Մատչելիության հղումներ

Կալաձե․ «Մենք շարունակելու ենք ստանալ Հայաստան մատակարարվող գազի 10 տոկոսը»


Կախա Կալաձե, արխիվ

Կախա Կալաձե, արխիվ

Վրաստանի խորհրդարանում բուռն բանավեճեր են տեղի ունեցել՝ կապված կառավարության էներգետիկ քաղաքականության հետ:

Վրաց խորհրդարանականներն այսօր բավական բուռն մթնոլորտում էին ունկնդրում երկրի փոխվարչապետ, էներգետիկայի նախարար Կախա Կալաձեի բացատրությունները վերջին ամիսներին ռուսական «Գազպրոմ» ընկերության, Ադրբեջանի պետական նավթային ընկերության` SOCAR-ի և Իրանի կառավարության հետ տարված բանակցությունների վերաբերյալ:

Կալաձեն իրեն ուղղված քննադատությանը բավական հանգիստ էր արձագանքում: Միայն մի դրվագում նա ստիպված եղավ սաստել ընդդիմադիր պատգամավորներից մեկին` ասելով․ - «Մի ստիպեք ինձ նույնպես ձայն բարձրացնել»:

Վրաստանի էներգետիկ ոլորտի պատասխանատուներին խորհրդարան կանչելու գաղափարն ընդդիմությանն էր, որն արդեն ամիսներ շարունակ պնդում է, թե «Գազպրոմ»-ի հետ Վրաստան ներկրվող գազի ծավալների ավելացման շուրջ բանակցությունները վտանգում են երկրի ազգային անվտանգությունն ու ինքնիշխանությունը: Կալաձեն, սակայն, որոշեց խորհրդարան գալ միայն այն բանից հետո, երբ «Գազպրոմ»-ի հետ գազի հավելյալ մատակարարումների շուրջ բանակցությունները մտան փակուղի, իսկ պաշտոնական Թբիլիսին ու Բաքուն համաձայնագիր ստորագրեցին՝ Վրաստան մատակարարվող ադրբեջանական գազի ծավալներն ավելացնելու մասին:

Վրացական ընդդիմության ներկայացուցիչները, սակայն, պնդում են, որ Կալաձեն ամիսներ շարունակ ստում էր, երբ ասում էր, թե Ադրբեջանն ի վիճակի չէ գազի հավելյալ քանակություն մատակարարել Վրաստան: «Հոկտեմբերի 20-ին դուք հայտարարում էիք, թե Ադրբեջանը բավարար ռեսուրսներ չունի: Հոկտեմբերի 23-ին արդեն Ադրբեջանի պետական նավթային ընկերության ներկայացուցիչներից մեկը` Մահիր Մամեդովը հանդես եկավ հայտարարությամբ, որը տրամագծորեն հակասում էր ձեր հնչեցրած պնդումներին: Հիմա ես ուզում եմ հասկանալ` այդ երեք օրերին ո՞վ էր ստում` Վրաստանի կառավարությու՞նը, թե՞ Ադրբեջանի իշխանությունները»,- դիմելով Կախա Կալաձեին, հարցնում էր ընդդիմադիր պատգամավոր Գեորգի Գաբաշվիլին:

Իշխող «Վրացական երազանք»-ի ներկայացուցիչներն այսօր ակտիվորեն պաշտպանում էին Կալաձեին ընդդիմության հարձակումներից: Այս առումով աչքի ընկավ հատկապես Իոսիֆ Ստալինի հասցեին պարբերաբար հրապարակային գովեստներ հնչեցնող գործարար պատգամավոր Գոգի Թոփաձեն: «Գազպրոմ»-ից հավելյալ գազ ստանալու նպատակով անցկացված բանակցությունները քաղաքականացվել են: Ոմանք հայտարարում են, թե Ռուսաստանը մեր տարածքները գրավել է, այդ իսկ պատճառով նրանից գազ գնել չի կարելի: Այդ դեպքում ինչո՞ւ ենք Ռուսաստան գինի կամ բանջարեղեն արտահանում: Նույն տրամաբանությամբ՝ Թուրքիայի հետ ևս չի կարելի առևտուր անել: Ինչ է, Թուրքիայում մե՞ր հողերը չեն», - դիմելով ընդդիմադիրներին՝ հարցնում էր իշխող ուժը ներկայացնող պատգամավորը:

Ամփոփելով վրացական խորհրդարանում այսօր կայացած լսումները, կարելի է արձանագրել՝ Վրաստանի կառավարությունը և անձամբ Կախա Կալաձեն արեցին ամեն ինչ՝ մի քանի ամիս շարունակված բանակցություները որպես իրենց դիվանագիտական հաջողություն ներկայացնելու համար: «Ադրբեջանն ի վերջո համաձայնեց ավելացնել Վրաստան մատակարարվող գազի ծավալը, իսկ «Գազպրոմ»-ի փորձերը` փոխել Հայաստան մատակարարվող գազի տարանցման վճարումների ձևը` վառելիքի փոխարեն գումար տրամադրելով, անհաջողության մատնվեցին»,- հայտարարել է Կախա Կալաձեն՝ հավելելով․ - «Մենք որպես տարանցման վճար շարունակելու ենք ստանալ Հայաստան մատակարարվող գազի 10 տոկոսը: Պայմանագիրը դեռ ստորագրված չէ, բայց այդ առթիվ բանավոր համաձայնությունն արդեն իսկ կայացվել է: Կարծում եմ, որ մոտ ապագայում համաձայնագիրը կստորագրվի»:

XS
SM
MD
LG