Մատչելիության հղումներ

Նորաստեղծ «Արմենիա» ավիաընկերությունը կփորձի մրցակցել ռուսական ընկերությունների հետ


Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում, արխիվ
Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում, արխիվ

Ավիացիայի ոլորտի փորձագետը, սակայն, Հայաստանի պարագայում նման գներն իրատեսական չի համարում:

Արդեն հաջորդ ամիս Երևանից իր առաջին թռիչքները կիրականացնի նորաստեղծ «Արմենիա» ավիաընկերությունը, որի բաժնետերերից երկուսը Վրաստանում ավիացիայի ոլորտում տարիների փորձ ունեն: Ընկերության 24 տոկոս բաժնեմասի սեփականատեր, վրացի Թամազ Գաիաշվիլին Georgian Airways-ի տնօրենն է, Ռոբերտ Օգանեսյանն էլ, ում պատկանում է «Արմենիա» ընկերության 25 տոկոսը, փոխտնօրենն է։

«Այսօր հարկերն ու «Զվարթնոց»-ի գումարը 49 եվրո է՝ կախված կուրսից։ Այս հարկը ներառված է ամրագրման համակարգերում։ Այսօր այդ գումարը կարող է լինել 44 եվրո, վաղը՝ 45, 47, դրա համար մենք, որպես ավիաընկերություն, հրապարակում ենք 49 եվրո գինը, որին կգումարվի հարկը։ Այսօր գինը 96 եվրո է»,- պարզաբանում է Օգանեսյանը։

Նորաստեղծ ընկերությունը պատրաստվում է թռիչքներ իրականացնել Մոսկվա և ռուսական այլ մեծ քաղաքներ: Ընկերության ուղղություններից կլինեն նաև Կիևը, Մինսկը, Թեհրանը, Դուբայը, Բարսելոնան, Պրահան, մի շարք այլ եվրոպական քաղաքներ։ Հիմնադիրները խոստանում են մատչելի գներով տոմսեր, օրինակ՝ մեկ ուղղությունը, ըստ նրանց, կարժենա մոտ 100 եվրո։

«Մենք կփորձենք մրցակից դառնալ ոչ միայն ռուսական ավիաընկերություններին․․․ Իհարկե ավիացիոն բիզնեսը բարդ բիզնես է, և բարդ բիզնեսում առանց պետության աջակցության դժվար թե որևէ մեկը կարողանա ոտքի կանգնել ու Հայաստանում լուրջ ավիաընկերություն ունենալ»,- ասում է Գաիաշվիլին:

Նորաստեղծ ընկերությունում տեղյակ լինելով, որ Հայաստանում ավիաընկերությունները կա՛մ սնանկացել են, կա՛մ սնանկացման եզրին են (օրինակ՝«Էյր Արմենիա»-ն), այնուամենայնիվ, հույս ունեն դիմանալ շուկայում։ Ի դեպ, «Էյր Արմենիա»-ն որպես սնանկացման հիմնական պատճառ էր նշում ռուսական ընկերությունների «ագրեսիվ քաղաքականությունը»։

Թամազ Գաիաշվիլին չի թաքցնում՝ Երևանից ավիատոմսերի գները Թբիլիսիում վաճառվողներից առնվազն 20-30 տոկոսով թանկ կլինեն։

200 եվրո կամ՝ մոտ 105 հազար դրամով թռիչք դեպի եվրոպական քաղաքներ, ներառյալ վերադարձը: Այսպիսի գինն ավիացիայի ոլորտի փորձագետ Շահեն Պետրոսյանն իրատեսական չի համարում։ «Հնարավոր է, որ իրենք ինչ- որ քանակի էժան տոմսեր վաճառեն՝ որպես գովազդային ակցիա: Մնացած տոմսերը կլինեն նույն գներով, ինչ որ կա: Ես չեմ պատկերացնում, որ Հայաստանում, վառելիքի սակագների այս պայմաններում, երբ ամեն ինչ մոնոպոլիզացված է, իրենք կարողանան ավելի մատչելի գներով թռիչքներ իրականացնել»,- ասաց Պետրոսյանը:

Ըստ նրա՝ Հայաստանում ավիատոմսերը մատչելի չեն դառնա, էժան ավիատոմսեր առաջարկող՝ այսպես կոչված low cost ընկերություններն էլ Հայաստան չեն գա, քանի դեռ չի իջել «Զվարթնոց»-ի սպասարկման գինը և չի վերացել վառելիքի վաճառքի մենաշնորհը։ «Վրաստանն էլ նավթ չունի, բայց իրենց մոտ կրկնակի էժան է»:

Ի դեպ, նորաստեղծ ընկերության՝ «Արմենիա»-ի գլխավոր բաժնետերը հայաստանցի Աշոտ Թորոսյանն է, ով տեսախցիկի առջև չցանկացավ խոսել, բայց ներկայացավ որպես նախկին ատամնաբույժ՝ հրաժարվելով պարզաբանել, թե ինչպես է կարողացել վաստակել ներդրման համար անհրաժեշտ մեծ գումարները։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG