Մատչելիության հղումներ

Հայ ազգային կոնգրեսը (ՀԱԿ) և Հայաստանի ժողովրդական կուսակցությունը (ՀԺԿ) համատեղ հայտարարություն են տարածել Ընտրական օրենսգրքի նախագծի կապակցությամբ։

Վկայակոչելով հասարակության, քաղաքական ուժերի, հասարակական կառույցների, հայաստանյան և միջազգային, մասնավորապես` ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելությունների համընդհանուր կարծիքը, կուսակցությունները թվարկել են հայաստանյան ընտրությունների գլխավոր արատները. - «Հայաստանից բացակայող քաղաքացիների և այլ անձանց փոխարեն բազմակի քվեարկությունը, ընտրակաշառքը, լցոնումները, ընտրողների ահաբեկումը, նրանց կամարտահայտման վրա անօրինական ազդեցությունը, վարչական ռեսուրսի, պաշտոնեական դիրքի և պետական լծակների օգտագործումը, անպատժելիությունը (ընտրական հանձնաժողովների, ոստիկանության, դատախազության և դատարանների կողմից իրենց գործառույթները չկատարելը), բողոքարկման համակարգի անկատարությունն ու փաստացի չգործելը»։

Ըստ հայտարարության, քննարկման ներկայացված փաստաթղթով լուծումներ չեն տրվել Հայաստանի ընտրական համակարգի` վերը թվարկված արատներից և ոչ մեկին, հաշվի չեն առնվել այդ ուղղությամբ ընդդիմության, քաղաքացիական հասարակության և ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի առաջարկությունները:

«Նախագծում տեղ են գտել դրույթներ, որոնք ակնհայտ նահանջ են ժողովրդավարությունից, նույնիսկ գործող օրենսգրքի համեմատությամբ։ Ռեժիմի մտադրությունների մասին սույն հռչակագիրը վկայում է, որ հասարակությունը գործ ունի ոչ թե Ընտրական օրենսգրքի, այլ՝ ընտրակեղծարարության մեքենան կատարելագործելու և օրենսդրորեն ամրապնդելու, խորհրդարանական համակարգի շղարշով պարուրված՝ երկրում միակուսակցական համակարգ կամ միահեծան իշխանություն հաստատելու՝ Սերժ Սարգսյանի հանցավոր ծրագրի հետ: Այս ծրագրի սկիզբը դրվեց կեղծ «սահմանադրական փոփոխություններով» և ավարտին պետք է հասցվի 2017 թվականի խորհրդարանական ընտրություններով: Այն սպառնում է խարխլել երկրի անվտանգությունը, ներքին կայունությունը և փակում է զարգացման հեռանկարը», - հայտարարում են ՀԱԿ-ը և ՀԺԿ-ն՝ մերժելով «հանցավոր նպատակներ հետապնդող» այս նախագիծը, անընդունելի համարելով «հակաժողովրդավարական» նոր դրույթների ներմուծումը:

Պնդելով, որ «Հայաստանում իրական ընտրական համակարգ հաստատելու նպատակով անհրաժեշտ է նախևառաջ մաքրել ընտրացուցակները», հայտարարության հեղինակները պահանջում են այդ նպատակով ընտրողների ռեգիստրում, հետևաբար՝ նաև ընտրացուցակներում, սահմանել առանձնացված հաշվառում Հայաստանում մշտապես բնակվող և երկրից երկարաժամկետ (վեց ամսից ավելի) բացակայող քաղաքացիների համար ու վերջիններիս քվեարկության իրավունքի իրացման համար նախատեսել առանձին ընթացակարգ; հրապարակել ընտրություններին մասնակցած անձանց կողմից ստորագրված ցուցակները, դրանք հասանելի դարձնել ստուգումների համար` որպես ապացուցողական նշանակություն ունեցող նյութեր; քվեարկության օրը տեղամասային կենտրոնները և տեղամասային կենտրոնին հարող` մինչև 50 մետր շառավղով տարածքը տեսանկարահանել ինտերնետային կապով ապահովված տեսախցիկներով, ինչը բոլոր ցանկացողներին հնարավորություն կտա հատուկ ստեղծված կայքի միջոցով ուղիղ հեռարձակմամբ հետևել տեղամասերում ընթացող քվեարկությանն ու հաշվարկին. տեսանկարահանված նյութերը պետք է դառնան ընտրական փաստաթուղթ; բազմակի քվեարկության բացառման նպատակով կիրառել մատների թանաքոտման հուսալի մեխանիզմ։

ՀԱԿ-ն ու ՀԺԿ-ն կոչ են անում ընդդիմադիր բոլոր քաղաքական ուժերին և քաղաքացիական հասարակությանը՝ «մերժել Սերժ Սարգսյանի սույն հանցավոր ծրագիրը և միավորվել Հայաստանում իրական ժողովրդավարություն հաստատելու նպատակի շուրջ»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG