Մատչելիության հղումներ

Խաղաղ պայմաններում զոհված զինվորների ծնողները «փակուղում են հայտնվել»


Որդեկորույս մայրերը Ազգային ժողովում, արխիվ

Որդեկորույս մայրերը Ազգային ժողովում, արխիվ

Իրենց որդիների գործերը բացահայտելու պահանջով նրանք այս անգամ դիմում են կին պատգամավորներին։

Ոչ մարտական պայմաններում զոհված զինծառայողների սևազգեստ մայրերը, տարիներ շարունակ պայքարելով որդիների գործերի վերանայման համար, այսօր հայտարարում են, որ «փակուղում են հայտնվել, չգիտեն՝ էլ ում դուռը թակեն»:

«Ես հուսահատվել եմ։ Վեց տարի տեսնելով այս ամենը՝ տիկին Անահիտի՝ արդեն շուտով 15 տարին, Գոհարի՝ ութ տարին, Հովսեփենց արդեն երրորդ տարին է, վեց տարի շուտով կլինի իմը, ինչքա՞ն պետք է ձգձգվի։ Ես արդեն հուսահատվել եմ, բայց չեմ կարող հանձնվել, ես չեմ կարող տանը նստել, ես ինձ մեղավոր եմ զգում իմ երեխայի առաջ՝ բա մեղավորը չպատժվի՞ գոնե», - ասաց Նանա Մուրադյանը՝ զոհված զինծառայող Վալերիկ Մուրադյանի մայրը։

Մուրադյանի որդին, ըստ պաշտոնական վարկածի, վեց տարի առաջ ինքնասպանություն է գործել։ Ծնողները, սակայն, պնդում են, որ որդուն սպանել են:

Դեպքից չորս օր առաջ զինվորը ընտանիքին հայտնել էր, որ ականատես է եղել վառելիքի գողության: Մահվան գործի վարույթը նախորդ տարի կասեցվել է: «Մենք էլ չգիտենք՝ ինչ անենք, ո՞ւր գնանք, ի՞նչ անենք։ Գալիս ենք ամենավերևի մոտ, բոլոր ղեկավարները՝ թե՛ ուղղակի, թե՛ անուղղակի, ցույց են տալիս, որ երկրի նախագահը միայն կարող է հարցերին լուծում տալ», - ասաց զոհված զինծառայող Վալերիկ Մուրադյանի մայրը։

Մեկ այլ որդեկորույս մայր՝ Ինգա Ղազարյանը շուրջ 7 տարի տարբեր ատյաններում բարձրաձայնում է, որ որդին ոչ թե գլխի ուռուցքից է մահացել, ինչպես պաշտոնական վարկածն է պնդում, այլ նրան սպանել են, ընդ որում, Ղազարյանը մատնանշում է նաև, թե ով է սպանել որդուն՝ ասելով, որ միակ վկային հեռացրել են երկրից: Այս գործն էլ կարճվել է՝ հանցակազմի բացակայության պատճառով:

«Սպանության օրը նույն հետախույզ տղան Արթուրիս հետ է եղել։ Ինքը տեսել է, որ իմ Արթուրին սպանել է իր հրամանատար Մարտին Ջհանգիրյանը», - ասաց զոհված զինծառայող Արթուր Ղազարյանի մայրը։

«Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանն առաջարկել էր Ազգային ժողովում ժամանակավոր հանձնաժողով ստեղծել՝ մահացած զինծառայողների գործերը մանրակրկիտ ուսումնասիրելու համար։ Հարցի քննարկումը, սակայն, հետաձգվել է մինչև մեկ տարով:

Որդեկորույս մայրերի ակնկալիքները, սակայն, մեծ չեն: «Մինչև այսօր ոչինչ չի արվել։ Մեզ տեղեկանքներ տրամադրեցին, ծնողների որոշ տեղեկանքների մեջ սխալ բաներ են գրված՝ ուղղակի որպես գործի նախաբան ինչ-որ բաներ էր գրված ու կարևոր ոչինչ», - ասաց զոհված զինծառայողներից մեկի մայրը։

Մեկ այլ ծնողի պնդմամբ, ամեն ինչ Բաղրամյան 26-ում է որոշվում [նախագահականում]. - «Ամեն ինչը Բաղրամյան 26-ից է, եթե Բաղրամյան 26-ը փոխվի, ուրեմն մեր բոլոր տղաների գործերը կբացահայտվեն»։

Պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը «Ազատության» հետ զրույցում ասաց, որ գործերի բացահայտման համար նախարարությունը ոչինչ անել չի կարող:

«Պաշտպանության նախարարությունը իրա հասանելիք մասով բազմիցս իրենց օգնել է ու փորձել է օգնել, բայց ինչ վերաբերում է կոնկրետ բացահայտումներին նպաստելուն, ապա դա պաշտպանության դաշտում չէ, դա իրավական համակարգի դաշտում է», - ասաց պաշտպանության նախարարի մամուլի խոսնակը։

Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը, հիշեցնելով Մարտի 1-ի և այլ աղմկահարույց գործերի չբացահայտված մնալը, ասում է, որ բանակում տեղի ունեցած հանցագործությունների բացահայտումը ևս ձեռնտու չէ իշխանությանը: «Բանակը նույնպես իշխանության հենարանն է, եթե որևէ սպայի, որը մեղավոր է եղել այս սպանությունների մեջ, պատժեն, ապա այդ ժամանակ կսասանվի բանակի հավատարմությունը իշխանությանը», - ասաց Իշխանյանը։

Չնայած հուսահատ վիճակին, որդեկորույս մայրերը պնդեցին, որ շարունակելու են պայքարել՝ այս անգամ դիմելով կին պատգամավորներին: «Օգնե՛ք, վերջապես մայր եք, մի օր ձեր դուռն էլ կիջնի այս ամեն ինչը, ոչ մեկն ապահովագրված չէ այս երկրում, վերջապես թող այս հարցերին լուծում տան, մեղավորները պատժվեն, որ չշարունակվեն սպանությունները բանակում։ Ես չեմ ուզում ոչ մի մայր իմ օրն ընկնի, ես իմ երիտասարդ տարիքում ոչ մի բանի հանդեպ հետաքրքրություն չունեմ, ես մահացած մարդ եմ, բայց ապրում եմ հանուն նրա, որ իմ երեխային սպանողը պետք է պատժվի», - ասաց Նանա Մուրադյանը։

XS
SM
MD
LG