Մատչելիության հղումներ

Պորոշենկոն կոչ է անում Թուրքիայի Մեջլիսին ճանաչել Ղրիմի թաթարների ցեղասպանությունը


Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկո, արխիվ

Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկո, արխիվ

Ղրիմի թաթարների ճակատագիրը ուկրաինա-թուրքական երեկվա բանակցությունների հիմնական թեմաներից մեկն էր։

Ուկրաինայի նախագահը կոչ է անում թուրքական խորհրդարանին ճանաչել Ղրիմի թաթարների` Խորհրդային Միությունում իրականացված ցեղասպանությունը: Այս մասին երեկ հայտարարեց Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոն՝ Անկարա կատարած երկօրյա այցի շրջանակներում:

«Ես՝ որպես Ուկրաինայի նախագահ, այսօր կայանալիք հանդիպումների ընթացքում պատրաստվում եմ դիմել թուրքական խորհրդարանի անդամներին, որպեսզի նրանք Ղրիմի թաթարների՝ 1944 թվականի արտաքսումը ճանաչեն որպես ցեղասպանություն», - հայտարարում էր Պորոշենկոն Թուրքիայում բնակվող Ղրիմի թաթարների հետ հանդիպման ժամանակ:

Հիշեցնենք, որ 1944 թվականի մայիսին Իոսիֆ Ստալինի հատուկ հրամանագրի հիման վրա Ղրիմի թերակղզում բնակվող ավելի քանի 180 հազար թաթարներ աքսորվեցին Միջին Ասիա: Արտաքսման ընթացքում, ինչպես նաև բնակության նոր վայրերում կենցաղային տարրական պայմանների բացակայության պատճառով աքսորվածների զգալի մասը` առնվազն 15-20 տոկոսը, զոհվեց:

Ուշագրավ է, սակայն, որ Ուկրաինայի Գերագույն ռադան Ղրիմի թաթարների հետ կատարվածը որպես ցեղասպանություն ճանաչեց արդեն Ռուսաստանի հետ հարաբերությունների կտրուկ վատթարացումից հետո` 2015 թվականի նոյեմբերին:

Ղրիմի թաթարների ճակատագիրը դարձավ երեկ Անկարայում կայացած ուկրաինա-թուրքական բանակցությունների հիմնական թեմաներից մեկը:

«Այսօրվա իմ բանակցությունների կարևորագույն կետը Ղրիմի թաթարների կացությունն էր: Թե՛ նախագահ Ռեջեփ Էրդողանի, թե՛ վարչապետ Դավութօղլուի հետ բանակցություններում մենք անդրադառնում ենք Ղրիմի թաթարների իրավունքների պաշտպանությանը, ինչպես նաև Ղրիմում Ուկրաինայի ինքնիշխանության վերահաստատմանն ուղղված գործողությունների համակարգմանը», - հայտարարում էր Պորոշենկոն` իր երախտագիտությունը հայտնելով պաշտոնական Անկարային Ուկրաինայի տարածքային ամբողջականության գաղափարին աջակցելու համար:

Ուկրաինայի նախագահի խոսքով, այսօր Կիևում արձանագրում են, որ վերջին երկու տարիներին Ղրիմի թաթարների դեմ ոտնձգությունների թիվը թերակղզու տարածքում զգալիորեն աճել է:

«Կտրականապես անընդունելի է մարդկանց իրավունքների բռնի ոտնահարումը` այն, ինչ տեղի է ունենում Ղրիմում ռուսաստանյան օկուպացիայի ներքո», - հայտարարում էր Պորոշենկոն:

XS
SM
MD
LG