Մատչելիության հղումներ

Օսկանյան. ԸՕ նախագծում տեղ են գտել ոչ միանշանակ ու վիճելի ձևակերպումներ


Վարդան Օսկանյան, արխիվ
Վարդան Օսկանյան, արխիվ

Հայաստանի Ազգային ժողովի պատգամավոր, նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանն իր դիտարկումներն ու գնահատականներն է ներկայացրել Ընտրական օրենսգրքի նախագծի վերաբերյալ։

Օսկանյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է, որ հանրությանն, ըստ էության, ոչ թե 100 տոկոս համամասնական ընտրակարգ ենթադրող փաստաթուղթ է ներկայացվել, ինչպես նախատեսված է նոր Սահմանադրությամբ, այլ՝ «հիբրիդային», այն է` մեծամասնական ու համամասնական ընտրակարգերի խառնուրդ: Ընդ որում, ըստ նախկին արտգործնախարարի, այսօրվա համեմատ մեծամասնական տեղերը փաստացի ավելացել են:

«Օրենսգրքում տեղ են գտել ոչ միանշանակ ու վիճելի բազմաթիվ ձևակերպումներ, որոնք վերաբերում են ինչպես ընտրությունների անցկացման բուն գործընթացին, այնպես էլ ապագա իշխանության ձևավորմանը: Ակնհայտ է, որ բոլոր շրջանակների մոտ առաջացել են բազմաթիվ հարցեր և դժգոհություններ», - գրել է Օսկանյանը՝ հավելելով. - «Ակնհայտ է նաև, որ անհրաժեշտ է հասարակական ու քաղաքական լայն համախմբում` Ընտրական օրենսգիրքը բոլորի համար ընդունելի դարձնելու և ընտրական գործընթացները ժողովրդավարական չափանիշներին մոտեցնելու համար»:

Նախկին արտգործնախարարն առաջարկում է՝ «ապահովել ընտրողների մատնահետքերով միասնական էլեկտրոնային համակարգի ներդրում` բացառելու կրկնաքվեարկությունը, մաքրել ընտրական ցուցակները և դրանք նախապես հրապարակել, իսկ քվեարկությունից հետո հրապարակել քվեարկողների ցուցակները, վերանայել ռեյտինգային քվեարկության առաջարկվող մոդելը՝ այն համահունչ դարձնելով նոր Սահմանադրության տառին ու ոգուն, հանել բոնուսային մանդատների հատկացման մասին դրույթը, հանել կոալիցիաների ձևավորման համար կուսակցությունների թվի սահմանափակումը, քանզի այն հակասում է պառլամենտարիզմի գաղափարին, չսահմանափակել ընտրատեղամասերում դիտորդների և լրատվամիջոցների թիվը, փոխել դիտորդների հրավիրման առաջարկվող կարգը»։

Օսկանյանը նշել է, որ նախագծում վիճելի այլ դրույթներ ևս կան, սակայն սրանք այն հիմնականն են, որոնք, ըստ նրա, խոցելի են դարձնում քաղաքական համակարգն ու ընտրական գործընթացները:

Նա կոչ է արել «մեկտեղել քաղաքական, քաղաքացիական, մասնագիտական և շահագրգիռ այլ շրջանակների ջանքերը՝ նոր Ընտրական օրենսգրքի բարելավման և հանրայնորեն ընդունելի փաստաթուղթ ստանալու նպատակով»:

«Միջազգային շրջանակներին ևս առաջարկում եմ իրենց նպաստը բերել և՛ որակյալ փաստաթուղթ ստանալու, և՛ բուն ընտրական գործընթացը հանրության համար լեգիտիմ դարձնելու նպատակով: Ինչ վերաբերում է իմ և իմ համախոհների քաղաքական վարքագծին, ապա մենք ակտիվորեն ներգրավվելու ենք ինչպես օրենսդրական քննարկումներում, այնպես էլ բուն ընտրական գործընթացներում` որպես հիմք ընդունելով հասարակական-քաղաքական լայն համախմբման միջոցով երկրում դրական փոփոխությունների հասնելու սկզբունքը», - Ֆեյսբուքում գրել է Վարդան Օսկանյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG