Մատչելիության հղումներ

Գասպարիի փաստաբան՝ «դատավորին պետք է դուրս շպրտել համակարգից»


Վարդգես Գասպարին՝ դատարանի դահլիճում, 9-ը մարտի, 2016թ.

Վարդգես Գասպարին՝ դատարանի դահլիճում, 9-ը մարտի, 2016թ.

Վարդգես Գասպարին այսօր նույնպես բոյկոտեց դատական նիստն ու պառկեց:

Կարգադրիչներն այսօր ևս ստիպված եղան դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք ցուցաբերելու մեջ մեղադրվող քաղակտիվիստ Վարդգես Գասպարիին գրկած դուրս բերել նիստերի դահլիճից։ Գետնին պառկելու համար դատարանը նրան հեռացնելու որոշում ընդունեց:

Արդեն իրեն բնորոշ դարձած բողոքի այդ եղանակին Գասպարին այլընտրանք չի տեսնում, քանի որ, վերջինիս պնդմամբ, իրեն զրկում են խոսքի իրավունքից, առարկություններն ու միջնորդություններն էլ քննարկման առարկա չեն դառնում։ «Դատավորը որպես մեղադրող ա հանդես գալիս, փաստացի դատարան գոյություն չունի»,- ասաց Գասպարին:

Նրա հեռացվելուց հետո փաստաբանի և դատավորի միջև բանավեճ ծավալվեց: Մինչ ակտիվիստի փաստաբանը փորձում էր դատարանի որոշումների վերաբերյալ առարկություններ ներկայացնել, դատավորը նոր սանկցիաներ կիրառեց նրա նկատմամբ։ Մոտ 20 րոպե վիճելուց ու առարկություններ ներկայացնելուց հետո փաստաբան Տիգրան Եգորյանն ի վերջո որոշեց լքել դահլիճը։ «Էս մարդուն [դատավորին] ուղղակի պետք է այնպես հեռացնեն դատական համակարգից, որ դա համադրելի լինի, այսպես ասած, ժողովրդի մեջ կիրառվող «դուրս շպրտել» բառակապակցության և եզրի հետ: Սա արդարադատություն չի, սա դատական նիստ չի, սա իրավունք և օրենք չի, սա ուղղակի աբսուրդ ա»:

Մի քանի անգամ նաև լրագրողներին նկատողություն անելուց հետո, ապակեպատ դահլիճում դատախազի ու քարտուղարուհու հետ միայնակ մնացած դատավորը հետաձգեց նիստը, պատճառաբանելով, որ առանց ամբաստանյալի ու նրա փաստաբանի շարունակել չի կարող։ Հաջորդ դատական նիստի օր նշանակվեց շաբաթ օրը: Մինչդեռ՝ Գասպարին հեռացված է, իսկ փաստաբան Եգորյանը հայտարարում է, որ չի ներկայանալու։

XS
SM
MD
LG