահմանադրական դատարանը, այնուամենայնիվ, ունի նման որոշում, ըստ որի՝ ընտրությանը մասնակցած քաղաքացիների ցուցակների հրապարակումը համարվում է հակասահմանադրական, և դա միջազգային ատյաններին ներկայացնելու շատ լավ փաստարկ է, ընդդիմադիր պատգամավորն այսպես արձագանքեց. - «Աղվեսը պոչին է վկա բերում, որովհետև մի ժամանակ նման որոշում կայացրեց Սահմանադրական դատարանը՝ ապօրինի, անհիմն, հակասահմանադրական, և եթե հիշում եք՝ իրենք մինչև հիմա դրա վրա հղում չէին անում, հղում անում էին Վենետիկի հանձնաժողովի վրա՝ Վենետիկն այդպես է առաջարկել։ Հիմա երևի Վենետիկը չի առաջարկել այդպիսի բան, առավել ևս ԺՀՄԻԳ-ը գրել էր, որ ՄԱԿ-ի համապատասխան բանաձևերով տեղեկատվության խնդիր է դա, և ցանկացած մարդ իրավունք ունի տեսնել՝ ով է մասնակցել քվեարկության»։

«Ավելին ասեմ՝ մինչև 2003 թվականը՝ 14 տարի Հայաստանի իշխանությունները հրապարակել են նախորդ օրը ընտրության մասնակցած քաղաքացիների ցուցակները, ինչո՞ւ որևէ մեկը դրա մասին չի խոսում», - շարունակեց Մանուկյանը՝ եզրակացնելով․ - «Դա պարզագույն բլեֆ է, և իրենք դրանով հիմնավորում են, որ մեծ կեղծիքների աղբյուրը, բազան հենց այստեղ է՝ այդ շուրջ 600-700 հազար մարդկանց բացակայությունը, և նրանց փոխարեն է քվեարկություն իրականացվում, և իրենք գիտեն, որ դա իրենց համար մահացու է, որ ես կարող եմ ճշտել՝ մեր շենքի այստեղ չգտնվող մարդիկ քվեարկել են, թե՝ ոչ»։

ՀԱԿ խմբակցության ղեկավարը ներկայացրեց, թե ինչու է Ընտրական օրենսգրքի նախագիծը «այսքան վատը»։ «Ընդհանուր ես Ձեզ տակտիկան ասեմ՝ ինչու է այսքան վատն այս նախագիծը. մինուս 100 ցուցանիշով ես նախագիծ եմ բերել, որը շատ-շատ ավելի վատն է, քան նախորդը, հետընթաց է ակնհայտ, ես կարող եմ այդ կետերը, դրույթները ասել, որից հետո դու պետք է պայքարես՝ քաղաքացիական խմբերը պետք է պայքարեն, եվրոպացիները պետք է ասեն՝ էս ի՞նչ ես անում, էս ի՞նչ խայտառակ նախագիծ ես բերել, դու ուղղես, շտկես, թողնես կեսը ու ասես՝ «մի կերպ փրկվեցինք ավելի վատ նախագծից», բայց վերջին արդյունքում էլի մնա շատ վատ նախագիծ», - ասաց ընդդիմադիր պատգամավորը։

XS
SM
MD
LG